18.03.2019 14:58

Նոր Զելանդիայում կատարված կոտորածի համար մեղադրվողը միայնակ է գործել

Նոր Զելանդիայում կատարված կոտորածի համար մեղադրվողը միայնակ է գործել

Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքի մզկիթում հարձակման մեջ մեղադրվող տղամարդը միայնակ է գործել, տվյալ պահին այդ կարծիքի է ոստիկանությունը: Մյուս երեքը՝ ևս երկու տղամարդ և մի կին, որոնք ձերբակալվել են նախօրեին՝ 50 մարդու կյանք խլած հարձակմանն առնչություն ունենալու կասկածանքով, ըստ ոստիկանության՝ կապ չունեն դրա հետ:

Նոր Զելանդիայի ոստիկանության կոմիսար Մայք Բուշը, սակայն, վերապահություն է արել՝ ասելով, թե վերջնական եզրակացությունը՝ արդյո՞ք ուրիշ մարդիկ էլ են մասնակցել հարձակման, հնարավոր է անել ավելի ուշ: Առայժմ կա ընդամենը մեկ մեղադրյալ:

Նախորդ օրը 28-ամյա կասկածյալը՝ Ավստրալիայի քաղաքացի Բրենթոն Թարանթը, որն ինքն իրեն ռասիստ է համարում, դատարան է բերվել բանտային սպիտակ համազգեստով և ձեռնաշղթաներով և ժպտացել տեսախցիկների առաջ: Դատարանը արգելել է հրապարակել նրա լուսանկարը՝ պահպանելու համար արդարացի դատավարության նրա իրավունքը:

Ավստրալացին ուրբաթ օրը երկու մզկիթների վրա հարձակման ուղիղ ինտերնետ միացում է իրականացրել: Նա տեսագրել է, թե ինչպես է կրակում կանանց ու երեխաների վրա մոտ տարածությունից:

Նախքան հարձակումը Թարանթը հրապարակել էր 37 էջանոց մանիֆեստ՝ «Մեծ փոխարինում», որում զարգացնում է «սպիտակ գենոցիդի» գաղափարը:

Փոխանցում է BBC-ն: