21.03.2019 15:07

Էթիկայի հանձնաժողով. Դավիթ Սանասարյանը խախտել է էթիկայի կանոնը. Արմենպրես

Էթիկայի հանձնաժողով. Դավիթ Սանասարյանը խախտել է էթիկայի կանոնը. Արմենպրես

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հրապարակել է եզրակացություն ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի կողմից էթիկայի կանոնի խախտման վերաբերյալ:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ, եզրակացության մեջ նշվում է, որ 2019 թվականի հունվարի 17-ին հանձնաժողով է մուտքագրվել Արամ Սիմոնյանի դիմումը: Ըստ դիմողի՝ Երևանի պետական համալսարանում Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի հրամանով ստեղծված հանձնաժողովը կողմից 2018 թվականի հուլիսի 30-ից իրականացվող ուսումնասիրությունների ընթացքում Դավիթ Սանասարյանն արել է հրապարակային հայտարարություններ, որոնք դիմողի կարծիքով հանգեցնում են «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածով ամրագրված էթիկայի կանոնների կոպտագույն խախտումների:

Դիմումի հիման վրա Էթիկայի հանձնաժողովը հարուցել է վարույթ: Անդրադառնալով  Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի կողմից էթիկայի կանոնի խախտման հարցին՝ հանձնաժողովը փաստում է, որ հանրային ծառայությունը հիմնված է որոշակի արժեքների վրա: Մասնավորապես, բարձրաստիճան պաշտոնատար անձինք իրենց վարքագծով պետք է նպաստեն հանրության շրջանում այն համոզմունքի ամրապնդմանը, որ պաշտոնատար անձանց գործունեությունը միտված է հանրային շահերի արդարացի սպասարկմանը: Այդ տեսանկյունից կարևորվում է օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով ամրագրված բարձրաստիճան պաշտոնատար անձի էթիկայի կանոնը՝ իր գործունեությամբ նպաստելու զբաղեցրած պաշտոնի և իր ներկայացրած մարմնի նկատմամբ վերահսկողության և հարգանքի ձևավորմանը:

Դավիթ Սանասարյանի դրսևորած վարքագիծը նախադրյալներ է ստեղծել իր՝ որպես պաշտոնատար անձի կողմից ոչ օբյեկտիվ լինելու վերաբերյալ մտայնության ձևավորման համար, քանզի Պետական վերահսկողական ծառայության կողմից ԵՊՀ-ում իրականացվող ուսումնասիրությունների առնչությամբ նրա՝ հրապարակային հայտարարությունները և գրառումը ողջամտորեն կարող են ընկալվել և մեկնաբանվել որպես կանխակալ վերաբերմունքի դրսևորում և «ուժի ցուցադրում»:

Հանձնաժողովը եզրակացնում է ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը թույլ է տվել «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի, 3-րդ կետով ամրագրված էթիկայի կանոնի խախտում, այն է՝ իր գործունեությամբ չի նպաստել իր զբաղեցրած պաշտոնի և իր ներկայացրած մարմնի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը:

Սույն եզրակացությունը բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից կարող է բողոքարկվել դատական կարգով՝ մեկամսյա ժամկետում:  

Սանասարյանն այսօր հայտարարել է, թե համաձայն չէ հանձնաժողովի որոշման հետ եւ այն դատական կարգով բողոքարկելու է: