23.03.2019 16:19

Բոսնիա-Հերցեգովինա-Հայաստան. Խաղից առաջ

Բոսնիա-Հերցեգովինա-Հայաստան. Խաղից առաջ

Մարտի 23, մեկնարկը` 23:45, Սարաևո «Գրբավիցա» մարզադաշտ

Գլխավոր մրցավար` Յակոբ Կելետը(Ֆինլանդիա)

Եզրային մրցավարներ` Լարս Հումելգրադը,  Հեյնե Սորենսենը (Ֆինլանդիա)

Ոչ Բոսնիա Հերցոգովինայի, ոչ էլ` Հայաստանի ազգային ընտրանիները դեռևս ոչ մի անգամ բախտ չեն ունեցել մասնակցելու Եվրոպայի առաջնությանը: Ընդհանուր առմամբ, այս անգամ վիճակահանությունը բարեհաճ գտնվեց և վերոնշյալ հավաքականներից յուրաքանչյուրը կարող է հաջողության հասնել: Թեև այս խմբի ֆավորիտը Իտալիան է, այնուհանդերձ, ոչ ոք դեռ չի մոռացել անցած Աշխարհի առաջնության ընտրական  փուլում այս երկրի հավաքականի կրած անհաջողությունները:  

Ոչ ոք չի վիճարկում, որ բալկանյան հավաքականը կարգով գերազանցում է Հայաստանի հավաքականին և վերջին շրջանում աչքի է ընկել արդյունավետ մրցելույթներով: Ազգերի լիգայի խաղարկությունում Բոսնիան ընդգրկված էր B դիվիզիոնի 3-րդ ենթախմբում: Բոսնիացիների մրցակիցներն էին Ավստրիայի և Հյուսիսային Իռլանդիայի հավաքականները: Ենթախմբային 4 հանդիպումներում տանելով 3 հաղթանակ և մեկ խաղ ավարտելով ոչ-ոքի՝ մեր մրցակիցը խմբում գրավել էր առաջին հորիզոնականը և դուրս եկել փլեյ-օֆ: Ի դեպ, այդ 4 հանդիպումներում Բոսնիան բաց էր թողել ընդամենը մեկ գնդակ Հյուսիսային Իռլանդիայի հետ արտագնա մրցավեճում: Արդյունքը, իհարկե, տպավորիչ է:

2018 թվականի հունվարից Բոսնիա-Հերցեգովինայի հավաքականը գլխավորում է խորվաթ մասնագետ Ռոբերտ Պրոսինեչկին, որը մինչ այդ Ադրբեջանի ազգային թիմն էր մարզում: Պրոսինեչկիի գլխավորությամբ բոսնիացիներն անցկացրել են 12 հանդիպում և կրել ընդամենը երկու պարտություն: Առաջին դեպքում, Բոսնիան անցյալ տարվա փետրվարին Մեքսիկայի հետ ընկերական մրցավեճում պարտվել է 1:0 հաշվով: Նույն հաշվով էլ Պրոսինեչկիի թիմը անցյալ տարվա նոյեմբերին ընկերական խաղում զիջել է Իսպանիային: Պաշտոնական հանդիպումներում Բոսնիայի հավաքականը պարտություն չի կրել: Պրոսինեչկիին բնորոշ է հարձակողական մարտավարությունը: 12 հանդիպումներից 8-ում բոսնիացիները պայքարել են ընդգծված հարձակողական 4-3-3 դասավորությամբ: Ընկերական հանդիպումների ժամանակ Պրոսինեչկին 3 անգամ փորձարկել է 4-2-3-1 և մեկ անգամ՝ 4-1-4-1 դասավորությունը: Պաշտոնական բոլոր 4 հանդիպումներում Բոսնիան խաղացել է բացառապես 4-3-3 սխեմայով:

Հավանական է, որ Հայաստանի ընտրանու դեմ էլ  դեմ էլ Բոսնիա- Հերցեգովինան կխաղա 4-3-3 մարտավարությամբ: Հարձակման կենտրոնում տարիներ շարունակ խաղում է բոսնիական ֆուտբոլի լեգենդ՝ «Ռոմայի» առաջատար Էդին Ջեկոն: Վերջինս ազգային հավաքականում անցկացրել է 99 հանդիպում`դարռնալով 55 գոլի հեղինակ: Հարձակման աջ եզրում Պրոսինեչկին սովորաբար օգտագործում է թուրքական «Իստանբուլի» ներկայացուցիչ Էդին Վիսչային: Ձախ եզրում էլ`Դրեզդենի «Դինամոյի» հարձակվող Հարիս Դուլյևիչը: Բոսնիական ֆուտբոլի մեկ այլ աստղ՝ «Յուվենտուսի» ներկայացուցիչ Միրալեմ Պյանիչը, խաղում է կիսապաշտպանության կենտրոնում: Բոսնիացիների երրորդ առաջատարը՝ «Արսենալի» ձախ պաշտպան Սեադ Կոլաշինացը, իր ազգային թիմում ևս խաղում է ձախ գոտում: Նշենք, սակայն, որ այս ֆուտբոլիստի մասնակցությունն առաջիկա հանդիպմանը հարցական է: Կոլաշինացը վնասվածք ունի, և հնարավոր է մարզիչը նրան խաղադաշտ դուրս չբերի:  Նշենք նաև, որ ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում բոսնիացիներն այս պահին 35-րդն են:

