15.03.2019 16:33

Գրետա Թունբերգն առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի

Գրետա Թունբերգն առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի

16-ամյա Գրետա Թունբերգին առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի: Շվեդ ակտիվիստուհին հայտնի է դարձել այն քաղաքական գործիչների խիստ քննադատությամբ, որոնց, նրա կարծիքով՝ քիչ է մտահոգում մեր մոլորակի ապագան:

Առաջին անգամ Գրետան հանրության ուշադրությանն էր արժանացել 2018 թ. օգոստոսին, երբ ցույց էր կազմակերպել Շվեդիայի խորհրդարանի մոտ: Ամեն ուրբաթ նա կանգնում էր խորհրդարանի շենքի առաջ և քաղաքական գործիչներին կոչ անում սկսել կատարել Կլիմայի վերաբերյալ Փարիզյան պայմանագրի պայմանները: Նա նույնիսկ հայտարարել էր, թե դպրոց չի հաճախի այնքան ժամանակ, քանի դեռ Շվեդիայի իշխանությունները տեղի չեն տվել:

Արդյունքում՝ ակտիվիստուհուն հրավիրել են ելույթ ունենալու ՄԱԿ-ի հովանու ներքո Կլիմայի հարցերով միջազգային համաժողովում և ամբիոն են տրամադրել Դավոսում, որտեղ Գրետան դարձել էր նորությունների ամենագլխավոր հերոսը՝ ստվերելով հզոր տերությունների առաջնորդներից ոմանց:

«Դա մեծ պատիվ է ինձ համար, թեև՝ մի քիչ էլ տարօրինակ է»,- այսպես է Գրետան մեկնաբանել իր թեկնածությունը որպես Խաղաղության Նոբելյան մրցանակի հավակնորդ ներկայացնելու մասին լուրը:

Փոխանցում է euronews-ը: