21.03.2019 14:50

Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարը բացառել է Սաակաշվիլիի վերադարձը

Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարը բացառել է Սաակաշվիլիի վերադարձը

Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովը բացառել է Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի վերադարձը երկիր՝ մարտի 31-ին կայանալիք նախագահական ընտրությունների առաջին փուլից հետո:

«Միխեիլ Սաակաշվիլին նույնիսկ ինքնաթիռ չի բարձրանա, նրան թույլ չեն տա: Որովհետև նրա մուտքն Ուկրաինա արգելված է»,- ասել է Ավակովը հեռուստատեսության եթերում:

Պետական սահմանապահ ծառայության խոսնակ Օլեգ Սլոբոդյանը նույնպես ավելի վաղ հայտարարել է, որ ուկրաինացի սահմանապահները Սաակաշվիլիին թույլ չեն տա ապրիլի 1-ին՝ նախագահական  ընտրությունների հաջորդ օրը, մուտք գործել Ուկրաինայի տարածք:

«Տվյալ անձը Ուկրաինայի քաղաքացի չէ, և հիմքեր չկան մինչև 2021 թ. թույլ տալու նրա մուտքն Ուկրաինա»,- հայտարարել է Սլոբոդյանը:

Ավելի վաղ Սաակաշվիլին ուկրաինական հեռուստաալիքներից մեկով հայտարարել էր, թե ապրիլի 1-ին ժամանելու է Կիև, և ի հաստատումն իր խոսքերի՝ ցուցադրել էր էլեկտրոնային տոմսը: Նա համոզմունք էր հայտնել, որ Պոռոշենկոն երկրորդ փուլ չի անցնի, և դրանից հետո «ոչ մի սահմանապահ չի կատարի Պոռոշենկոյի հրամանը»՝ իր մուտքն Ուկրաինա արգելելու վերաբերյալ:

Փոխանցում է tass.ru-ն: