22.03.2019 12:01

Արսեն Գրիգորյան. Ավարտվածների Քոչարյանը

Արսեն Գրիգորյան. Ավարտվածների Քոչարյանը

Մենք կարող ենք շատ բան դատապարտել, նույնիսկ ինքնասպանությունը: Բայց անձնազոհությունը դատապարտելը չի ընկալվել երբեք: Անձնազոհությունը միշտ ինտելեկտուալ է: Ինքնասպանությունը ավելի հուզական եւ ակնթարթային բան է:

Նրանք, ովքեր ասուլիսներով պաշտպանում են Քոչարյանին, շա՜տ համբերատար ինքնասպաններ են: Կարծես թե հասկանում ես, որ առանց փողի դա չէին անի: Բայց մտածում ես՝ դեմքով դեպի ու՞մ են կանգնած այս մարդիկ, երբ խոսում են Ռոբերտ Քոչարյանի հանդեպ հետապնդումների մասին: Իսկ այս մարդիկ խնդիր ունեն, եթե իսկապես հավատում են այն ամենին, ինչ ասում են: Նրանք իրենց ընկալում են անձնազոհներ: Այսինքն՝ իրենց «դիակի» վրայով է հաղթելու ճշմարտությունը: Նրանք կարծում են, որ կամ մի ամբողջ ժողովուրդ մոլորված է, կամ անկեղծորեն համոզված են, որ 10 հոգու սպանության մեջ հաստատ իշխանության մատը խառը չէր:

Փաստ է, որ այն, ինչ նրանք անում են եւ մտածում, կամավոր է: Բայց սա ողբերգություն է: Ավարտված սերունդ է պաշտպանում Ռոբերտ Քոչարյանին: Ավարտված՝ քաղաքական եւ գրեթե բոլոր առումներով: Չգիտես էլ՝ ուրիշ որտե՞ղ կարող էին ավելի ավարտված լինել: Ինչո՞ւ նրանք ընտրեցին սեփական ոչնչության հրավառությունը՝ սեփական կարեւորությունն ընդգծելու համար լծվելով մի հիմնովին կործանված մարդու պաշտպանությանը: Նույնիսկ նրանց մասին կատակելու կամ նրանց դատապարտելու իմաստ չկա:

Ապագա Հայաստանում նրանք չեն գտնելու իրենց տեղը: Քոչարյանի փաստաբանների մղումը կարելի է հասկանալ, որդիների մղումը՝ նույնպես: Բայց այս մարդիկ նույնիսկ մարգինալ չեն, նրանք անգամ քաղաքական անդունդների անձավներում չեն, նրանք պարզապես գտել են մեկին, որի միջոցով կարող են վկայել իրենց: Որովհետեւ Քոչարյանին դատապարտելու դեպքում կլինեին մեզանից մեկը, իսկ այսպես կարծես թե առանձնանում են: Ինչ-որ անարդար բան կա նույնիսկ այսպիսի անհեթեթության մեջ,  կարծես թե գիտեն ինչ են անում, կարծես թե գիտեն, որ միայն խրվում են սեփական անձի ճահճի մեջ, բայց կանգ առնելու որեւէ ճանապարհ չկա: Կարծես թե ամեն ինչ տեսանելի է Ռոբերտ Քոչարյանի օգտին հանդես եկողներին, որովհետեւ չես կարող վերցնել ու քեզ հռչակել տգետ մահապարտ: Նշանակում է՝ ինչ-որ արժեք կա էս մարդկանց մեջ: Բայց դա ի՞նչ է, գրողը տանի:

Կարող ես Նիկոլ Փաշինյանին անվանել Նաիրի Հունանյան, կարող ես բոլոր առումներով սեւացնել նոր Հայաստանը, ասել, որ այն անշեղորեն գնում է դեպի կործանում, կարող ես կանխատեսել, որ վարչապետը Ադրբեջանին կտա ոչ միայն Արցախը, այլեւ Հայաստանը, բայց դրանից Ռոբերտ Քոչարյանը չի մաքրվում: Մարդը բետոնապատել է իր անվիճելի խայտառակ համբավը: Դա ոչ ոք այլեւս նրա ձեռքից չի խլի, որքան էլ նրանից վատը լինի:

Ի սեր Աստծո, սեւացրեք ում ուզում եք, սեւացրեք ամենավերջին սուտն ասելով, գերազանցեք ինքներդ ձեզ նույնիսկ անբարոյականության մեջ, ձեզ ամեն ինչ կներվի, քանի դեռ սատանիստ լինելու հայտը ձեր ներքին մղումն է, բայց դա մի արեք ի համոզումն այն բանի, թե Քոչարյանը ինչ-որ բան է նշանակել Հայաստանի համար, դուք կարող եք անկեղծորեն վստահ լինել, որ առանց նրա կյանքը վատն է, Հայաստանի վրայից գույները փախել են, բայց մինչ այդ վստահ եղեք, որ անմահ եք, որովհետեւ միայն էդ պարագայում իմաստ ունի բարոյականությունն անբարոյականությունից չտարբերելը, քանզի կորցրածներդ ի՞նչ է լինելու չտարբերելուց: Որովհետեւ եթե անմահ չեք, վատ է լինելու: