22.03.2019 15:20

Զելենսկին պատրաստ է բանակցել ՌԴ-ի հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով

Զելենսկին պատրաստ է բանակցել ՌԴ-ի հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով

Ուկրաինայի նախագահի թեկնածու, «Ժողովրդի ծառան» կուսակցության կողմից առաջադրված Վլադիմիր Զելենսկին, որը բոլոր վերջին հարցումներում անվերապահ առաջատարն է, ընտրություններում հաղթելու դեպքում իր առաջնահերթությունների թվում նշել է Դոնբասում խաղաղության հաստատումը, պայքարը կոռուպցիայի դեմ և ճանապարների շինարարությունը:

«Դիվանագիտական ճակատում մենք պետք հարձակում գործենք, այլ ոչ թե սպասենք, որ դա անեն մեր փոխարեն: Պետք է բանակցություններ վարել:… Եթե մենք մեր դաշնակիցների ու գործընկերների հետ դա անհրաժեշտ համարենք, ապա, հնարավոր է, հարկ լինի նաև Ռուսաստանի հետ երկկողմ բանակցություններ վարել»:

«Ես կուզենայի ամեն ինչ անել, որպեսզի Ուկրաինայի արևելքում դադարեն կրակոցները, որպեսզի մարդիկ այլևս չզոհվեն, չէ՞ որ մարդկային կյանքն ամենաարժեքավոր բանն է»,- ասել է Զելենսկին «Новая газета»-ին տված հարցազրույցում:

Նրա կարծիքով՝ Ուկրիանայի հաղթանակի համար անհրաժեշտ է «ուժեղ դիվանագիտություն, տնտեսական աճ, ամուր բանակ և ակտիվ տեղեկատվական քաղաքականություն»: Զելենսկին համոզված է, որ «ոչ ոք իրավունք չունի Ուկրաինայի վերաբերյալ որոշում կայացնելու՝ առանց Ուկրաինայի մասնակցության»:

Ուկրաինական «Ռեյտինգ» սոցիոլոգիական խմբի հարցաման վերջին արդյունքներով՝ նախագահական ընտրարշավի առաջատարը Վլադիմիր Զելենսկին է՝ 24,9 %-ով: Նրան հաջորդում է «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն (18, 8 %), երրորդ տեղում գործող նախագահ Պետրո Պոռոշենկոն է՝ 17,4 %-ով:

Փոխանցում է tass.ru-ն: