29.03.2019 10:02

Թե ինչպես է Քոչարյանը ոչնչացնում ինքն իրեն

Թե ինչպես է Քոչարյանը ոչնչացնում ինքն իրեն

Ռ. Քոչարյանի «Կյանք եւ ազատություն» գրքից մի հատված.

 «Բանակցային պրոցեսն ուներ նաեւ երկրորդ մի բաղադրիչ՝ անմիջապես կապված ռազմական գործողությունների հետ։ Ամեն անգամ, մեր կողմից հերթական շրջանի զբաղեցումից հետո, ռուսաստանյան միջնորդը մեզ առաջարկում էր հրադադարի մասին համաձայնագիր կնքել։ Եւ ամեն անգամ մենք պնդում էինք, որ այդ համաձայնության տակ պետք է դրվեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության կամ արտաքին հարաբերությունների նախարարների, ոչ թե Հայաստանի ստորագրությունը, ինչպես դա պահանջում էր Ադրբեջանը։

Դա սկզբունքորեն կարեւոր էր, քանի որ ընդգծում էր մեր կարգավիճակը որպես հակամարտության կողմ, եւ այն փաստը, որ մեր անկախության հիմքում դրված է ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը։ Եթե որպես հակամարտության կողմ ճանաչվում էր Լեռնային Ղարաբաղը, Հայաստանը միջազգային հանրության աչքում դիտվում էր որպես հակամարտության մեջ ներքաշված կողմ, ոչ թե դրա սկզբնաղբյուր։ Եւ դա ամբողջությամբ համապատասխանում էր իրականությանը։ Մինչդեռ Ադրբեջանը ղարաբաղյան հակամարտության ողջ ընթացքում միշտ կառչում էր պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքին։ Հրադադարի մասին համաձայնագրերի ստորագրումը առանց Ղարաբաղի, միայն Հայաստանի հետ, կարող էր օգտագործվել, որպեսզի Հայաստանը միջազգային հանրության աչքում դիտվեր որպես հակամարտության կողմ, եւ նրան մեղադրեին հարեւան երկրի դեմ ագրեսիայի մեջ» (էջ 199-200)։

Ամեն ինչ ճիշտ է, անգամ՝ ճշգրիտ։

Այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի՝ որպես հակամարտության կողմի կարգավիճակը եւ նրան որպես ինքնորոշվող սուբյեկտ ճանաչելը (կամ նրա ինքնորոշման իրավունքը), պատկերավոր ասած՝ նույն ձողի երկու ծայրերն են կամ մագնիսի երկու բեւեռներ. չկա մեկը՝ չի կարող լինել մյուսը։

Եւ հայկական դիվանագիտությունը 1994 թվականին հասավ նրան, որ ոչ թե ժամանակավոր հրադադարների համաձայնություններով «ընդգծվի», այլ միջազգային ամենաբարձր՝ ԵԱՀԿ մակարդակով միջազգայնորեն արձանագրվի եւ ճանաչվի Լեռնային Ղարաբաղի՝ հակամարտության լիիրավ եւ հավասարազոր կողմ լինելը։ Եւ դա արվեց ոչ միայն ի հեճուկս Ադրբեջանի ամենահամառ դիմադրությունը, այլ նաեւ՝ նույն միջազգային հանրության չկամությունը հաղթահարելով (գաղտնիք չէ, որ միջազգային հանրության համար շատ ավելի հարմար է նմանօրինակ հակամարտությունները լուծել տարածքային ամբողջականության, քան ինքնորոշման իրավունքի սկզբունքի հիման վրա)։

Այսինքն՝ իր տարողությամբ ու քաղաքական կշռով Հայաստանի դիվանագիտական այս հաղթանակը նույնքան արժեք ու կշիռ ուներ, որքան ռազմաճակատներում տարած հաղթանակները. եթե ռազմաճակատային հաղթանակներն ապահովում էին Ղարաբաղի «ֆիզիկական» անվտանգությունը ներկա ժամանակում, ապա դիվանագիտական այդ ձեռքբերումն ապահովում էր ռազմաճակատային հաղթանակների քաղաքական արդյունավորումը՝ միջազգային իրավունքի հիման վրա ինքնորոշման ճանապարհով անկախության հասնելու խնդրի լուծումը ապագայում։ Մինչդեռ, չճանաչել Լեռնային Ղարաբաղը որպես հակամարտության կողմ, կնշանակեր Ղարաբաղն ինքնորոշվող սուբյեկտից վերածել տարածքային վեճի օբյեկտի, այո, կնշանակեր նաեւ ճանապարհ թողնել Հայաստանն ագրեսոր ճանաչելու համար՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով՝ թե՛ Հայաստանի, թե՛ Ղարաբաղի համար։

Եւ այս ամենը, ինչպես տեսնում ենք, շատ լավ հասկացել է Քոչարյանը։

Հասկացել է ոչ միայն սա։

Եւս մի մեջբերում նրանից.

«Ղարաբաղը չճանաչված հանրապետություն էր մնում, մեզ վրա ուղղակի ճնշում գործադրելու լծակներ չկային, և, բնականաբար, ողջ ճնշումը կենտրոնանում էր Հայաստանի վրա: Տրամաբանությունը հասկանալի էր. քանի որ Հայաստանն օժանդակում է Ղարաբաղին, նրա վրա էլ ընկնում է մեզ մոտ տեղի ունեցողի պատասխանատվությունը» (էջ 183):

Այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի, որպես հակամարտության կողմի միջազգային մանդատը նաեւ յուրահատուկ մի առավելություն ուներ։ Ղարաբաղին չէին կարող ճնշել, ի տարբերություն Հայաստանի եւ Ադրբեջանի՝ նրա նկատմամբ միջազգային սանկցիաներ հնարավոր չէր կիրառել։ Այս հանգամանքը հայկական կողմի համար դիվանագիտական ճկունության կարեւոր մի մեխանիզմ էր, եւ դա էլ է ճշգրիտ արձանագրում Ռ. Քոչարյանը։

Եւս մի խոսուն մեջբերում 1994-ի մայիսի սկզբին Բիշքեկում հրադադարի բանակցությունների առիթով.

«Համաձայնագրի ստորագրման այն պայմանները, որ անմիջապես սկսեց առաջ քաշել Ջալիլովը, անընդունելի էր մեզ համար. օրինակ, նա պահանջում էր, որպեսզի արձանագրության տակ դրվի Հայաստանի ստորագրությունը, հայտարարելով, թե ԼՂՀ-ի մասնակցությունը այդ հանդիպմանը ընդհանրապես օրինաչափ չէ, քանի որ, նա, իբր, «հակամարտության կողմ» չէ.... Դա հատկապես զարմանալի էր, նկատի ունենալով այն փաստը, որ 1993 թվականի ընթացքում մենք ուղիղ, առանց Հայաստանի մասնակցության, ստորագրել ենք կրակի դադարեցման տասը համաձայնագիր։ Ես կարող եմ ենթադրել այդօրինակ անհետեւողականության պատճառը.  հիմա, գործը խաղաղության էր գնում, նրանք հատկապես անհանգստանում էին, որ հաջորդ քայլով մենք պահանջելու ենք ԼՂՀ անկախության ճանաչումը» (էջ 212)։

Ադրբեջանը հրադադարից եւ Լեռնային Ղարաբաղի համար հակամարտության կողմի մանդատի վերջնական ձեռքբերումից հետո էլ չի հաշտվել այդ իրողության հետ ու ամեն կերպ պայքարել է այն չեղարկելու համար։ Ահա եւս մի վկայություն արդեն 1996 թվականին վերաբերող.

«Այսպիսով, Ադրբեջանը հերթական անգամ ջանում էր ցույց տալ, թե Ղարաբաղը որպես հակամարտության կողմ գոյություն չունի, Բաքվին այնքան ձեռնտու մի դիրքորոշում, որ բացարձակապես անընդունելի էր մեզ համար» (էջ 206)։

Գուցե ինչ-որ բան փոխվե՞ց մի քանի տարի անց, եւ նոր հանգամանքներ ի հայտ եկան։ Ոչ միայն մի քանի տարի անց, այլեւ առ այսօր էլ ոչինչ չի փոխվել (Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմ լինելու եւ այդ հիմքով բանակցություններին մասնակցելու հարցը, ինչպես գիտենք, հիմա էլ դրված է ամբողջ սրությամբ)։  Միակ բանը, որ փոխվեց՝ դա Քոչարյանի՝ Հայաստանում առաջին դեմք դառնալն էր։ Եթե դա էր Լեռնային Ղարաբաղը հակամարտության կողմի մանդատից զրկելու հիմքը, ուրեմն պետք կլինի ընդունել, որ ի սկզբանե եղել է ոչ թե Ադրբեջան - Լեռնային Ղարաբաղ, այլ Ադրբեջան - Քոչարյան հակամարտություն ու պատերազմ։ Ինչ վերաբերում է Քոչարյանի ղարաբաղցի լինելու հանգամանքին, ապա դա այնքան անլուրջ է որպես փաստարկ, որ դրա մասին խոսելը վիրավորական է ցանկացած լսարանի համար։

