20.03.2019 13:01

Նոր Զելանդիայի փոխվարչապետն Էրդողանի հետ անձամբ կքննարկի նրա ասածները

Նոր Զելանդիայի փոխվարչապետն Էրդողանի հետ անձամբ կքննարկի նրա ասածները

Նոր Զելանդիայի փոխվարչապետ Ունսթոն Փիթերսը մտադիր է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել վերջինիս կտրուկ արտահայտությունները հակաիսլամական հայացքներ ունեցող նորզելանդացիների և ավստրալացիների հասցեին, ինչը Թուրքիայի ղեկավարը թույլ է տվել երեքշաբթի: Այդ մասին տեղեկացրել է Newshub նորզելանդական լրատվական կայքը:

Կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի Էրեգլի քաղաքի հանրահավաքում, մեկնաբանելով Նոր Զելանդիայում վերջերս կատարված ահաբեկչական գործողությունը, Էրդողանը չափազանց վատ է արտահայտվել այն ավստրալացիների և նորզելանդացիների մասին, ովքեր դատապարտում են իսլամը: Նա ասել է, որ այդպիսի մարդիկ, ավելի լավ է՝ Թուրքիա չայցելեն, հակառակ դեպքում դա չափազանց տհաճ հետևանքներ կունենա: Իր հայտարարության մեջ Էրդողանը նաև հիշեցրել է  Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Չանաքկալեի ճակատամարտում (Գալիպոլիի մարտ)  ավստրալացի և նորզելանդացի զինվորականների մասնակցության մասին:

«Ես պատրաստվում եմ մոտ ժամանակներս մեկնել Թուրքիա և մտադիր եմ անձնական հանդիպման ժամանակ նախագահ Էրդողանի հետ քննարկել այդ հարցը, որպեսզի պարզություն մտցվի»,- նշել է Նոր Զելանդիայի ԱԳՆ ղեկավար և երկրի փոխվարչապետ Ուինսթոն Փիթերսը: Ըստ նրա՝ «նման արտահայտությունները վտանգում են երկու երկրների փոխհարաբերությունները և միանգամայն անարդար են Նոր Զելանդիայի հանդեպ, որը «օտարերկրացու գործողությունների արդյունքում տուժած կողմն է հանդիսանում»:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը պարզաբանումների համար կանչել է Թուրքիայի դեսպանին, քանի որ Թուրքիայի ղեկավարի խոսքերը վիրավորական է համարում:

Փոխանցում է tass.ru-ն: