18.03.2019 15:55

NYT. Սաուդյան Արաբիայի թագաժառանգը հրամայել է առևանգել այլախոհներին

NYT. Սաուդյան Արաբիայի թագաժառանգը հրամայել է առևանգել այլախոհներին

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը լրագրող Ջամալ Հաշոգիի սպանությունից մոտավորապես մեկ տարի առաջ սկսել է այլախոհությունը ճնշելու գործընթաց, որը, մասնավորապես, ենթադրել է թագավորության հպատակների հետապնդում, առևանգում և խոշտանգումներ: Այդ մասին ասվումէ The New York Times-ում կիրակի հրապարակված հոդվածում:

Պարբերականը նշում է, որ այդ տեղեկությունը հաստատել են աղբյուրները ամերիկյան պաշտոնական անձանց շրջանում, որոնք ծանոթացել են ԱՄՆ հետախուզական ծառայությունների նյութերին, ինչպես նաև՝ սաուդցիները, որոնք տեղյակ են իշխանությունների գործողություններին: Ինչպես նշվում է հոդվածում՝ դրանում ակտիվ դերակատարում են ունեցել նաև այն անձինք, ովքեր պատասխանատու են Հաշոգիի սպանության համար: Նրանք 2017 թ. մասնակցել են առնվազն տասը նմանատիպ գործողությունների:

Աղբյուրների տվյալներով՝ «այդ գործողություններից մի քանիսը արաբական ուրիշ երկրներից սաուդցիների հարկադիր վերադարձն է եղել, նրանց պահել են և բռնությունների ենթարկել թագաժառանգի հորը՝ Սալման թագավորին պատկանող պալատներում»: Հրապարակման մեջ ասվում է, որ Հաշոգիի սպանությունից հետո թագավորության հետախուզության աշխատակիցները պարբերաբար հրամաններ են ստանում «այլախոհներին վերադարձնել հայրենիք»: Սակայն նշվում է, որ «ԱՄՆ հետախուզական ծառայությունները, ըստ երևույթին, անհերքելի ապացույցներ չունեն, որ թագաժառանգ Մուհամեդը սպանությունների հրամաններ է տվել»: Միևնույն ժամանակ՝ ԱՄՆ հատուկ ծառայությունները պարզել են, որ թագաժառանգը հրամայել է գործողություններ իրականացնել՝ այլախոհությունը ճնշելու նպատակով:

Ավելի վաղ ամերիկյան զանգվածային լրատվամիջոցները տեղեկացրել են, որ ԿՀՎ-ի գնահատականների համաձայն՝ Հաշոգիին սպանելու հրամանն արձակել է հենց սաուդյան թագաժառանգը:

Փոխանցում է tass.ru-ն: