18.03.2019 11:37

ԶԼՄ. Բեռլուսկոնիի գործով վկայի մահը վրա է հասել ռադիոակտիվ նյութով թունավորման արդյունքում

ԶԼՄ. Բեռլուսկոնիի գործով վկայի մահը վրա է հասել ռադիոակտիվ նյութով թունավորման արդյունքում

Մարոկկացի մոդել և պարուհի Իման Ֆադիլը, որը որպես վկա էր անցնում Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի դեմ գործով, հնարավոր է՝ մահացել է ռադիոակտիվ նյութերի խառնուրդով թունավորվելու պատճառով, գրում են իտալական զանգվածային լրատվամիջոցները:

34-ամյա Իման Ֆադիլը մահացել է մարտի 1-ին Միլանի հիվանդանոցներից մեկում, որտեղ նրան որովայնի սուր ցավերով տեղափոխել էին մեկ ամիս առաջ: Աղջիկը հիվանդանոցում իր եղբորն ու փաստաբաններին ասել էր, որ իրեն թունավորել են:

Իտալական Corriere della Sera թերթը հաղորդել է, որ Միլանի հիվանդանոցը հետազոտության համար նմուշներ է ուղարկել հատուկ լաբորատորիա, որի արդյունքները վկայում են ռադիոակտիվ նյութերի, այդ թվում՝ կոբալտի առկայությունը:

2013 թ. Բեռլուսկոնին մեղավոր էր ճանաչվել և դատապարտվել յոթ տարվա ազատազրկման՝ անչափահաս մարմնավաճառի ծառայություններից օգտվելու գործով (այսպես կոչված՝ «Ռուբիի գործով»), սակայն 2014 թ. վճռաբեկ դատարանը արդարացրել էր նրան՝ անբավարար ապացույցների և հանցակազմի բացակայության հիմնավորմամբ: Սակայն Բեռլուսկոնիի դեմ հարուցվել էին այլ մեղադրանքներ ևս, այդ թվում՝ վկաներին կաշառելու մեղադրանք:  Ինչպես նշում է Times-ը, Ֆադիլը պետք է ցուցմունք տար դատարանում, որ Իտալիայի նախկին վարչապետը մեծ փողեր է ծախսել այն կանանց լռության դիմաց, ովքեր մասնակցել են Միլանի մերձակայքում Բեռլուսկոնիի վիլլայում կազմակերպվող էրոտիկ երեկույթներին: Իտալական մամուլը գրում է, որ Ֆադիլը բազմիցս եղել էր այդ երեկույթներում և դրա մասին գիրք էր գրել:

Մոդելի մահվանից հետո քննիչներն առգրավել են գրքի ձեռագիրը:

Փոխանցում է BBC-ն: