18.03.2019 18:03

Լիզա Ճաղարյան. «Որ մենք հերոս...»

Լիզա Ճաղարյան. «Որ մենք հերոս...»

«Բոլորի», «ողջ ժողովրդի» անունից քաղաքական խմբերի ու խմբակների, նույնիսկ «մարդ-կուսակցությունների  ժամանակ առ ժամանակ հնչող ահեղադղորդ հայտարարություններին ընտելացել ենք վաղուց ի վեր։

Աշխարհիս կարգն է։ Ավելի ճիշտ՝ քաղաքական աշխարհիս կարգն է։

Որոշ քաղաքական ուժեր հավատում են իրենց ասածին, ոմանք՝ պարզապես ուզում են հիշեցնել իրենց աղակալած գոյության մասին, ոմանք էլ ինչ-ինչ չարչիական նպատակներով պարզապես ջուր են պղտորում կամ պղտոր ջրում ձուկ են որսում։ Հանրության արձագանքն էլ գրեթե միշտ համարժեք է լինում։ Կամ՝ հայտարարությունն ընդունում են ի գիտություն, կամ՝ ներողամտորեն ժպտում են, կամ՝ հեգնում են։

Ծռերի այսօրվա հայտարարությունը թվարկվածներից ո՞ր մեկի «դրոշի տակ» կարելի է խցկել։

Միանգամից ասեմ՝ ոչ մեկի։

Ծռերը խոսում են «ողջ արցախահայության» անունից։

Ըստ Ժիրայր Սեֆիլյանի՝ Արցախը Հայաստանին միացնելու «փաստաթղթավորումը» ողջ արցախահայության ցանկությունն է։

Ես չգիտեմ, թե Ծռերն ինչ կախարդական փայտիկով են պարզել ողջ արցախահայության ցանկությունը։ Հիշողությունս դեռ չի դավաճանում ինձ, եւ ես չեմ հիշում, որ Ծռերը կամ որեւէ այլ ուժ, կամ՝ իշխանությունը, այս հարցադրմամբ հանրաքվե անցկացրած լինեն Արցախում։ Չեմ հիշում նաեւ, որ 88-ականների շրջանից բացի՝ Արցախում բազմահազարանոց ցույցեր եղած լինեն, որտեղ ցուցարարները դիմեին Արցախի եւ Հայաստանի իշխանություններին՝ հայ ժողովրդի այս երկու հատվածների միացման մասին պաշտոնապես հայտարարելու պահանջով։ Եվ հետագայում Արցախը Հայաստանին միացնելու պահանջից հրաժարումն ամենեւին չէր նշանակում, որ արցախցիներն այլեւս նման ցանկություն չունեն. քաղաքականությունից կատարելապես բոբիկն անգամ հասկանում է, որ այդ «նահանջը» պայմանավորված է միայն եւ միայն Արցախի ապագայի եւ խնդիրն առավել չբարդացնելու մտահոգությամբ։  

Այս պահանջը երբեմն-երբեմն հնչել է որեւէ կուսակցական խմբակի կամ անհատի շուրթերից, եւ ոչ մեկս չենք նկատել արցախահայության բուռն ոգեւորությունը նման հայտարարություններից հետո։

Թե ինչ է շահելու Արցախն այդ «փաստաթղթավորումից», ոչ ոք չգիտի, չգիտեն նաեւ նման ճռճռան հայտարարությունների հեղինակները։

Թե ինչ խնդիրներ կարող են ծագել դրանից հետո, ինչ հետեւանքներ կարող է ունենալ այդ սնամեջ արկածախնդրությունը, շատ իմաստուն պետք չէ լինել՝ գիտակցելու համար։

Եվ թե ինչու են Արցախն ու Հայաստանը ձեռնպահ մնում այս հարցում, մեկ անգամ չէ, որ քաղաքական եւ պետական գործիչները բարձրաձայնել են ծանրակշիռ փաստարկներով, ոչ թե շաքարակալած բաժակաճառերով։

Բայց սա էլ՝ հեչ։

Եթե հետեւենք Ծռերի եւ Հայաստանի քաղաքացի Ժիրայր Սեֆիլյանի «երկաթյա» տրամաբանությանը, ստացվում է՝ «ողջ արցախահայությունը» երեսուն տարի լուռումունջ համակերպվել է ներկա կարգավիճակին, որովհետեւ աչքը ջուր կտրած սպասել է, թե ե՛րբ են վերջապես Ծռերն այդ պահանջով հանդես գալու։

Իրոք որ. առանց Ծռերի աջակցության՝ «ողջ արցախահայության» ռի՞սկը որն է, որ համարձակվեն Արցախի ու Հայաստանի միացման հարց բարձրաձայնել։

Գիտենք, տեսել ենք ու տեսնում ենք, որ Ծռերի գրեթե բոլոր քայլերից արկածախնդրության վտանգավոր հոտ է փչում, բայց երբ այդ արկածախնդրության շորշոփները փորձում են տարածել նաեւ մշտապես պատերազմի շեմին կանգնած Արցախում, այս դեպքում դժվար է այս ուժի հայտարարություններին արձագանքել ժպիտով կամ հեգնանքով։

«Հերոսի սինդրոմի» ձեռն իրենք էլ են կրակն ընկել, մենք էլ։