22.03.2019 14:21

Վանեցյանը ո՛չ հերքում, ո՛չ հաստատում է Նաիրի Հունանյանի՝ ԱԱԾ գործակալ լինելու հարցը

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը ո՛չ հերքում, ո՛չ հաստատում է, որ Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության հիմնական ոճրագործներից մեկը՝ Նաիրի Հունանյանը ԱԱԾ գործակալ է եղել: 

Հիշեցնենք, որ օրեր առաջ Պաշտպանության նախկին փոխնախարար, նախկին փոխվարչապետ Վահան Շիրխանյանը բաց նամակ էր գրել Ռոբերտ Քոչարյանին, որտեղ նշել էր, որ հոկտեմբերի 27-ից հետո իրեն, Գագիկ Ջհանգիրյանին և Ռոբերտ Քոչարյանին ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանը ներկայացրել է մի թղթապանակ՝ ԱԱԾ գործակալ Նաիրի Հունանյանի մասին, սակայն հետագայում այդ թղթապանակն անհետացել է:

«Ազատության» փոխանցմամբ, այսօր Ազգային ժողովում՝ լրագրողների հետ ճեպազրույցում, Վանեցյանը վստահեցրել է՝ հատուկ ընթացակարգից հետո կհրապարակվի այն, ինչ եղել է։

«Ես ո՛չ կհաստատեմ պարոն Շիրխանյանի խոսքերը, ո՛չ՝ կհերքեմ, գործը վարող մարմին կա՝ Հատուկ քննչական ծառայությունն է, բոլոր հարցերով դիմեք ՀՔԾ-ին։ Գործը քննող Հատուկ քննչական ծառայությունը, երբ անհրաժեշտություն լինի, այդ հարցին կպատասխանի։ Մեկ անգամ ևս շեշտում եմ՝ ո՛չ հերքում եմ, ո՛չ հաստատում եմ։ Վստահեցնում եմ՝ հատուկ ընթացակարգից հետո կհրապարակվի այն, ինչ եղել է»,- ասել է Վանեցյանը։