Մրցակիցը կարգով զգալի գերազանցում է Հայաստանի հավաքականին, և մասնագետների զգալի մասը վստահ է, որ բոսնիացիները երեք միավոր կվաստակեն: Այնուհանդերձ, ֆուտբոլում, լինում են անակնկալներ և, հուսով ենք, մեր տղաները կկարողանան զարմացնել իրեն երկրպագուներին հաջող խաղով:   Մենք հավատում ենք Հայաստանի ազգային հավաքականին:

Հաշվի առնելով, որ մեր հավաքականը խաղալու է մրցակցի հարկի տակ, կարծում ենք՝ գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը կնախընտրի 4-2-3-1 տակտիկական մարտավարությունը: Բացի հավաքականի առանցքային խաղացողներից,  ունենք ևս մի քանի ֆուտբոլիստներ, որոնք կարող են օգտակար լինել հավաքականին, և նրանց ամենայն հավանականությամբ վաղը կտեսնենք խաղադաշտում: Խոսքը վերաբերում է հատկապես դանիական «Հոբրոյի» կիսապաշտպան Էդգար Բաբայանին: Այս ֆուտբոլիստը լավ մարզավիճակում է և Դանիայի առաջնության վերջին հանդիպումներում աչքի է ընկել արդյունավետ խաղով: Հավանական է, որ խաղադաշտում տեսնենք նաև Արաս Օզբիլիսին, որը չնայած խաղային պրակտիկայի հետ կապված որոշակի խնդիրներ ունի, այնուամենայնիվ փորձի և վարպետության հաշվին կարող է օգուտ տալ մեր հավաքականին: Շատերը եզրային աջ պաշտպանի դիրքում տեսնում են Հովհաննես Համբարձումյանին, բայց վերլուծելով մեր հավաքականի նախորդ հանդիպումները՝ հանգում ենք այն եզրակացության, որ Կամո Հովհաննիսյանը տվյալ դիրքում ավելի արդյունավետ է գործում: Մասնավորապես, Հովհաննիսյանն ավելի արագ է, և նահանջելու ժամանակ խնդիրներ չենք ունենում: Հաշվի առնենք նաև, որ երկրորդ համարով խաղալու պայմաններում արագ վինգերների դերը բավական մեծ է հատկապես հակագրոհների ժամանակ:

Կարծիքներ են հնչում նաև պաշտպանության կենտրոնում բարձրահասակ Արտյոմ Խաչատուրովին խաղացնելու մասին, որպեսզի օդային մենամարտերում նա չեզոքացնի Բոսնիայի հավաքականի հարձակման առաջատար Էդին Ջեկոյին: Անդրադառնանք պաշտպանության ձախ եզրին: Վերջին հանդիպումներում «Փյունիկի» կազմում լավ տպավորություն է թողել Արմեն Մանուչարյանը: Ի տարբերություն «Ալաշկերտի» պաշտպան Գագիկ Դաղբաշյանի՝ Մանուչարյանը, հարձակմանը միանալուց բացի, «ամուր է» խաղում նաև պաշտպանությունում:

Որոշակիորեն խնդրահարույց է հարձակվողի հարցը: Վերջին երկու հանդիպումներում Կարապետյանը փոխարինման է դուրս եկել, և դժվար է ասել՝ ինչպես իրեն կդրսևորի մեկնարկային կազմում: Երկրորդ հարձակվող Նորբերտո Բրիասկո Բելեկյանի մասին դժվար է հստակ կարծիք հայտնելը: Համենայնդեպս, ազգային թիմում անցկացրած ընկերական հանդիպումներում չէր տպավորել:

Այո, պետք է ընդունել, որ դժվար կլինի  նման Բոսնիա-Հերցեգովինայի հավաքականը հետ դրսում հաղթանակ գրանցել, բայց, ինչպես սիրում են ասել ֆուտբոլային աշխարհի մարդիկ` ֆուտբոլում անհնարին ոչինչ չկա:

Հետաքրքրական է

Transfermarkt-ի տվյալներով բալկանյան թիմի ֆուտբոլիստների ընդհանուր արժեքը գրեթե չորս անգամ մեծ է հայկական թիմից: Բոսնիացիներն ընդհանուր  արժեքը  164,5 միլիոն եվրո է, Հայաստանինը` 40,43:

«Վիշապների» ամենաթանկարժեք ֆուտբոլիստը «Յուվենտուսում» հանդես եկող Միրալեմ Պյանիչն է` 70 միլիոն եվրո: Հայաստանի ընտրանու և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը գնահատվում է 30 միլիոն եվրո:

Միջին տարիքային ցուցանիշով բոսնիացիներն ավելի երիտասարդ են. միջին տարիքը` 26,6 է, հայերինը` 27,4:

Լեգիոներների թվով տանտերերը հսկայական առավելություն ունեն` 22-ն ընդդեմ 14-ի:

ՖԻՖԱ-ի վարկանիշում Բոսնիան 35-րդ տեղում է, իսկ Հայաստանը` 101:

Մարզիչների ցուցանիշների համեմատությունում հաղթում է Արմեն Գյուլբուդաղյանցը: Նա իր կարիերայում միջինը մեկ խաղում վաստակել է 1,75 միավոր, իսկ բալկաններին գլխավորող Ռոբերտ Պրոսինեչկին` 1,67: