27.03.2019 23:36

Թամարա Մելքոնյան. «Արցախում տղերք ունենք...»

Թամարա Մելքոնյան. «Արցախում տղերք ունենք...»

Թամարա Մելքոնյանը Ֆեյսբուքում գրում է.

«Ամեն անգամ, երբ հավ եմ տապակում, էս պատմությունն եմ հիշում... Պատերազմի տարիներն էին, մեր տղաները հաճախ էին մեկնում Արցախ, ամիսներով տեղեկություն չէինք ունենում, ամեն հերթափոխի ժամանակ սպասում էինք, երբ նոր հերթափոխի բժիշկներն էին գալիս, իրար հայացքով հարցնում էինք, գլխի բացասական շարժումից հասկանում էինք, որ տղաները դեռ չեն եկել, տղաներն էլ ջահել, ջիվան, ոմանք բժշկականի ուսնողներ էին, ֆելդշեր էին աշխատում, մենք էլ էինք ջահել, դեռ երեսուն տարեկան էլ չկայինք։ Էդ տարիների կանչերը սարսափելի էին, մանավանդ երբ հիվանդը բարձրահարկ շենքի բնակիչ էր, հետն էլ վերևի հարկում էր բնակվում, լույս չկար, վերելակներն էլ չէին աշխատում։ Այդպիսի մի հերթական կանչի ժամանակ մեր բժշկուհիներից մեկը կանչը սպասարկել էր, դուրս գալու պահին հիվանդ կնոջ տղան հարյուր դոլար էր մեկնել մեր բժշկուհուն, բժշկուհին հրաժարվել ու դուրս էր եկել, էս տղան ապշած ասել էր ՝ ես քո ցավը տանեմ, բժիշկուհի ջան, էսքան հարկ ոտքով բարձրացար, մոմի լույսի տակ օգնություն ցույց տվեցիր, արդեն մեկ ամիս է Երևանում եմ, ինքս Ամերիկայում եմ ապրում, գիտեմ՝ ոնց եք ապրում, մի՞թե պիտի հրաժարվես, բժշկուհին ասել էր ՝ մեր գործն է, կատարում ենք, ու հրաժեշտ էր տվել։

Իսկ կայանում գիշերը մի էլեկտրական փոքր ջեռուցիչ ունեինք, բոլորս հավաքվում էինք ամենափոքր սենյակում, որպեսզի սենյակը շուտ տաքանար... քնել չէր լինում, որովհետև սենյակներում շատ ցուրտ էր, մեր տղաներից մի քանիսը կիթառ էին նվագում, մենք էլ երգում էինք, մեզ զբաղեցնում, որ չքնենք, սպասում էինք մեր տղաների վերադարձին...

Մեկ ժամ էլ չէր անցել էդ կանչից, մեր սենյակի դուռը թակեցին, ներս մտավ հիվանդի տղան, ու ամբողջ սենյակը լցվեց գրիլի հոտով։ Սեղանին լցրեց կոնֆետներ, սիգարետներ, սուրճ (եթե հիշում եք՝ էն ժամանակ Մարս ու Սնիկերսը մեծ ցանկություն էր, դե մենք գնում էինք, ինքներս չէինք ուտում, տուն էինք տանում մեր երեխաների համար)... Կանանց, որոնք երեխաներ ունեին տանը, աչքերը ակամայից լցվեցին, մի քանիսը դուրս եկան սենյակից, էս տղան ոգևորված սեղանին դրեց հավը, կտրատեց, լավաշի մեջ փաթաթեց. որ մեկիս մոտեցնում էր, հրաժարվում էինք, մեկ էլ ասաց՝ ինչու՞ եք հրաժարվում, սիրով եմ ախր հյուրասիրում։ Մեր կիթառ նվագողը, որ չէր դադարեցրել իր երգը, հանկարծ լռեց, մի պահ քար լռություն տիրեց, ու ասաց. «Ապեր, մենք իհարկե շնորհակալ ենք, բայց տանը երեխեք ունենք, որ շաբաթներով հավ չեն ուտում, Արցախում տղերք ունենք, իրենցից տեղեկություն չունենք, էդ ո՞նց ես պատկերացնում, կուլ կգնա՞»... Հիվանդի տղան արտասվեց ու արցունքների միջից անընդհատ կրկնում էր՝ ես ձեր ցավը տանեմ, ես ձեր ցավը տանեմ...

Հետո խնդրեց, որ մեզ հետ նստի, սուրճ եփեցինք, ոմանք կանչի գնացին էդ ընթացքում, իսկ պատուհանից այն կողմ արդեն լուսանում էր...

Ու մեկ էլ թափով, դուռը բացվեց, մեր տղաները աղմուկ-աղաղակով լցվեցին սենյակ, դե մնացածը արդեն պատկերացնում եք՝ գրկախառնություն, լաց , ուրախություն... Հիվանդի տղան էլ էր խառնվել էդ գրկախառնություններին, ասես հազար տարվա ծանոթ լինեինք... Հավը մի քանի րոպեից արդեն չկար, էդ ուրախության մեջ մեր նոր ընկերն անընդհատ կրկնում էր՝ ես ձեր ցավը տանեմ, ի՞նչ եմ կորցրել էդ Ամերիկայում։

Հետո տղաները սկսեցին պատմել, չէինք էլ նկատել, թե ինչպես էր մեր նոր ընկերը դուրս եկել, մեկ էլ նորից մտավ՝ էլի գրիլներ ձեռքը, ասաց՝ քեֆ ենք անում, տղերքն եկել են, իմ ոտքն էլ խերով էր։ Բոլորս նստեցինք սեղանի շուրջը, ու լսում էինք տղաներին։ Առավոտյան, երբ նոր հերթափոխը եկավ, մենք էլ պիտի գնայինք, մեր նոր ընկերը մեզ խնդրեց, որ թույլ տանք իրեն ամեն անգամ՝ մինչև Ամերիկա վերադառնալն այցելի մեզ։ Իհարկե՝ մենք համաձայնվեցինք»: