20.03.2019 18:04

Լիզա Ճաղարյան. «Սեւ փողերի տոկոսը», կամ՝ լռությունը ոսկի չէ

Լիզա Ճաղարյան. «Սեւ փողերի տոկոսը», կամ՝ լռությունը ոսկի չէ

Հայաստանի հանրության ճնշող մեծամասնությանը ցնցել է Վահան Շիրխանյանի երեկ հրապարակված նամակն ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանին։

Չցնցվելն անհնար է. Շիրխանյանն ահավոր ճշմարտություններ է բացահայտում։ Սկսած՝ Քոչարյանի «թեթեւ» ձեռքով 1992 թվականին Լեռնային Ղարաբաղից Շահումյանի եւ Մարտակերտի շրջանների 35000 փախստականների վտարումից դեպի Հայաստան, 1998-ին նախագահակական ընտրությունների երկրորդ փուլում Կարեն Դեմիրճյանի հաղթանակի յուրացումը (ըստ Շիրխանյանի հրապարակած տվյալների՝ Դեմիրճյանը հաղթել է 73 տոկոս առավելությամբ), վերջացրած Մեղրին Ադրբեջանին հանձնելով Արցախի հարցի լուծումը «հորով-մորով» անելու քոչարյանական ստոր ու պետականադավ մտադրությամբ եւ Հոկտեմբերի 27-ին ու այդ սպանդին հաջորդած օրերին «ուչաստկովիի» անթրաշ նենգություններով։

Հանրության մի հատված էլ կա (բարեբախտաբար՝ փոքրիկ), որին չի հետաքրքրում, թե անցյալի ինչ զարհուրելի էջեր է բացում Վահան Շիրխանյանը։

Հայաստանից թալանված քոչարյանական միլիոնների «համուհոտից» հարբած, երբեմն նաեւ կատաղության ակնհայտ ախտանշաններն ի ցույց դնող, ցանկացած սրբություն պղծելու կազմուպատրաստ՝ իրենք իրենց ԶԼՄ-ներ ու լրագրողներ հորջորջողներն ու ֆեյքախառն վարձկանները (ըստ շատ հավաստի լուրերի՝ էս վերջինների եղկելի գործունեության համար նույնիսկ հատուկ «աշխատասենյակներ» կան վարձակալած) զբաղված են նամակի հեղինակի կերպարի կատաղի «դիմակազերծմամբ»։ Իրենց կարճ խելքով՝ եթե հանկարծ պարզվի, որ Շիրխանյանը հենց իրենց նկարագրած մարդն է, ապա դրանից Քոչարյան Ռոբերտի հայրենադավ քայլերի ու մտադրությունների բացահայտումն իմաստազրկվելու է։ Կամ՝ «դիմակազերծված» Շիրխանյանի ֆոնին ամբաստանյալ Քոչարյանը լուսապսակով է ներկայանալու հանրությանը։

 Խղճուկ, ճիվաղային աճպարարություն է։

Բայց սա ամենեւին չի նշանակում, որ պետք է բավարարվել ձեռքն արհամարհանքով թափ տալով ու հեգնելով։

Կարծում եմ, ոչ ոք չի կասկածում, որ քոչարյանական իշխանության տարիներին միայն Վահան Շիրխանյանը չէր քաջատեղյակ, թե ինչ էր կատարվում քաղաքական կուլիսներում, եւ այս անբարո, մոլագարության հասնող ջղակծկումներով հարձակումներին դեմհանդիման նրան մենակ թողնելը, մեղմ ասած, ճիշտ չէ։

Ճիշտ չէ ոչ միայն զուտ մարդկային, բարոյական առումով։ Էլ ե՞րբ, եթե ոչ հիմա պետք է սկսեն խոսել Վազգեն Սարգսյանի մերձավոր զինակիցները, աշխատանքի բերումով նրա հետ գրեթե ամեն օր շփվողները (Անդրանիկ Քոչարյան, Վաղարշակ Հարությունյան, Սուրեն Աբրահամյան, Աշոտ Մանուչարյան, Դավիթ Մաթևոսյան, Տիգրան Հակոբյան, Գագիկ Գևորգյան և այլք):

Էլ ուրիշ ի՞նչ կերպ է հնարավոր կասեցնել լկտի ու պիղծ չարչիների խաչակրաց արշավանքը՝ ոտքի կանգնելու ճանապարհը բռնած Հայաստան պետության եւ ողնաշարը կամաց-կամաց ուղղող հանրության դեմ։

Պարզ է, չէ՞, որ միակ ճանապարհը ճշմարտության լիակատար բացահայտումն է։

Ավելին. կեղտոտ ու արյունոտ փողի միջոցով ինչ-ինչ պետականակործան հաջողությունների հասնելու հնարավորության բացառումն աններելի միամտություն է։ Հենց այդ «սեւ փողերի» միջոցով ռոբասերժական խունտային հաջողվեց Հայաստանի հասարակությանը ճորտի կարգավիճակում պահել քսան տարի շարունակ։

Հո չե՞ք մոռացել։