19.03.2019 12:34

Արսեն Գրիգորյան. Հակահեղափոխության հերոսները

Արսեն Գրիգորյան. Հակահեղափոխության հերոսները

Իշխանությունը տագնապի զգացողություն չունի: Դա հասկանալի է: Ուժեղ լեգիտիմությունը դեռ բավարար միջավայր է ապահովում հակահեղափոխական ցանկացած վիրուսի դեմն առնելու համար:

Հասկանալի է նաեւ, որ հակահեղափոխությունն առայժմ այլ զենք չունի, քան մամուլը: Դա էլ, իհարկե, քիչ է օգնում: Կան նույնիսկ կասկածներ, որ շուտով Քոչարյանն ինքը կհասկանա, որ եթե նույնիսկ «Հայկական ժամանակն» էլ գնի իր անձնակազմով, միեւնույն է, քաղաքականություն վերադառնալու որեւէ հնարավորություն չկա: Սակայն սա չի նշանակում, թե խնդիր չկա: Դիցուք, Ժիրայր Սեֆիլյանը: Որեւէ «ազգապահպան մտահղացում»՝ ու չգիտես գլուխդ ո՞ր պատով տաս, որ ինքն այլեւս չմտածի: Կարծես թե կարգին օգտվեց հեղափոխությունից, կարծես թե նույնիսկ քաղաքացի դարձավ, այսինքն՝ ձեւակերպվեց նրա առաջնային արժեքը՝ պետությունը: Բայց, ոչ, մարդն ուզում է Արցախում ստորագրահավաք սկսել այդ հողը Հայաստանին միացնելու պահանջով:

Որքան էլ տարօրինակ է, անհասկանալի էր Օպերայի սրճարանների քանդմանն անպատրաստ գնալը: Ինքնին լավ բան արեցին: Նույնիսկ ճիշտ արեցին: Բայց աղմուկը կարող էր չլինել: Պարզապես պետք էր այդ սրճարանատերերի մոտ գնալ բոլոր էն ապօրինություններն ամփոփած փաստաթղթերով, որ քանդման պահին առկա են: Ու վերջ: Ոչ մեկի մտքով չէր անցնի ժողովուրդ հավաքել բուլդոզերի առաջ: Իրենք՝ սրճարանատերերը, առաջին պլանում չկան, ու ինչ-որ անհասկանալի դեմքեր են դիմադրում անխուսափելի գործողություններին:

Հաջորդը՝ հեղափոխությունից գրեթե 11 ամիս է անցել: Քաղաքացին չի ընկալում, թե ինչով են զբաղված հեղափոխության մյուս հերոսները: Նա ամեն ինչ ուզում է լսել վարչապետից, ամեն ինչ ուզում է ասել վարչապետին: Քաղաքացին դժվար է ընկալում մյուսներին: Ես չգիտեմ, թե, դիցուք՝ մարզերում ինչպես է ձեւավորվում խզումը, բայց ենթադրում եմ, որ մարդիկ դեռեւս չեն հասկանում, թե հեղափոխությունը ինչ է առաջարկում իրենց տնտեսական եւ սոցիալական իմաստով, բացատրող չկա: Հեղափոխության մեջ գաղափարաբանական տարրը աղքատիկ է: Ահա ինչու է ինչ-որ անկյունից ծլում Ժիրայր Սեֆիլյանը եւ ձեւակերպում մարտահրավերներ: Հակահեղափոխության հերոսները ծնվելու են գաղափարաբանական վակուումի մեջ, ոչ թե Քոչարյանի լրատվամիջոցների: Կրկնում եմ, քաղաքացին խնդիր ունի հասկանալու, թե, դիցուք, երբ իրեն ասում են՝ ինքը կարող է բիզնես սկսել, ինչպե՞ս է դա անելու:

Քաղաքացին այնքան գործեր ունի դատարաններում, հարկային մարմինների հետ, փողոցներում կարմիր գծերի հետ կապված, հարկադիր մարմիններում, սոցիալական ծառայություններում, հիվանդանոցներում: Բոլոր այդ խնդիրները նա թեպետ ժառանգել է նախկին իշխանություններից, բայց նորերի պարագայում չի հասկանում՝ ո՞րն է այն ճանապարհը, որով թոթափվելու է այդ խնդիրներից:

Հակահեղափոխության վիրուսը քնած է, բայց քնած է խնամքով: Ինչ-որ մի բան նրան պարարտացնում է հենց քնի մեջ: Եվ էդ պարարտացումը վաղը առավել կրքով ու բարձրաձայն է արվելու, ինչպես ժամանակին ընտրակաշառքներն ու աշխատանքից հեռացնելու սպառնալիքներն էին արվում բարձրաձայն: Մի օր քոչարյանականները ափաշկարա են գնելու մարդկանց, հենց հասկանան, որ հեղափոխությունն այն ներքին ամրությունը չունի, որը Քոչարյանին ընդմիշտ կպահի ճաղերի ներսում: Նրանք գիտեն ինչի են սպասում: Նրանք գաղտնալսում են, արհեստական թեմաներ են ստեղծում, դրանցով ոմանց «զբաղվածության» հարցն են լուծում, իսկ ի՞նչ է առաջարկում հեղափոխությունը նրանց, ովքեր չգիտեն, թե ինչ է սպասվում իրենց: