22.03.2019 11:42

Կոնգրեսը պահանջել է պատմել, թե Թրամփն ինչ է քննարկել Պուտինի հետ

Կոնգրեսը պահանջել է պատմել, թե Թրամփն ինչ է քննարկել Պուտինի հետ

Սպիտակ տունը հրաժարվել է տվյալներ բացահայտել նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի փակ բանացություններից: Ի պատասխան կոնգրեսի պահանջի՝ Թրամփի իրավական հարցերով խորհրդականը հղում է արել երկրի Սահմանադրությանը, որը պետության ղեկավարին չի պարտավորեցնում օրենսդիրներին տեղեկացնել օտարերկրյա ղեկավարների հետ գաղտնի բանակցությունների մասին:

Դեռևս մարտի 4-ին Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարին կոնգրեսականների ուղղած հարցման պատասխանը երեկ հրապարակել են The Hill և Politico պարբերականները:

Ռուսաստանի նախագահի հետ բանակցությունների մասին տեղեկություններ տրամադրելու խնդրանքով դիմել են ներկայացուցիչների պալատի հետախուզության, պետական բարեփոխումների և արտաքին գործերի հանձնաժողովները, որոնք բոլորն էլ ղեկավարում են դեմոկրատները: Նրանք այժմ կոնգրեսի ստորին պալատում մեծամասնություն են կազմում:

Կոնգրեսականները որոշել են հետաքննել Թրամփի և Պուտինի կապերը, նրանք պնդում են, որ ԱՄՆ առաջնորդը «բազմիցս քայլեր է ձեռնարկել՝ թաքցնելու համար իր շփումները Պուտինի հետ աշխատակազմի մյուս պաշտոնատար անձանցից, կոնգրեսից և ամերիկյան ժողովրդից»:

Փոխանցում է BBC-ն: