22.03.2019 15:55

Էմանյուել Մակրոնը բանակը դուրս է բերում փողոց

Էմանյուել Մակրոնը բանակը դուրս է բերում փողոց

Շաբաթ օրը Ֆրանսիայի խոշոր քաղաքներում դարձյալ պետք է տեղի ունենան «դեղին բաճկոնների» ցույցեր, որոնց ընթացքում կարգուկանոնը, ոստիկանության և ժանդարմերիայի  հետ մեկտեղ, կպահպանի նաև բանակը:

Որոշումը կայացվել է Ելիսեյան դաշտերում տեղի ունեցած անկարգություններից հետո:

«Մենք բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռք կառնենք՝ թույլ չտալով ցույցերի անցկացումը քաղաքի մի շարք շրջաններում: Այս շաբաթ ցույցերի համար փակ կլինեն շատ վնասված Ելիսեյան դաշտերը և այլ թաղամասեր, որոնք նույնպես վնասվել են այս ճգնաժամի արդյունքում»,- ասել է Մակրոնը:

Իշխանությունները արգելել են զանգվածային հավաքները Բորդոյում և Նիսում: Նիսի քաղաքապետ Քրիստիան Էստրոզին պահանջել է «դեղին բաճկոնների» ակցիաներն արգելել իրեն վստահված քաղաքում:

«Դեղին բաճկոնների» առաջնորդներից ոմանց կողմից այս շաբաթվա ընթացքում կոչեր են հնչել նոր՝ 19-րդ գործողությունը ձեռնարկել, որը նրանք անվանել են «քաղաքացիական անհնազանդություն», ինչին կառավարությունը որոշել է համաչափ պատասխան տալ:

«Դեղին բաճկոնների» բողոքի ցույցերը, որոնք կառավարությանը ստիպել են հրաժարվել նոր հարկերի սահմանումից և ժամանակավորապես կասեցնել ֆիզիկական անձանց համար էլեկտրաէներգիայի գնի բարձրացումը, Ֆրանսիայում շարունակվում են նոյեմբերի կեսերից: Շարժման առաջնորդները հանդես են գալիս նախագահ Մակրոնի տնտեսական կուրսի փոփոխության պահանջով:

Փոխանցում է euronews-ը: