28.03.2019 11:33

Արսեն Գրիգորյան. «Ոչ մի թիզ»-ական Քոչարյանը՝ «Հայաստանն առանց Մեղրիի» գաղափարի հեղինակ

Արսեն Գրիգորյան. «Ոչ մի թիզ»-ական Քոչարյանը՝ «Հայաստանն առանց Մեղրիի» գաղափարի հեղինակ

Հոկտեմբերի 27-ը, որպես քրեական գործ, դեռ ուրվական է: Այսինքն՝ 27-ի այն գործը, որը դեռ ուրվագծվում է բոլորովին նոր իրավիճակում: Ու Ռոբերտ Քոչարյանն արդեն խառնվել է իրար: Մարտի 1-ը պակաս փորձություն է դառնալու այս մեկի մոտ: Ինչո՞ւ:

Որովհետեւ հոկտեմբերի 27-ից մնացած անպատասխան հարցերն ավելի շատ հատորներ կզբաղեցնեն, քան բուն գործի հատորներն են: Ու այս գործով ինքն անցնելու է առնվազն որպես մեկը, որ ամենաակտիվ մասնակցությունն է ունեցել չբացահայտման մեջ, որպես մեկը, որի օրոք, առանց մատը մատին խփելո, կոծկվեց 27-ի գործով անջատված մասը: Ընդհանրապես՝ այս մարդուն դժվար է նախանձել: Նրա նախագահության շրջանը չբացահայտված սպանությունների ժամանակաշրջան է:

Այդ սպանություններից մի տեսակ «առաքելության» հոտ է գալիս: Այսինքն՝ եթե իշխանության մեջ էդ մարդն է, ուրեմն՝ առանց արյան ինքը չի գլորելու էդ գրողի տարած 10 տարին, նա, ով մեռավ այդ ընթացքում, առաքյալ էր: Գինն, իհարկե, վճարեց Հայաստանի Հանրապետությունը:

Վերադառնանք հոկտեմբերի 27-ին: Ինչ է ենթադրում այս գործի վերաբացումը: Դա ենթադրում է, որ  պատմելու նույնքան բան ունեն ոչ միայն արդեն դատապարտվածները, այլեւ քննիչները, դատավորը: Նրա գրքում մի հետաքրքիր դրվագ կա՝ Քոչարյանը խոստովանում է, որ աշխատանքային ժամերին իրեն երբեք թույլ չի տվել օղի խմել, այդ օրն իրեն թույլ է տվել, երբ Վազգեն Սարգսյանը մոտն է եղել: Գուցե փոքր հարց է, գուցե փորձել է ցույց տալ, թե ինչքան մեծ կարեւորություն է տվել Վազգենին: Թվում է, թե գրքով ամեն ինչ պատմել է, սակայն ո՞վ գրքում կնկարագրի իր քաղաքական վախերը, հատկապես՝ երբ հավակնում է մնալ քաղաքականության մեջ:

Գրքում ինքը նկարագրում է մի դրվագ, որ մինչ անձամբ ԱԺ-ում ելքեր է մտածում, թե ինչպես վնասազերծեն հանցագործներին, ՊՆ-ում հավաքվել են բոլորը, ովքեր իր պատճառով պաշտոն էին կորցրել: «Միացել էին նաև նրանք, ովքեր կարծես ոչինչ չէին կորցրել, բայց միշտ վախեցել էին ինձնից, դրա համար էլ պտտվում էին Վազգեն Սարգսյանի շուրջը՝ համարելով, որ նրա հետ մտերմությունը ապագայում անվտանգություն կապահովի իրենց համար»,-գրում է Ռոբերտ Քոչարյանը: Այստեղ ակամա խոստովանություն կա, թե ով էր Վազգեն Սարգսյանն իր համար: Նա ստնտուն էր բոլոր այն մարդկանց, ովքեր մի օր կարող էին իր՝ Քոչարյանի գլխին փորձանք դառնալ: Վազգենը վահան էր իր եւ մնացածի միջեւ: Եվ այդ վահանը չկար: Պարզ չէ՞, որ դժվարն արված էր:

Ռոբերտ Քոչարյանը, սակայն, 27-ի գործից վախենալու մի սարսափելի «վկա» ունի՝ Մեղրիի խնդիրը: Այս թեման մի կերպ են իր իշխանության ժամանակ պահել վերահսկողության տակ, իսկ հիմա արդեն փաստ է, որ երբեւէ հողեր չզիջող Ռոբերտ Քոչարյանը պատրաստ է եղել հող զիջել, խիստ կոնկրետ հող՝ Մեղրիի տարածաշրջանը: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչպիսի լեգենդ է ցնդում՝ հող չտվողը առուծախի թեմա է դարձրել Հայաստանի Հանրապետությունը, որի սահմանները պարտավոր է պաշտպանել Սահմանադրությամբ: Ի՞նչ ասեր այն ժամանակ, ասեր՝ հա, Մեղրիի հարցով բազար եղե՞լ է: Պատկերացնո՞ւմ եք, այդ մարդը հիմա դողում է այն մտքից, որ նա գուցե մարտի 1-ի 10 զոհերի սպանությունը համաձայն լիներ իր վրա վերցնել, միայն թե էս մի փաստը ջրի երես դուրս չգար: Եվ ամենասարսափելին այն է, որ Մեղրին առուծախի թեմա է դարձել հենց նրա նախագահության սկզբում, այսինքն՝ այս մարդն ամենասկզբից հենց այդպես է պատկերացրել հարցի լուծումը՝ մի կտոր կտանք Հայաստանից, Լաչինը կպահենք: Եվ ո՞վ այսուհետեւ կհավատա, թե այս մարդը գերազանց գիտեր, թե ինչ է անում, երբ Ղարաբաղում կռվում էր այդ հողի համար: «Ոչ մի թիզ հողի» պաշտոնական հովանավորը, փաստորեն, Հայաստանը չի ընկալել այդ գաղափարի մեջ, պատրաստ է եղել շատ էական թիզ զիջել Ադրբեջանին: Ադրբեջանին, Կառլ:

Վարագույր: