24.09.2012 16:56

Րաֆֆի Հովհաննիսյանի նամակը «հայոց թագավորին»

Րաֆֆի Հովհաննիսյանի նամակը «հայոց թագավորին»

«24 սեպտեմբերի 2012

Ժ-240/12/007

Պարոն Սերժ Սարգսյանին
ՀՀ, ՀՀԿ, ԵՊՀ խորհրդի, Շախմատի ֆեդերացիայի նախագահ
Երեւան, Հայաստան՝ այն հրաշք երկիրը, որ մեզ է պատկանում 

Հարգելի պարոն Սարգսյան,

Իմ Ժ-202/11 թվակիր նամակին, բացի բանավոր պիտակավորումներից, իրական պատասխանի պատիվ չստանալով՝ Ձեզ եմ վերաուղարկում նույն գրության օրախնդիր պահանջները, որոնց բավարարումն անհրաժեշտ է առաջիկա նախագահական ընտրությունները 1991 թվականից այս կողմ առաջին անգամ օրինական դարձնելու համար: 

Այս ուղղությամբ, իհարկե, օգտակար կլինեն ոչ միայն Ձեր ձեւավորած կառավարությանն ուղղված հեռուստատեսային ողջունելի (ջերմ ողջույններս՝ այդ առիթով), բայց խիստ ընտրովի եւ ուշացած կշտամբանքները (բոլոր ոչ հայանպաստ նախարարներին պետք է կշտամբեիք), այլեւ խորհրդարանական վերջին ընտրություններում Ձեր անունից արված ու Ձեր ղեկավարած կուսակցության եւ/կամ իշխող մյուս կուսակցությունների կատարած՝ վարչական ռեսուրսի ու սպառնալիքի, համատարած ընտրակաշառքի, ընտրացուցակների ու բազմակի քվեարկության վերաբերյալ, ինչպես նաեւ բացարձակապես հակասահմանադրական մնացյալ զանցանքների մասին Ձեր համալիր, անկեղծ ու ինքնաքննադատական գնահատականը: Վերոնշյալը չի նշանակում, որ քննադատությունս ուղղված է առ ձեր անձը: Քավ լիցի: Ես էլ շատ լավ հասկանում եմ, որ «մեծերին, գլխից» ասելով՝ մենք պետք է նկատի ունենանք առավելագույնս միայն վարչապետին, քանզի որպես ձեր երդմնակալությանը մասնակցած միակ ընդդիմադիր գործիչ, դույզն անգամ կասկածի տակ չեմ առնում ձեր լեգիտիմությունը՝ որպես ՀՀ նախագահ: 

Ուրեմն այսպես.

«Ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու Ձեր հռչակած հանձնառությունն ըստ էության կյանքի կոչելու համար անմիջապես անհրաժեշտ ենք համարում, ուստիեւ առաջարկում ենք հետեւյալ հիմնաքայլերը.

1. Ձեր եւ պետական գործող բոլոր պաշտոնյաների հրաժարումը բարձր ուսումնական հաստատությունների հոգաբարձուների խորհրդի նախագահի ու համապատասխան այլ պաշտոններից: Մնացեք միայն ՀՀ եւ ՀՀԿ նախագահի պաշտոններում: Դա բնավ էլ չի վնասում երկրին, բայց ԵՊՀ խորհրդի Ձեր վսեմագույն նախագահությունը այնքան էլ հայաստանակենտրոն չի ընկալվում:

2. Բուհերի ուսումնական խորհուրդների ապակուսակցականացումն ու ուսանողության առջեւ բոլոր քաղաքական ուժերի հավասար մատչելիությունը` հատկապես «Ժառանգություն» կուսակցության համար: Մի երկու ուսխորհրդի նախագահ էլ մեզ տվեք: Հայաստանը կործանումից միայն այսպես կարելի է փրկել` ուսխորհուրդներն են այդ դավադիր ուժերը, որոնք կազմակերպում են գնաճ ու արտագաղթ, կոռուպցիա եւ թալան: 

3. Ձեր ղեկավարած կուսակցության բոլոր գրասենյակների դուրսբերումը քաղաքապետարանների, գյուղապետարանների, համայնքապետարանների, մշակութային տների, դրանց արտաքնոցների եւ հանրային սեփականություն հանդիսացող այլ շենքերից կամ էլ ցանկացող քաղաքական կուսակցությունների կողմից դրանց` միեւնույն պայմաններով օգտագործման ապահովումը: Թույլ տվեք մենք էլ մի քիչ օգտվենք մարզպետարանների շենքերից: Խոստանում ենք` չապակայունացնել մեր Հայաստան հրաշք երկիրը, որ բոլորիս է պատկանում, եւ այլեւս սարեր չշարժել: 

4. Ձեր կամ որեւէ այլ կուսակցության զինանշանի, ցուցանակի, պաստառի կամ անվան հղման հեռացումը քաղաքապետարանների, գյուղապետարանների, համայնքապետարանների, մշակութային տների, համալսարանների, դպրոցների ու դրանց արտաքնոցների եւ հանրային սեփականություն հանդիսացող այլ շենքերից ու տարածքներից: Խոստանում եմ՝ այդ պարագայում կհեռացնեմ նաեւ ձեր լուսանկարը իմ հեռախոսից: 

5. Հանրակրթական համակարգի ապակուսակցականացումը` տնօրեններից մինչեւ դահլիճներ, բացառելով քաղաքական ցանկացած միջոցառում դպրոցի տարածքում` բացի աշակերտների քաղաքացիական լուսավորմանը միտված բազմակուսակցական, հաղորդակցման հավասար հնարավորություններ ապահովող ձեռնարկներից: Նույնը` առողջապահության եւ հանրային բոլոր մնացյալ ոլորտներում: Ես հավատում եմ, որ դուք տեղյակ չեք այս դավադրություններին, հետեւաբար եւ այս նամակում հիշատակում եմ այս ամենը: 

6. Ձեր իսկ կուսակցական գործունեության բացառումը նախագահական նստավայրում: Ձեր կուսակցությանը հաղորդեք, որ այլեւս որեւէ գործունեություն չծավալի ձեր նստավայրում: Ես որեւէ խնդիր չեմ տեսնում այն երեւույթին մեջ, որ դուք գործունեություն եք ծավալում նախագահական նստավայրում: Բայց ահա ձեր կուսակցությունը... 

7. Պետական բյուջեի հատկացումների բացառումը կուսակցական ուղղակի կամ անուղղակի օգտագործման համար` դրանք լինեն ուղիղ հատկացումներ ինքնաթիռների, հյուրանոցների, օրապահիկների, ընդունելությունների կամ ներկայացուցչական այլ ծախսերի համար, թե միջնորդավորված հատկացումներ տարատեսակ հիմնադրամների, կենտրոնների կամ այլ ձեռնարկների միջոցով: Խոսքս, անշուշտ, նորից անձամբ ձեզ չի վերաբերում: Բայց ահա այդ դավադիր մարզպետներն ու նախարարները ձեզանից ծածուկ թալանում են բյուջեն: Այ, այ, այ: 

8. Իրավապահ մարմինների, անվտանգության ծառայությունների, մարզպետների եւ Ձեր կուսակցության ներկայացուցիչների առանձին, տեղ-տեղ նույնիսկ նկատելիորեն համակարգված գործունեության բացառումը, որն ուղղված է Հանրապետության քաղաքացիների սահմանադրական իրավունքների սահմանափակմանը, վախի ու ստրկամտության հակաքաղաքացիական մթնոլորտի պարտադրմանը: Հարկավոր չէ այդքան նկատելի գործունեություն ծավալել: Ձեր վսեմաշուք ականջները չպետք է երեւան այդ գործունեության արդյունքում: Խնդրում եմ, այնպես արեք, որ երեւան առավելագույնը միայն մարզպետների ականջները, որպեսզի մենք ի խորոց սրտի նրանց քննադատելու հնարավորություն ունենանք: 

9. Քաղաքապետ(արան)ների, գյուղապետ(արան)ների, համայնքապետ(արան)ների, ցանկացած հանրային ծառայողի վրա որեւէ տեղից ուղղակի կամ անուղղակի ձեւով նախընտրական ճնշման, սպառնալիքի, անգամ դրանց ակնարկի բացառումը: Պատկերացնո՞ւմ եք, նրանք ձեր օգտին քարոզչություն են անում: 

