Էրդողանի հանրահավաքներում ցուցադրվում են Քրայսթչերչի հարձակման տեսագրությունները

Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքի մզկիթում զինված տղամարդու հարձակման և աղոթող մարդկանց վրա կրակելու ցնցող կադրերն ամենուրեք հեռացվել են սոցցանցերից և քննադատվել աշխարհի հանրության կողմից:
Սակայն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ոչ մի պախարակելի բան չի տեսնում մարտի վերջին Թուրքիայում կայանալիք մունիցիպալ ընտրություններից առաջ ընտրողների հետ հանդիպումների ժամանակ այդ սոսկալի տեսագրությունները ցուցադրելու մեջ :
Կիրակի օրը երկրի նախագահը Թեկիրդաղ քաղաքում ելույթ է ունեցել իր կողմնակիցների հանրահավաքում: Նրա ելույթի ժամանակ հսկայական էկրանի վրա հայտնվել են մզկիթում զանգվածային սպանդի կադրերը: Դրանից հետո Էրդողանն ասել է. «Աշխարհի բոլոր առաջնորդներն ու կազմակերպությունները, սկսած ՄԱԿ-ից, սա դիտարկում են որպես հարձակում իսլամի և մուսուլմանների վրա: Բայց նրանք չեն ասում՝ «Սա քրիստոնյա ահաբեկիչ է»: Եթե նա մուսուլման լիներ, անպայման կասեին՝ իսլամական ահաբեկիչ»:
Էրդողանը նաև նշել է, որ հարձակման մեջ մեղադրվող էքստրեմիստը համացանցում հրապարակել է իր մանիֆեստը, որում, ի թիվս այլոց, հիշատակվում են նաև Թուրքիան և Ստամբուլի հանրահայտ՝ սուրբ Սոֆյայի տաճարը: Էրդողանն ասել է, որ մարդասպանը երկու անգամ այցելել է Թուրքիա 2016 թ. և երկրում անցկացրել է, ընդհանուր առմամբ՝ 40 օր: Նրա խոսքով՝ այժմ պարզվումէ, թե ինչով է նա զբաղվել այդ ընթացքում և ում հետ է հանդիպել:
Փոխանցում է BBC-ն: