20.03.2019 18:39

Ըստ Քոչարյանի փաստաբանի՝ 2008-ի մարտին ՊՆ-ն «սոված» է թողել Երևան բերված զինծառայողներին

Օրերս՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը երկարացնելու հարցով տեղի ունեցած դատական նիստից հետո վերջինիս պաշտպաններից մեկը՝ Ռուբեն Սահակյանը, ուշագրավ հայտարարություն է արել:

Մասնավորապես, Սահակյանը անդրադարձել է դեռևս 2018 թվականի սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հայտարարություններից մեկին: Հիշեցնենք, որ այդ օրը Խաչատրյանը հայտարարել էր.

«Ամենախայտառակ բանը, որ արել են բանակի հետ,  նախկին պաշտոնյաների կողմից մեր բանակի զինվորներին վարձկաններ սարքելն է: Արդեն իսկ քրեական գործով հիմնավորվել է, և ես հիմա այդ փաստն ապացուցող փաստաթղթեր կներկայացնեմ, ընդ որում՝ բնօրինակներ, որ օլիգարխների կողմից այդ ընթացքում՝ 2008 թ. փետրվարի 23-ից հետո մինչև մարտի 7-8-ը ընկած ժամանակահատվածը, բանակի զինվորներին բաժանվել են գումարներ նրա համար, որպեսզի նրանք պաշտպանեն իրենց, իրենց ունեցվածքը, իրենց քաղաքական նկրտումները: … Գումարները հանվել են օլիգարխների, բարձրաստիճան պաշտոնյաների հաշիվներից, որոնք կհրապարակենք հետագայում»:

Խաչատրյանի ահա այս հայտարարությանն անդրադառնալով՝ Սահակյանը նախ հայտարարել է, թե «նման հայտարարություն կարող է անել մարդը, որը նենգափոխում է փաստերը», ապա բառացիորեն հավելել է. «Մարդիկ կտրվել են իրենց տներից և եկել են Երևան, գրպաններում ոչինչ չունեն, անգամ մածուն գնելու փող չունեն, մարդիկ բացատրում են, ասում են՝ մենք ստացել ենք գումար, օգտագործել ենք մեր կարիքների համար, ինչու ոչ՝ նաև ուղարկել են տուն»: 

Լրագրողի ճշտող հարցին՝ թե նրանք «գումարը միայն ա՞յդ ամիս են ստացել», Սահակյանը պատասխանել է՝ այո:

Նախ, Սահակյանը փաստացի հաստատում է գումար ստանալու փաստը: Կարող էր, իհարկե, հերքել: Բայց եթե չի հերքում, նշանակում է, որ նախաքննության ընթացքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել այդ գումարի կապակցությամբ:

Ապա, հաստատելով, Սահակյանը փորձում է ինչ-որ վարկած առաջ բերել՝ իր պաշտպանյալին արդարացնելու համար, որպեսզի ցույց տա, թե իբր ապացուցված այդ տեղեկությունը կարևոր բան չէ, կամ՝ սովորական բան է:

Բայց պարոն Սահակյանն այս հարցում այնքան է ոգևորվել, որ հաստատելով ՀՔԾ պետի հայտարարությունը՝ ըստ էության փաստացի մեղադրել է իր պաշտպանյալ Քոչարյանին և նրա իշխանությանը և մասնավորապես ՊՆ-ին՝ 2008 թվականի մարտին ապօրինի արտակարգ դրության պայմաններում իրենց պարտականությունը չկատարելու, մասնավորապես՝ զինծառայողներին, իր բառերով ասած, «սոված պահելու» համար:

Ամբողջ խնդիրն այն է, որ սովորական օրերին զինծառայողների (պայմանագրայիններ, սպաներ) պարագայում պետությունը հոգում է հագուստի խնդիրը, իսկ սննդի և տեղափոխման հարցերը հոգում են զինծառայողները, որոնք պետությունից ստանում են աշխատավարձ: Դա կարգավորվում է և՛ օրենքներով, և՛ ներքին կանոնադրությամբ: 

Սակայն, նման իրավիճակներում (մարտական հերթապահություն, զորավարժություններ, գործուղումներ) իրենց հիմնական տեղակայման վայրերից դուրս տեղակայվելու դեպքում զինծառայողների սննդի հարցը լուծվում է նրանց համար պարենային բավարարման նշանակումով։ Այսինքն՝ նրանք պարենի և մատակարարման ստորաբաժանումներից ստանում են իրենց հասանելիք սնունդը, իսկ եթե ամբողջությամբ չեն ստանում, ապա իրենց մատակարարվում է ըստ տեղակայման, այսինքն՝ զինվորներն ու սպաներն իրե՛նք չեն հոգում իրենց սննդի հոգսերը: Նման ձևով, եթե զինծառայողը իր մշտական տեղակայման վայրից դուրս է եկել և գնացել որևէ խնդիր կատարելու, պետությունը հոգում է նաև տեղափոխման՝ տրանսպորտի և կեցության հարցերը թեկուզ այլ զորամաս տանելով, թեկուզ՝ վրաններով ապահովելով:

Ինչ վերաբերում է ընտանիքներին ուղարկված գումարին, ապա Սահակյանի այս պնդումը ևս անհասկանալի է, քանի որ եթե զինծառայողը հրամանով դուրս է գալիս զորամասից՝ ինչ-որ խնդիր կատարելու, նա ոչ միայն պետք է ապահովված լինի վերոնշյալ ամեն ինչով, այլև՝ նա չի զրկվում աշխատավարձից, միևնույն է՝ ստանում է իր աշխատավարձը: Այսինքն, 2008 թվականի մարտի 1-ին ապօրինաբար հայտարարված արտակարգ դրության ժամանակ Երևան եկած զինծառայողները չպետք է ունենային ոչ սննդի, ոչ կեցության, ոչ էլ՝ աշխատավարձի խնդիր. պետությունն այս ամենը պետք է ապահոված լիներ նրանց համար: Ամեն դեպքում, այս ամենը օլիգարխները չէ, որ պետք է ապահովեին, ինչին ի պատասխան Ռ. Քոչարյանի պաշտպանները որևէ մեկնաբանություն չեն արել։

Այսինքն, կամ Ռուբեն Սահակյանը ստում է՝ պնդելով, թե զինծառայողները սննդի խնդիր են ունեցել (ինչով փորձել է արդարացնել այլ գումար ստանալու հանգամանքը), կամ՝ Ռուբեն Սահակյանն իր պաշտպանյալ Ռոբերտ Քոչարյանի իշխանության ժամանակվա պաշտպանության նախարարությանը կոռուպցիոն լուրջ մեղադրանք է ներկայացնում։ Եթե պետությունը պարտավոր է խնդիր կատարող զինծառայողներին ապահովել սննդով, սակայն, պարոն Սահակյանի պնդմամբ, դա չի արել, ապա հարց է ծագում՝ 2008 թվականի ապօրինի արտակարգ դրության ժամանակ պաշտպանության նախարարությունը ի՞նչ է արել սննդի համար նախատեսված գումարը:

Հ.Գ. Հուսանք՝ պաշտպանության նախարարությունը կարձագանքի Ռուբեն Սահակյանի այս հայտարարությանը և կպարզաբանի, թե արդյո՞ք արտակարգ դրության ժամանակ Երևանում գտնված զինծառայողները պետության կողմից ապահովված են եղել սննդով, թե՞ ոչ:

iLur.am