10. Մրցակցության, այդ թվում եւ ֆինանսական իրավահավասար պայմանների ապահովումը` բացառելով «վարչական ռեսուրսների» հատվածական չարաշահումը: Այո, ես խստագույնս հակված եմ հավատալու, որ ամեն ինչ ոչ թե ամբողջական, այլ հատվածական է արվում: Այս նախընտրական շրջանում պետք է հեռացնել այդ հատվածներին: 

11. Ցանկացող բոլոր կուսակցությունների համար հեռուստատեսությունների, ձայնասփյուռի եւ այլ լրատվամիջոցների հավասար մատչելիությունը` այդ թվում գովազդային ցուցանակների եւ պաստառների առումով: Ծերակույտին ընտրություններից առաջ այդ ոլորտի ազատականացումը ես շատ խիստ ողջունում եմ եւ ակնկալում, որ դուք այնքան բարեգութ եւ մեծահոգի կգտնվեք, որ մի քիչ էլ մեզ եթեր կտրամադրեք, մեծարգո պարոն նախագահ:

12. Ձեր կամ որեւէ այլ կուսակցության շահադիտական կամ քարոզչական «բարեգործության» բացառումը՝ անկախ դրա ձեւից, բովանդակությունից ու անվանումից: Հատկապես խոսքս ԲՀԿ-ի մասին է, իմ հարգարժան նախագահ: 

13. Ազգի հպարտություն հանդիսացող մեր զինվորների նենգագործման բացառումը նախընտրական եւ ընտրական գործընթացներում: Մի ստիպեք, որ զինվորները քվեարկեն ձեր օգտին: Չէ, ոչ թե դուք մի ստիպեք, այլ ձեր ենթականերն են ստիպում: Մի՞թե նրանք չեն հասկանում, որ մեր փառապանծ բանակն առանց ստիպելու էլ ձեր օգտին կքվեարկի: Իսկ ո՞վ ավելի լավ, քան ես՝ գիտի բանակի խնդիրների մասին: Իմ որդին ծառայել է Հայոց փառապանած բանակում: 

14. Եկեղեցու քաղաքական օգտագործման կամ կուսակցականացման անգամ տպավորության բացառումը: Խնդրում եմ, բացառեք գոնե տպավորությունը, եւ երբ Գարեգին Բ-ի հետ տեսնվելու ցանկություն եք ունենում, երբեմն-երբեմն էլ դուք այցելեք նրա նստավայր: Հարկ չկա, որ նրան մշտապես կանչեք ձեզ մոտ: 

15. Ամբողջապես համամասնական ընտրակարգի ընդունումը, փաստացի քվեարկող քաղաքացիների մատների թանաքոտման պահանջի կատարումը, փաստացի քվեարկած քաղաքացիների ցուցակների հետընտրական հրապարակումը, օրինախախտ բոլոր հանցագործների` անկախ պաշտոնական կամ կուսակցական դիրքից, բացահայտումն ու խստագույն պատժումը: Այո, պարոն նախագահ, մի մոռացեք, որ ես հավատում եմ, որ դուք այդ ամենը ցանկանում եք անել, ես հավատում եմ, որ ձեր հրահանգով կամ դավադիր ցուցումով չէ, որ վարչական ռեսուրսը կիրառվում է ընտրություններում, ԿԸՀ նախագահը, մարզպետներն ու ընտրական հանձնաժողովների դավադիր, հակահայ, ազգադավ այդ գործիչներն ընդամենը ցանկանում են ձեզ արջի ծառայություն մատուցել: Նրանք, հարգելի նախագահս, չեն հասկանում, որ դուք առանց նրանց այդ ծառայությունների էլ կարող եք նախագահ ընտրվել: 

Շնորհակալություն ենք հայտնում այս խնդիրներին Ձեր ուշադրության համար»:

Ձեր պատասխանի ակնկալիքով

Հ.Գ. Խնդրում եմ` ձեր նամակի պատասխանը փակցնել մեր կուսակցական գրասենյակի սառնարանին:

Հ.Գ. Ի դեպ, կարո՞ղ է ցանկանաք դառնալ նաև «Ժառանգություն» կուսակցության պատվավոր և հավերժ նախագահը:

iLur.am-ի քաղաքական հումորի բաժին