Եւ այսպես, հենվելով Քոչարյանից վերը բերված քաղվածքների վրա, ակնհայտ է, որ նա՝

-         Հիանալի հասկացե՛լ է Լեռնային Ղարաբաղի, որպես հակամարտության կողմի, միջազգային մանդատի ձեռքբերման եւ ունենալու կարեւորությունն ու արժեքը։

-         Հասկացել է, որ դա բանակցություններում հայկական կողմի համար մեծ առավելություն է։

-         Հասկացել է, որ դա է լինելու Ղարաբաղի անկախության հասնելու տրամաբանական ու անշրջանցելի առարկայական հիմքը։

-         Հասկացել է, որ այդ մանդատից Ղարաբաղին զրկելը Ադրբեջանի ամենաառաջնային խնդիրն է։

Արդ, եթե հասկացել է՝

Ինչո՞ւ է 1998-ից հետո արել ճի՛շտ հակառակը՝ օտարել է այդ մանդատը։

Ինչու՞ է իր ձեռքով ոչնչացրել ռազմաճակատներում տարած հաղթանակներին համազոր դիվանագիտական այդ նվաճումը։

Ինչո՞ւ է զոհաբերել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի, անկախության հասնելու կարեւորագույն, առարկայական, միջազգայնորեն ճանաչված կռվանը։

Ո՞մ համար եւ ի՞նչ ծանրակշիռ խնդիր է լուծել Քոչարյանը գերթանկարժեք այս զոհաբերությամբ։

Ոչ թե ձեւական ու մանիպուլյատիվ, այլ բանական պատասխաններ են պետք այս հարցերին։

Կարգավորման բանակցություններ՝ նշանակում է լուծման հասնելու փնտրտուք փոխզիջումների հիմքի վրա։ Գուցե Լեռնային Ղարաբաղի՝ հակամարտության կողմի մանդատի զիջման դիմաց հայկական կողմի համար դրան համարժեք ինչ-որ բա՞ն է ստացել Քոչարյանը։ Կարգավորման հաջորդ փաստաթղթերում ոչ միայն նման մի հետք անգամ չկա, այլեւ շատ բան 1997-ի հնարավորությունների համեմատ կորսվել է։

Քայլն ակնհայտորեն նվեր էր Ադրբեջանին, որի երազանքն էր Ղարաբաղին զրկել ինքնորոշման իրավունքի առարկայական այդ հիմքից՝ հակամարտության կողմի միջազգային մանդատից, եւ հայկական կողմին՝ դիվանագիտական ճկունության բացառիկ այս հնարավորությունից։

Քայլն ակնհայտորեն նվեր էր նաեւ միջազգային հանրությանը. նախ՝ վերջինիս համար շատ ավելի հարմար է աշխատել այն սուբյեկտների հետ, որոնց վրա «ճնշումների» մեխանիզմ ունի, եւ երկրորդ, ինչպես ասացինք՝ դյուրին ու քիչ ծախսատար է նմանօրինակ հակամարտությունները կարգավորել պետությունների տարածքային ամբողջականության, քան ազգերի ազատ ինքնորոշման իրավունքի սկզբունքի հիման վրա։

Խույս տալով դավադրությունների տեսությանը հետեւելու գայթակղությունից եւ այդ հիմքով մեղադրանքից՝ մի կողմ թողնենք Ադրբեջանը։

Կմնա միջազգային հանրութունը. կարիք ունե՞ր Քոչարյանը վերջինիս սիրաշահելու կամ «վճարելու» ինչ-որ բանի դիմաց։

Կարճ հիշենք միայն մի փաստ։

2001 թ. գարնանը, մինչեւ քիվեսթյան հանդիպումը, ԱՄՆ պետդեպի՝ Մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցում արձանագրվեց, որ՝ Քոչարյանի օգտին 1998 թ. ընտրություններում կեղծվել է «100.000-ից շատ ավելի ձայն». ոչ թե «ավելի քան 100.000», այլ հենց՝ «100.000-ից շատ ավելի»։ Նման փաստաթղթերում բառերն ու ձեւակերպումները պատահական չեն ընտրվում։ Դա նշանակում էր, թե այս թիվը կարող էր մեծանալ (կարող էին մեծացնել) այնքան, որ հարցականի տակ դրվի Քոչարյանի օրինակարգությունը (այսօր այդ հարցով ՀՔԾ-ն պատրաստվում է գործ հարուցել)։ Ինչո՞ւ էր միջազգային հանրությունը, ի դեմս ԱՄՆ պետդեպի, ընտրություններից երեք տարի անց նման կոշտ արձանագրմամբ սրում Քոչարյանի օրինակարգության հարցը։ Ասենք, որ այդ շրջանում եղան միջազգային այլ ճնշումներ եւս՝ Հայաստանի համար աննպաստ գնահատականների, արձանագրումների եւ ակնարկների տեսքով (տե՛ս «Հայկական ժամանակ» 19.05.2001)։ Հնարավոր է, որ եղել են ճնշումների այլ փաստեր, որոնք չեն հրապարակայնացվել եւ մեզ հայտնի չեն։ Քոչարյանի ոչ օրինակարգության հիմքերին, բնականաբար, կարող էր ավելանալ նաեւ 1998-ին որպես նախագահի թեկնածու նրա առաջադրման հակասահմանադրականության հետ կապված խնդիրը։ Հիշեցնենք, որ այս հիմքով 1998-ի նախագահական ընտրությունների հետ կապված՝ հայաստանյան հանրությունը երկու համոզում ուներ. նախ՝ որ Քոչարյանը ապօրինի է առաջադրվել, երկրորդ՝ որ ընտրություններում հաղթել է Կարեն Դեմիրճյանը։

Արդ, փորձենք գտնել հիմնական՝ «ո՞ւմ համար եւ ի՞նչ ծանրակշիռ խնդիր էր լուծում Քոչարյանը ԼՂ հակամարտության կողմի մանդատի գերթանկարժեք այս զոհաբերությամբ» հարցի պատասխանը. կա՛մ ժամանակին (ընտրվելուց առաջ կամ հետո) նա ինչ-որ բան էր խոստացել միջազգային հանրությանը ու չէր արել, կա՛մ, պարզապես, իր ոչ օրինակարգության վրա աչք փակելու համար որպես հատուցում նրանից պահանջվել է զոհաբերել Լեռնային Ղարաբաղի՝ հակամարտության կողմի մանդատը։

Ստացվում է, որ՝

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմի այդքան կարեւոր ու գերթանկարժեք մանդատով Քոչարյանը պարզապես ՎՃԱՐԵԼ է իր ոչ օրինակարգության կամ սեփական անձի համար կենսական կարեւորության այդօրինակ մի խնդրի դիմաց։

Բանական որեւէ այլ բացատրություն, պարզապես, դժվար է գտնել։ Որեւէ այլ բացատրություն կամ մեկնաբանություն մերժվում, բացառվում է հենց իրենից վերեւում բերված ցիտատների բովանդակային հիմքով։ Դրանով մերժվում, բացառվում է նաեւ «հակամարտության կողմ»-ի փոխարեն «բանակցային կողմ» ձեռնածությունը, ինչից փորձում են կառչել Քոչարյանի պաշտպանները։ Լեռնային Ղարաբաղը, որպես հակամարտության լիարժեք եւ հավասարազոր կողմ, պաշտոնապես ստանում էր Մինսկի խմբի կարգավորման փաստաթղթերը եւ դրանց վրա «վետո» դնելու իրավունք ուներ, ինչպես Հայաստանը եւ Ադրբեջանը։ Հենց այս հիմքով նա Հայաստանի եւ Ադրբեջանի հետ միասին ստացավ 1997 թվականի «Փաթեթային» եւ «Փուլային» տարբերակները եւ «վետո» դրեց դրանց վրա, իսկ 1998 թվականին, դարձյալ Հայաստանի եւ Ադրբեջանի հետ միասին, ստացավ կարգավորման «Ընդհանուր պետություն» կոչվող տարբերակը, որին համաձայնեց։

***

Վերջերս նույն միջազգային հանրությունը, ի դեմս Մինսկի խմբի համանախագահների, ընդարձակ հայտարարությամբ մերժեց Լեռնային Ղարաբաղի՝ հակամարտության կողմի մանդատի վերականգնման եւ այդ հիմքով բանակցություններին մասնակից դառնալու խնդիրը։ Կենցաղային խոսքի «թարգմանած»՝ դրանով ասվում է. «Կներեք, բայց դուք այդ «ապրանքն» արդեն մի անգամ վաճառել եք, եւ մենք էլ դրա համար արդեն վճարել ենք...»։

-------------------

Հ. Գ. Վերջին պարբերության մեջ հատուկ խույս տվեցինք Ղարաբաղի համար բազմիցս հնչած «ծախել» բառից, որ քոչարյանական քարոզչամեքենան այնքան հաճախակի օգտագործում էր Լեւոն Տեր-Պետրոսյանի հասցեին՝ 1998-ից ի վեր։ Եւ ակամա հիշեցինք Առաջին նախագահի հրաժարականի հայտարարության հայտնի տողը. «Իսկ կյանքը ցույց կտա, թե ով ինչ է արել Արցախի համար, եւ ով է իրականում ծախում այն»։ 

Աշոտ Սարգսյան