22.03.2019 18:04

Թրամփի քննադատներին ռումբերով ծանրոցներ ուղարկողը խոստովանել է մեղքը

Թրամփի քննադատներին ռումբերով ծանրոցներ ուղարկողը խոստովանել է մեղքը

Հինգշաբթի երեկոյան Ֆլորիդայի 57-ամյա բնակիչ Սեզար Ալթիերի Սայոկը, որը ձերբակալվել էր 2018 թ. հոկտեմբերի 28-ին զանգվածային ոչնչացման զենք՝ ինքնաշեն պայթուցիկ սարքեր պատրաստելու համար, որպեսզի դրանք ուղարկի նախագահ Դոնալդ Թրամփի հայտնի ընդդիմախոսներին, արցունքն աչքերին իրեն մեղավոր է ճանաչել՝ այդպիսով, հնարավոր է, խույս տալով ցմահ ազատազրկման դատավճռից:

Սայոկը երիտասարդ տարիքում եղել է մոլի ֆուտբոլիստ, ապա՝ մերկապարող, պահապան գիշերային ակումբում, վարորդ պիցցայանոցում:Ավելի ուշ նա դարձել է երդվյալ «թրամփական»: Խուզարկության ժամանակ նրա մոտ հայտնաբերվել են իր լուսանկարները Թրամփի նախընտրական հանրահավաքներում:

Սայոկի դժոխային սարքերով ծանրոցների հասցեատերերի թվում են եղել՝ ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը, նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, դերասան և ռեժիսոր Ռոբերտ դե Նիրոն, Օբամայի վարչակազմում արդարադատության նախարար Էրիկ Հոլդերը, դեմոկրատ սենատորներ Քորի Բուքերը և Քամալա Հարիսը, ԿՀՎ նախկին տնօրեն Ջոն Բրեննանը, ազգային հետախուզության նախկին տնօրեն Ջեյմս Քլեփերը , միլիարդատեր ու բարերար Ջորջ Սորոսը:

Սայոկը հեծկլտալով ներողություն է խնդրել իր արարքների համար և դատավորին հավաստիացրել է, որ ոչ մեկին չի ցանկացել վնասել և հույս է ունեցել, որ իր ռումբերից ոչ մեկը չի աշխատի, թեպետ խոստովանել է, որ դրանք մուլյաժներ չեն եղել:

Սայոկի ուղարկած ռումբերից ոչ մեկը չի հասցրել պայթել:

Փոխանցում է BBC-ն: