18.03.2019 17:47

Սերբիայում ցուցարարները շրջափակել են երկրի նախագահի նստավայրը

Սերբիայում ցուցարարները շրջափակել են երկրի նախագահի նստավայրը

Սերբիայի ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել բազմահազարանոց ցույցը ցրելու համար, որի մասնակիցները շրջափակել են Բելգրադում երկրի նախագահ Ալեքսանդր Վուչիչի նստավայրը:

ԶԼՄ-ների անկախությունը և ազատ ընտրություններ պահանջող ցուցարարները վանկարկել են՝ «Հեռացի՛ր»: Լսվել է նաև «Նրա երգը երգված է» կարգախոսը, որով 2000 թ. հոկտեմբերին ընդդիմադիր շարժման մասնակիցները տապալեցին Սերբիայի այն ժամանակվա ղեկավար Սլոբոդան Միլոշևիչին: 2001 թ. Միլոշևիչին տեղափոխեցին Հաագա, որտեղ նա կանգնեց նախկին Հարավսլավիայի գործով Միջազգային քրեական դատարանի առջև՝ ռազմական հանցագործությունների մեղադրանքով: 2006 թ., այդպես էլ չհասնելով դատավարության ավարտին,Միլոշևիչը մեռած հայտնաբերվեց իր բանտախցում:

Նախագահ Վուչիչը, մեկնաբանելով բողոքի ակցիաները, հայտարարել է, թե չի վախենում ցուցարարներից և մտադիր չէ տեղի տալ նրանց ճնշումների առաջ:

Թեպետ սերբական ընդդիմության ակցիաները հիմնական խաղաղ բնույթ են կրում, շաբաթ օրը ամբոխը փորձել է գրոհել պետական հեռուստատեսության շենքը:

Վուչիչն այժմ խոստացել է Սերբիան տանել Եվրամիություն, թեև նախկինում նա ազգայնական հայացքներ էր դավանում:

Փոխանցում է BBC-ն: