22.03.2019 16:41

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը կփոխհատուցի նաև 2008-2014-ի դեպքերի համար. Panarmenian

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը կփոխհատուցի նաև 2008-2014-ի դեպքերի համար. Panarmenian

Մարտի 22-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 2019թ. անդրանիկ նիստը, որը վարել է հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Panarmenian.net-ի փոխանցմամբ, նիստի ընթացքում հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը միաձայն որոշում է կայացրել այն մասին, որ 2019-ի ապրիլի 1-ից հատուցումներ կտրամադրվեն նաև 2008-2014թթ. ընթացքում հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին կամ հաշմանդամություն ձեռք բերածներին:

Նիստի ընթացքում հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանը ներկայացրել է ամփոփ հաշվետվություն 2018-ի սկզբից մինչև օրս իրականացված հատուցումների և նվիրաբերությունների վերաբերյալ, ընդգծելով, որ այս պահի դրությամբ հիմնադրամում հավաքագրված գումարն արդեն հատել է 14 մլրդ., իսկ կատարված ընդհանուր հատուցումները՝ 941 մլն դրամը:

Ընդ որում, նիստին որոշում է կայացվել հաջորդ տարի քննարկել արդեն 2008-ից ավելի վաղ տեղի ունեցած դեպքերի փոխհատուցման հնարավորությունը:

Թեմային ֆեյսբուքում անդրադարձել է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա գրել է. «1000 դրամների հիմնադրամը ապրիլի 1-ից կսկսի փոխհատուցել 2008 թվականի հունվարի 1-ից ներառյալ՝ մարտական հերթապահության ընթացքում 2-րդ եւ 1-ին կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողներին եւ զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին:

Սա չափազանց կարեւոր որոշում է, չափազանց կարեւոր սփոփանք՝ բոլորիս համար»: