21.03.2019 14:05

Ապրիլի վերջին շաբաթ օրը՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր»

Ապրիլի վերջին շաբաթ օրը՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր»

Կառավարության այսօրվա որոշմամբ, ապրիլի վերջին շաբաթ օրը նշվելու է որպես «Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր»: «Ազատության» փոխանցմամբ, այն դեպքում, երբ մայիսի 1-ը կհամընկնի շաբաթ օրվա հետ, ապա Քաղաքացու օր կնշվի ապրիլի վերջին կիրակի օրը:

Որոշման նախագիծը նախապատրաստել է Արդարադատության նախարարությունը։

«Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2018 թվականի ապրիլին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած աննախադեպ քաղաքական իրավիճակով: Ստեղծված բազմաթիվ սոցիալ-տնտեսական, իրավական և քաղաքական բնույթի խնդիրների շուտափույթ լուծման անհրաժեշտությամբ օրեր շարունակ հազարավոր քաղաքացիներ ցույցերի և երթերի ձևով իրենց պահանջներն էին ներկայացնում իշխանություններին: Տեղի ունեցող ոչ բռնի խաղաղ գործողություններով ուղեկցված բողոքի ցույցերը, հանրահավաքները ընդգրկել էին մայրաքաղաք Երևանը, մարզերի քաղաքներն ու գյուղերը, ինչպես նաև միջպետական և միջքաղաքային ավտոճանապարհները և քաղաքացիների համակարգային փոփոխությունների, որակական, խորքային բարեփոխումների հանրային պահանջի վկայությունն էին: Համաժողովրդական շարժման արդյունքներից մեկը եղավ վարչապետի հրաժարականը և համաժողովրդական շարժման հաղթանակը: Առաջարկվող կարգավորումը հնարավորություն կընձեռնի հայոց պատմության մեջ նոր էջ բացած Հայաստանի Հանրապետության հազարավոր քաղաքացիների կողմից իրականացված համաժողովրդական շարժման առիթով սահմանելու Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր»,- նշված է «Տոների և հիշատակի օրերի մասին օրենքում» լրացում կատարելու մասին Կառավարության այսօրվա որոշման հիմնավորման մեջ։