22.03.2019 12:47

ԵՄ-ն պատրաստ է հետաձգել Brexit-ը մինչև ապրիլի 12-ը կամ մայիսի 22-ը

ԵՄ-ն պատրաստ է հետաձգել Brexit-ը մինչև ապրիլի 12-ը կամ մայիսի 22-ը

Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու նախատեսված ժամկետից մեկ շաբաթ առաջ դեռևս Brexit-ի և Միացյալ Թագավորության ճակատագիրը մնում է կախյալ վիճակում:

ԵՄ առաջնորդները հինգշաբթի համաձայնել են Բրիտանիային ժամանակ տալ կա՛մ մինչև մայիսի 22-ը, կա՛մ ընդամենը մինչև ապրիլի 12-ը՝ կախված նրանից, թե արդյո՞ք բրիտանական խորհրդարանը հավանություն կտա ԵՄ-ից դուրս գալու պայմանագրին: Իսկ դա ամենևին էլ երաշխավորված չէ:

Հինգշաբթի ուշ երեկոյան, երկարատև քննարկումներից հետո, ԵՄ 27 երկրների առաջնորդները հաստատել են որոշման նախագիծը, որը որոշ չափով, բայց ո՛չ վերջնականորեն, Բրիտանիային և Եվրամիությանը ապահովագրում է կտրուկ բաժանումից՝ առանց հարաբերությունների կարգավորման, կամ էլ, համենայն դեպս, այն հետաձգում է մի քանի շաբաթով:

ԵՄ առաջնորդները որոշել են, որ եթե եկող շաբաթ բրիտանական խորհրդարանը, այնուամենայնիվ, ընդունի իր կողմից երկու անգամ մերժված պայմանագիրը՝ ԵՄ-ից դուրս գալու վերաբերյալ, ապա ելքը կհետաձգվի մինչև մայիսի 22-ը: Իսկ եթե Համայնքների պալատը կրկին մերժի պայմանագրի նախագիծը, ապա Բրիտանիային ժամանակ կտրվի մինչև ապրիլի 12-ը, որպեսզի նա որոշի և Եվրամիությանը տեղեկացնի, թե հետո ինչ է անելու:

«Մինչև այդ օրը բոլոր տարբերակները բաց կլինեն, և անկառավարելի brexit-ը կհետաձգվի»,- լրագրողներին տեղեկացրել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:

Փոխանցում է BBC-ն: