21.03.2019 12:01

Իտալիայում վարորդն առևանգել է դպրոցական ավտոբուսը և այրել այն

Իտալիայում վարորդն առևանգել է դպրոցական ավտոբուսը և այրել այն

Միլանի արվարձանում վարորդը փախցրել է դպրոցական ավտոբուսը, որում 50-ից ավելի երեխա կար, խոյահարել ոստիկանական մի քանի մեքենաներ, իսկ հետո հրկիզել այն՝ երեխաներն էլ մեջը: Նրանցից մի քանիսին նա դրանից առաջ կապկպել է:

Իտալական ոստիկանության տվյալներով՝ ավտոբուսը հրկիզելուց առաջ վարորդը երեխաներին ասել է. «Ոչ ոք չի փրկվելու»:

Սակայն, բարեբախտաբար, զոհեր չկան: Երեխաները կարողացել են դուրս գալ ավտոբուսից պատուհաններով, որոնց ապակիները կոտրել է տեղ հասած ոստիկանությունը: Վերջինիս տվյալներով՝ միջադեպի արդյունքում 14 երեխա թունավորվել է ծխից, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Վարորդը ձերբակալվել է: Դա 47-ամյա իտալացի է՝ սենեգալյան ծագումով: Ուսուցիչը, որ երեխաների հետ եղել է ավտոբուսում, լրագրողներին ասել է, որ վարորդը հաճախ էր դժգոհում Իտալիայի միգրացիոն քաղաքականությունից:

Փոխանցում է BBC-ն: