26.03.2019 16:51

2008, մարտի 20. Քոչարյանը հայտնում է, որ արգելել է վերահաշվարկի ընթացքում դադարեցնել հանրահավաքը

2008, մարտի 20. Քոչարյանը հայտնում է, որ արգելել է վերահաշվարկի ընթացքում դադարեցնել հանրահավաքը

2008 թվականի մարտի 20-ին Ռոբերտ Քոչարյանը մամուլի ասուլիս է հրավիրում, որտեղ հայտարարում է, որ իր հրամանով մարտի 1-20-ը հայտարարված արտակարգ դրության ռեժիմը չի շարունակվելու:

Ասուլիսի ժամանակ Քոչարյանը պատասխանում է նաեւ լրագրողների հարցերին եւ մի շարք ուշագրավ հայտարարություններ է անում:

Մասնավորապես, լրագրողներից մեկը հարցնում է, թե «ինչպիսի՞ վարքագիծ, մոտեցում կորդեգրեն իշխանությունները, իրավապահ մարմինները, եթե արտակարգ դրության ավարտից հետո, այնումենայնիվ, շարունակվեն հանրահավաքները, երթերը»:

Հիշեցնենք, որ մարտի 1-ին Քոչարյանի ստորագրած հրամանագրով մինչեւ մարտի 20-ը այսպիսի սահմանափակումներ էին մտցվել.

1) ժողովների, հանրահավաքների, ցույցերի, երթերի եւ այլ զանգվածային միջոցառումների իրականացման արգելում.

2) գործադուլների եւ կազմակերպությունների գործունեությունը դադարեցնող կամ կասեցնող այլ միջոցառումների արգելում.

3) իրավապահ մարմինների կողմից, անհրաժեշտության դեպքում, անձանց, տրանսպորտային միջոցների տեղաշարժի սահմանափակում եւ զննության իրականացում.

4) զանգվածային լրատվության միջոցների կողմից պետական եւ ներքաղաքական հարցերի առնչությամբ հրապարակումները կարող են իրականացվել բացառապես պետական մարմինների պաշտոնական տեղեկատվության սահմաններում.

5) առանց համապատասխան պետական մարմինների թույլտվության՝ թռուցիկների եւ այլ ձեւով քաղաքական քարոզչության իրականացման արգելում.

6) արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայող հանգամանքների վերացմանը խոչընդոտող կուսակցությունների եւ այլ հասարակական կազմակերպությունների գործունեության ժամանակավոր կասեցում.

7) արտակարգ դրության իրավական ռեժիմը խախտած եւ տվյալ տարածքում չբնակվող անձանց վտարում` նրանց միջոցների հաշվին, իսկ միջոցներ չլինելու դեպքում` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` կատարված ծախսերի հետագա փոխհատուցման պայմանով:

Այսինքն, մարտի 20-ից հետո, հանրահավաքների անցկացման արգելքը փաստացի պիտի հանվեր:

Բայց Քոչարյանն ահա թե ինչ է պատասխանում.

«Եթե այդ հանրահավաքներն արտոնված չլինեն, ոստիկանության պարտքն է լինելու անմիջապես դադարեցնել։…Պահանջելու եմ ոստիկանությունից՝ անմիջապես կիրառել այն քայլերը, որոնք բխում են օրենքից։ Ընդհանրապես, հանրահավաքների վերաբերյալ ասեմ, որ իմ տպավորությունն ու համոզմունքն այնպիսին է, որ պետք է ինչ-որ ժամանակ հանրահավաքներ եւ երթեր ուղղակի չկազմակերպել»։

Հիշեցնենք, որ մարտի 1-ից հետո ԱԺ-ն հրատապության կարգով փոխեց «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքի նախկին կարգավորումները: Եւ եթե նախկինում հավաքը կարող էր տեղի ունենալ ինքնաբուխ (ինչպիսիք էին մինչեւ մարտի 1-ը Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքները), ապա 2008-ի մարտից արդեն իրազեկումն ու լիազոր մարմնի կողմից այդ իրազեկման թույլտվությունը դառնում էին պարտադիր:

Այսպիսով, Քոչարյանը բացահայտ հայտարարում է, որ նույնիսկ արտակարգ դրության ռեժիմի դադարեցումից հետո իշխանություններն արգելելու են ցույցերի անցկացումը, ինչն, ի դեպ, արվեց ամիսներ շարունակ:

Բայց վերջինս այսքանով չի բավարարվում, նաեւ բացահայտ ու բառացի հայտարարում է, որ ինքն է վերահսկել ոստիկանների գործողությունները, ինչն այսօր հերքում են իր փաստաբանները:

«Ինն օր չարտոնված հանրահավաքները ոստիկանության կողմից չէին դադարեցվում մեկ պատճառով՝ ես արգելել էի դա անել։ Արգելում էի, որովհետեւ վերահաշվարկ էր ընթանում, հետընտրական որոշ ժամանակահատված էր՝ կապված բողոքարկման գործընթացների հետ, եւ այդ պատճառով մտածում էի, որ կտրուկ գործողությունները կարող են դիտվել իբրեւ իշխանությունների կողմից այդ վերահաշվարկի, բողոքարկման գործընթացը խաթարելու փորձեր»։

