28.03.2019 15:00

Ալժիր. «Աբդելազիզ Բուտեֆլիկան պետք է հեռանա»

Ալժիր. «Աբդելազիզ Բուտեֆլիկան պետք է հեռանա»

Աբդելազիզ Բուտեֆլիկան պետք է հեռանա:

Իշխող դաշինքի «Ազգային դեմոկրատական ժողով» կուսակցությունը  Ալժիրի նախագահին կոչ է արել  հեռանալ պաշտոնից՝ առողջության վատթարացման բերումով:

Վեց տարի առաջ պետության 82-ամյա ղեկավարը ինսուլտ է տարել և դրանից հետո հազվադեպ է ներկայանում հանրությանը:

Նախկինում այդ փաստը չէր խանգարել ԱԴԺ-ում Բուտեֆլիկայի կողմնակիցներին, «Ազգային ազատագրական ճակատի» հետ միասին, պաշտպանելու նրա թեկնածությունը նախագահական նոր՝ հինգերորդ ժամկետի համար: Սակայն իրավիճակը փոխվեց այն բանից հետո, երբ երկրում սկսվեցին բողոքի զանգվածային ցույցեր: Դրանց արդյունքում հրաժարական տվեց երկրի վարչապետը՝ «Ազգային դեմոկրատական ժողովի» առաջնորդ Ահմեդ Ույահյան:

Նախագահն ինքը հրաժարվեց մասնակցել ընտրություններին: Սակայն նա քվեարկության ամսաթիվը հետաձգեց անորոշ ժամանակով: Իշխող վարչակազմի հակառակորդների կարծիքով՝ այդպիսով Բուտեֆլիկան փորձում է պահել իշխանությունը:

Երկիրը ճգնաժամից դուրս բերելու պլան է առաջարկել Ազգային ժողովրդական բանակի գլխավոր շտաբի պետ Ահմեդ Հաիդ Սալահը: Նա նույնպես հայտարարել է Բուտեֆլիկայի անգործունակության մասին: Նա հիշեցրել է, որ Ալժիրի սահմանադրությունը նախատեսում է գործող նախագահի պաշտոնանկությունը ծանր կամ տևական հիվանդության դեպքում: Երկրի հիմնական օրենքի համաձայն՝ նման իրավիճակում պետության ղեկավար է նշանակվում խորհրդարանի ղեկավարը, և հաջորդ երեք ամիսների ընթացքում տեղի են ունենում արտահերթ ընտրություններ:

Ալժիրում արդեն մի քանի շաբաթ է՝ բողոքի զանգվածային ցույցեր են տեղի ունենում:

Փոխանցում է euronews-ը: