19.03.2019 15:21

Առաջին անգամ բարձրաձայնվում է պետական մակարդակով

Առաջին անգամ բարձրաձայնվում է պետական մակարդակով

Ի հեճուկս ՀՔԾ հորդորների, Մարտի 1-ի քրեական գործից որոշակի արտահոսքեր տեղի ունեցան, որոնցից մեկում ուշագրավ փաստ կա մարտիմեկյան իրադարձություններին՝ 0038 հրամանագրով բանակի օգտագործման առնչությամբ:

Մասնավորապես, «Ժողովուրդ» թերթի հրապարակած Սերժ Սարգսյանի հարցաքննության մեջ Սարգսյանին տրվող քննիչի հարցերից մեկը սա է. «Քննության ընթացքում, ինչպես արդեն նշվեց, փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ պաշտպանության նախարարի հույժ գաղտնի թիվ 0038 հրամանի վրա բոլոր բանակային կորպուսներից, այդ թվում նաեւ` Արցախի Հանրապետության պաշտպանական բանակից, համահավաք գումարտակներ են տեղափոխվել Երեւան, տեղակայվել մայրաքաղաքում եւ հարակից բնակավայրերում գտնվող զորամասերում, որտեղ վերջիններիս հետ ոստիկանության սպաները զորավարժություններ են անցկացրել ցուցարարների դեմ պայքարելու, ցույցը ցրելու, նրանց միջից ակտիվիստներին չեզոքացնելու շուրջ: Ի՞նչ կասեք այդ կապակցությամբ»:

Այս հարցին Սարգսյանը պատասխանում է. «Ես տեղյակ չեմ նման բաների մասին, լսում եմ առաջին անգամ»: 

Բայց այստեղ ամենաէականն ու ուշագրավը հարցի ձեւակերպումն է: Մասնավորապես, քննիչը պնդում է, որ «փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ պաշտպանության նախարարի հույժ գաղտնի թիվ 0038 հրամանի վրա բոլոր բանակային կորպուսներից, այդ թվում նաեւ` Արցախի Հանրապետության պաշտպանական բանակից…»:

Այսինքն, այն, ինչի մասին հանրությունը գիտեր, խոսում էր արդեն ավելի քան տասը տարի, որ զորք բերվել է ոչ միայն ոչ սահմանամերձ գոտուց, այլեւ հենց թեժ սահմանամերձ հատվածներից՝ այդ թվում Արցախից, առաջին անգամ բարձրաձայնվում է պետական մակարդակով:

Ընդ որում, ոչ միայն բարձրաձայնվում է, այլեւ հստակ նշվում է, որ արդեն իսկ «ձեռք են բերվել փաստական տվյալներ», այսինքն, ապացույցներ:

Այս հանգամանքը հերթական անգամ ապացուցում է, որ 2008 թվականին իշխանությունները՝ շահարկելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, հայտարարելով, թե իրենք ու հենց իրենք են միայն այդ հարցի իբրեւ թե միակ հայամետ լուծողը, իրենց քաղաքական իշխանության կյանքը երկարացնելու համար չեն խորշել անգամ հարվածել հենց Լեռնային Ղարաբաղի անվտանգությանը եւ ԼՂ հարցին՝ նաեւ այնտեղից Երեւանի կենտրոն տեղափոխելով զինված ուժեր:

iLur.am