26.03.2019 12:39

Արսեն Գրիգորյան. «Քաղաքացու օրը» պետք է լինի

Արսեն Գրիգորյան. «Քաղաքացու օրը» պետք է լինի

«Քաղաքացու օրը» շատերին հանգիստ չի տալիս՝ իբր, ինչպե՞ս վարվեն նրանք, ովքեր հեղափոխության օրը չեն քայլել: Եվ ընդհանրապես, դա, ըստ նրանց, չի կարող լինել բոլորի տոնը: Էստեղ խնդիր կա՝ պարտադիր չէ, որ այն տոն օր լինի: Բայց օրը պետք է լինի:

Բոլոր նման օրերը իրենցից ենթադրում են երեւույթի մոնիթորինգ, մարտի 8-ը կանանց իրավունքների մոնիթորինգի օր է, մայիսի 1-ը՝ աշխատավորների, հունիսի 1-ը՝ երեխաների: Նույնիսկ հունվարի 1-ը նոր օրվան պատրաստ լինելու մոնիթորինգի օր է, մենք ասում ենք, չէ՞, ոնց դիմավորես տարին, էնպես էլ կգնա: Քաղաքացին, իհարկե, կին կամ երեխա չէ, բայց կինը եւ երեխան դառնում են քաղաքացի: Քաղաքացին տիտղոս է, որով դու դառնում ես պետականության մաս: Դիցուք, ինչպես քրիստոնյան է մկրտվելով դառնում եկեղեցու մաս: Քաղաքացին ձեւավորվում է իր կատարած ընտրությամբ: Երբ նրանից խլում ես ընտրությունը, խլում ես քաղաքացիությունը: Երբ ինքը կեղծում է ընտրությունը, իր մեջ սպանում է քաղաքացուն: Այդ օրը պետք է լինի, որպեսզի ինքդ քեզ հաշիվ տաս, թե ինչն ես ճիշտ արել եւ ինչը՝ սխալ:

Սա այնքան բնական օր է պետության համար: Քաղաքացու մեջ մարդուն մի փնտրեք: Հայաստանում քաղաքացին ես եմ, իսկ մարդը՝ վրացին: Ինչպես եւ Վրաստանում քաղաքացին ինքն է, իսկ մարդը՝ ես: Որովհետեւ ես չունեմ այնտեղի քաղաքացու պարտականություններն այնտեղ: Բայց ես պարտավոր եմ քաղաքացու իմ մշակույթով մտնել Վրաստան, որպեսզի հանկարծ մի անհամություն չանեմ: Ժամանակին Հայաստանից Եվրոպա արտագաղթողներն աչքի էին ընկնում տարբեր հանցագործություններով, ասենք՝ ադրբեջանցու անձնագրով: Եվրոպացին չգիտեր, որ իրեն խաբում են: Եվրոպացին չէր կասկածում, որ իր հետ կարող են այդպես վարվել: Որովհետեւ ինքը ձեւակերպել է այն ամենը, ինչը Եվրոպան դարձրել է քաղաքակրթության փարոս: Արտագաղթողը դեպի այդ փարոսի փիլիսոփայություն չէր վազում, այլ այդ փարոսի արդյունք, այսինքն, դեպի մի արժանապատվություն կամ բարեկեցություն, որի ստեղծման համար ինքը մատը մատին չէր խփել: Ահա ինչու հեշտորեն էլ ապականում էր այն:

Գուցե նոր իշխանությունների հանդեպ համակրանքից շատերը չեն վիճարկում «Քաղաքացու օրը», բայց այնքան էլ լավ չեն հասկանում, թե մեր ինչի՞ն է պետք այն: Ես ինքս էլ չէի հասկանա, եթե այս օրը լիներ ավելի շուտ, քան ես կհասցնեի ՀՀ քաղաքացու անձնագիր ձեռք բերել: Բայց այս օրը մի կարեւոր բան է արձանագրում՝ այն քաղաքացին, որին ունենալու ենք, լինելու է անշրջելի: Նրանք, ովքեր ժամանակին լավ են զգացել ՀՀԿ-ական իշխանության ներքո, նույնիսկ նրանք ունեն ընտրության հնարավորություն՝ ներփակվել անցյալի մեջ կամ բացվել նոր Հայաստանում: Որովհետեւ օրն արդեն կա: Իսկ պետությունը չունի մենաստաններ հակաքաղաքացիների համար: Վաղը դու չես կարող նորից իշխանություն վերցնել ու ասել՝ մեզ այս օրը պետք չէ: Որովհետեւ պիտի կարողանաս, նախ, պաշտոնապես ձեւակերպել, որ քեզ քաղաքացի պետք չէ: Մինչեւ հիմա չէիր արձանագրել, որ պետք է, իսկ այսօրվանից ոչ ոք չի կարող ասել, որ պետք չէ: Մինչեւ հիմա (դե, մինչեւ հեղափոխությունը) «պետությունը» քաղաքացու կարիք չի ունեցել, իշխանությունն ամեն ինչ անում էր մարդու անունից, որի քաղաքացի լինելու բոլոր «օդերը փակվել էին»: Այս օրը մեզ պետք է վաղվա համար, ինչպես անկախությունն է պետք: Այսօր ոչ ոք չի վիճարկում անկախությունը, պարզապես ապրում է նրա մեջ, այդպես էլ ապրելու է քաղաքացու մեջ: Ահա՛ օրվա խորհուրդը: