22.03.2019 17:16

Լիզա Ճաղարյան. Մենք մի ժողովուրդ ենք, բայց անկեղծ չենք իրար նկատմամբ

Լիզա Ճաղարյան. Մենք մի ժողովուրդ ենք, բայց անկեղծ չենք իրար նկատմամբ

Ցավոտ թեմա է։

Էն անիծյալ «սեպը» նորից մեջտեղ բերելու ու շահարկելու հարուստ նյութ տվող թեմա է։

«Հայու գենի» հզորության ու եզիակիության մասին բաժակաճառասացների վայնասունի հիանալի առիթ է։

Այս թեմայով խուսափել ենք բարձրաձայնել, ամեն անգամ ապշահարված ու ցնցված՝ իրար ականջի ենք փսփսացել։

Հիմա կարծես փսփսալու կարիք չկա, պետական մակարդակով արդեն ասվել է, որ 2008-ի մարտի 1-ին Արցախից զորք է բերվել Երեւանի կենտրոն։ Եվ սրա մասին չխոսելն այլեւս նշանակում է թարախակալած վերքը չնկատելու տալ մինչեւ արյան վարակում «վաստակելը», որի վերջը բոլորիս է հայտնի։

Եվ սա դեռ ամենը չէ։

Ռոբասերժական տարիների ժողովրդական հզոր հուզումներից հետո բռնությունների ենթարկված ցուցարարներից շատերն էին պատմում, որ ծեծուջարդերի ամենակատաղի շրջանում «պատահականորեն» համազգեստավորների մեծ մասը հայհոյում էր Ղարաբաղի բարբառով, զուգահեռաբար սպառնալով, թե ոնց եք համարձակվում «մեր Ռոբիկի» դեմ դուրս գալ։

Ավելի պարզ եթե ասենք՝ Քոչարյան Ռոբերտի տեղը հենց նեղանում էր Հայաստանում, Ղարաբաղից պատժիչ ջոկատ էր «հրավիրում»։ Երեւի հայաստանցի ոստիկաններին անվերապահորեն չէր վստահում։ Երեւի հենց այն նույն պատժիչ ջոկատին էր օգնության կանչում, որը տարիներ առաջ Արցախ մուտք գործելու փորձ անող Սեֆիլյանականներին ծեծուջարդով ետ ուղարկեց Հայաստան։

Պետական դավաճանությունն էլ ոնց է լինում, կասե՞ք։

Որեւէ մեկը կպնդի՞, որ նման հրեշավոր քայլի դիմող արարածին, բացի իր իշխանության եւ թալանած միլիոնների պահպանումից, հետաքրքրում էր ու հետաքրքրում է Հայաստանի ու Արցախի ճակատագիրը։

Հե՛նց այսօր բանտախցում նստած գլխավոր ամբաստանյալի պահվածքի մեջ նկատու՞մ եք Հայաստանի ու Արցախի հարաբերությունների անխաթարության վրա դողացող պետական այրի կեցվածք։ Ակնհայտ չի՞, որ այս մարդը պատրաստ է տրորելով անցնել ցանկացած սրբության վրայով՝ սեփական կաշին փրկելու համար։

Քոչարյանի աննկուն փաստաբանները պնդում են, որ իրենց պաշտպանյալին ներկայացված մեղադրանքներն «անհեթեթություններ» են, «ջուր» են։ Ուրեմն՝ ի՞նչն է խանգարում սրանց՝ դատարանում ապացուցել այս պարոնի անմեղությունը, որ մեղադրողներս էլ ամոթից գետինը մտնենք ու սսկվենք։ Հայաստանում արդարադատություն չկա՞։ Ենթադրենք՝ չկա։ Եվրադատարանն էլ հո կա ու կա, հենց այս նույն փաստաբանները գրեթե ամեն օր Եվրադատարանով հաթաթա են տալիս մեղադրողներիս։ Կդիմեք Եվրադատարան, դե նրանք էլ կարդարացնեն այս «անմեղին», դեռ մի բան էլ՝ նրա թալանածին մի քանի հազար եվրո էլ կավելանա, ձեզ համար էլ լավ կլինի, ձեր պաշտպանյալի համար էլ։

Ախ հա՛, ազատազրկված է «անմեղը»։ Դե ոչինչ, թող դիմանա։ Հենց այս նույն «անմեղի» հրահանգով խոշտանգումների ենթարկված ու տարիներ շարունակ ազատազրկված քաղաքական բանտարկյալներին թող հիշի ու դիմանա. Քոչարյանի երակներով հոսող արյունն այդ մարդկանց արյունից կապույտ չի։

Չէ, չի դիմանում։ Խարդավանքների, նենգությունների վարպետաց վարպետը աջուձախ փող է շաղ տալիս, լրատվամիջոցներ է գնում, հեռուստաընկերություններ է գնում, փողոցի խաժամուժ է գնում, որ բոլոր ստորագույն միջոցներով վարկաբեկեն իր ու իր նմանակի հաստատած բեսպրեդելի ճիրաններից Հայաստանն ազատած նոր իշխանություններին։ Նույնիսկ ավելի հեռուն են գնում՝ բացահայտ սպառնում են։ Սպառնալիքներն էլ, ի դեպ, «ուչաստկովիի» մակարդակի են, ի գիտություն ԱԱԾ-ի։

Եվ այսպես՝ փաստ է. ռոբասերժական իշխանությունը Հայաստանի մայրաքաղաքում ծավալված բողոքի ցույցերը ճնշելու համար զորք է բերել Լեռնային Ղարաբաղից։ Հայաստանն իր երեխաներին ուղարկում է Արցախի սահմանները պաշտպանելու, իսկ Քոչարյան Ռոբերտն այդ նույն երեխաներին հրահանգում է գալ Երեւան ու զենքն ուղղել իր եւ իր նմանակի իշխանության հիմքերը տատանող ՀՀ քաղաքացիների դեմ՝ իրենց ծնողների, հարազատների ու ընկերների դեմ։

Փաստ է նաեւ, որ մինչ օրս Արցախից դատապարտող կես նախադասություն անգամ չի լսվել այս զազրելի հանցագործության հեղինակի հասցեին։ Փաստ է նաեւ, որ այս նույն հանցագործին ի պաշտպանություն Ստեփանակերտում բողոքի ցույց եղավ ընդդեմ Հայաստանի նոր իշխանությունների, ինչը վկայում է, որ «դե, պատերազմող երկիր ենք, մեր ժողովրդավարությունը ձեր ժողովրդավարությունից տարբերվում է» պատճառաբանությունը շատ խախուտ է, եւ տարիներ շարունակ Քոչարյանի եւ Ս. Սարգսյանի չարագործությունների նկատմամբ արցախցիների քար լռությունն առնվազն շատ տխուր հետեւությունների է հանգեցնում։ Հատկապես այն բոցաշունչ եւ հուրուկայծակ դատապարտումների ֆոնին, երբ որեւէ հայաստանցի է անզգույշ արտահայտություն անում Արցախի մասին։

Կրկնեմ. ցավոտ թեմա է։

Բայց ջինը շշից դուրս է եկել, եւ սրա մասին չխոսելու հետեւանքներն ավելի ցավոտ են լինելու։

«Մենք մի ժողովուրդ ենք» հաճախակի հնչող հավաստիացումը լալահառաչ ոտանավորի մակարդակից վեր բարձրացնելու կարիք է զգում։

Ով սա չի գիտակցում կամ ձեւացնում է, թե չի գիտակցում, արջի ծառայություն է մատուցում ե՛ւ Արցախին, ե՛ւ Հայաստանին։