Այսինքն, Քոչարյանն ինքն է հաստատում, որ հանրահավաքները դադարեցնելու մտադրություն կար դեռ քվեարկության օրվանից հետո, բայց դա այն ժամանակ չէր արվում միայն բողոքարկումների եւ վերահաշվարկների պատճառով, եւ ամենակարեւորը՝ հաստատում է, որ ոստիկանությունը այդ օրերին գործել է իր անմիջական հրահանգներով: 

Հիշեցնենք, որ ԿԸՀ ներկայացված բողոքները եւ դիմումները քննվել են մինչեւ փետրվարի 24-ը, այդ օրը երեկոյան ԿԸՀ-ն հրատապ նիստ հրավիրեց եւ Սերժ Սարգսյանին հռչակեց նախագահ: (Դրանից մեկ օր առաջ ՊՆախարար Մ. Հարությունյանը արդեն ստորագրել էր հայտնի 0038 հրամանը):

Նույն օրը նախագահի թեկնածու, Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ ընտրությունների արդյունքները բողոքարկելու են ՍԴ-ում:

Փետրվարի 26-ին Քոչարյանը հայտարարեց, որ իշխանության համբերությունը սպառված է, եւ ակնարկեց, որ այդ «համբերատարությունը» պայմանավորված էր միջազգային գործոնով:

Փետրվարի 29-ին Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչների բողոքը մուտքագրվեց ՍԴ: Դիմումն այնպիսին էր, որ ակնհայտ էր՝ դատարանը պարզապես չէր կարող չբավարարել այն՝ հատկապես Ազատության հրապարակում օրըստօրե ավելացող ցուցարարների առկայության պայմաններում:

Իսկ չէր կարող չբավարարել, քանի որ այդ դեպքում քննության առարկա պիտի դարձներ Սերժ Սարգսյանի՝ թեկնածուի գրանցման եւ նախընտրական քարոզարշավին մասնակցության սահմանադրականության հարցը, ինչն  անօրինական էր կատարվել 2008 թվականի Ընտրական օրենսգրքի համաձայն, ըստ որի՝ պետական պաշտոնատար անձինք պաշտոնավարման ընթացքում չէին կարող նախագահի թեկնածու գրանցվել եւ մասնակցել քարոզարշավին՝ առանց իրենց պաշտոնական պարտականությունները թողնելու, ինչը Սերժ Սարգսյանը չէր արել 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ:

Եթե ՍԴ-ն այս փաստարկը գնահատեր, ոչ թե անվավեր կճանաչվեին 2008-ի փետրվարի 19-ի ընտրությունների արդյունքները, այլեւ՝ ընտրությունների երկրորդ փուլ նշանակվելու դեպքում՝ Սերժ Սարգսյանը այլեւս չէր կարողանալու լինել թեկնածուների ցանկում:

Սակայն դիմումի մուտքագրման հաջորդ օրը՝ մարտի 1-ին իշխանությունները ցրեցին ցույցը: ՍԴ-ն դիմումը քննեց արտակարգ դրության պայմաններում, մերժեց դիմումը՝ առանց գնահատման թողնելով նշված ամենակարեւոր եւ առաջնային փաստարկը:

Դեռ այն ժամանակ մամուլը ահազանգում էր, որ ՍԴ անդամների վրա իշխանությունները ճնշումներ են գործադրել:

Անգամ Wikileaks-ի գաղտազերծված փաստաթղթերից մեկով հայտնի էր դարձել, որ 2008-ի մարտի 6-ին ՍԴ անդամ Վալերի Պողոսյանի եւ ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների հանդիպման ժամանակ Պողոսյանը պատմել է, թե ինչպես են նախագահականից ճնշում ՍԴ անդամներին, որպեսզի 2 օր անց ՍԴ անդամները մերժեն առաջին նախագահի բողոքը, չնայած, ըստ Պողոսյանի, ՍԴ անդամները հակված էին բավարարել հայցը։

2018-ի ամռանը Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել 2008-ին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գեւորգյանին՝ արդարադատությանը խոչընդոտելու համար:

Հ.Գ. Նույն ասուլիսի ժամանակ Ռոբերտ Քոչարյանը նաեւ «մարգարեական» կանխատեսում է անում: Մասնավորապես, անդրադառնալով 2008-ի քաղաքական իրադարձություններով եւ մարտի 1-ի վերաբերյալ հարուցված քրեական գործերին՝ նա հայտարարում է. «Իրավապահ մարմինները քաջ գիտակցում են, որ եթե չունենան բավարար ապացույցներ, այդ գործը գնալու է Եվրոպական դատարան, որը կարդարացնի այդ մարդուն կամ մարդկանց ու կտուգանի պետությանը»:

Այդ գործերն իսկապես գնացին ՄԻԵԴ: Եվրոպական դատարանը հերթով բավարարում է դրանք:

iLur.am