01.04.2019 17:40

Լիզա Ճաղարյան. Բոլորի Վանոն՝ Վասակի գրչով

Լիզա Ճաղարյան. Բոլորի Վանոն՝ Վասակի գրչով

«Այդպես մենք հարմարվեցինք Վանոյի բացակայությանը։

Հարմարվեցինք լռությանը»։

Վասակ Դարբինյանն է գրում օրերս հրատարակված «Վանոյի հետ եւ առանց Վանոյի» գրքում։

Ժպիտով ընդդիմախոսեմ Վասակին. լռությանը համակերպվել ենք, բացակայությանը՝ ոչ։ Հակառակ դեպքում չէր ծնվի այս գիրքը, որը, բացի արձակագիր եւ պետական գործիչ Վանո Սիրադեղյանին Հայաստանում կրկին տեսնելու ցանկության վկայություն է, նաեւ յուրովի անաչառության դաս է շատերին։

Օրինակ՝ ինձ։ Ինքս եթե ձեռնարկեի այս դժվարին գործը, կխուսափեի հարցազրույցի հրավիրել մարդկանց, որոնց չեմ համակրում։ Եվ կամ նրանց, ում մասին վստահաբար կարող եմ ասել, որ այնքան էլ իմ ականջին հաճո պատմություններ չէին պատմի Վանոյի մասին, կամ Վանոյին մոռացած՝ ինքնագովազդով կզբաղվեին։

Այս գրքի առաքելությունը ստանձնած Վասակ Դարբինյանը նպատակ է դրել իր զրուցակիցների միջոցով ներկայացնել բոլորի՛ Վանոյին՝ մեկի համար նույնիսկ անթերի, մյուսի համար՝ բազմաթիվ թերություններով։

Նույնիսկ մեր նորագույն պատմության որոշ դրվագներ խեղաթյուրած ներկայացողներին (պարտադիր չէ՝ կանխամտածված. տարիներ են անցել, ինչ-ինչ հարցերում իրականությունը նահանջել է, առաջ է մղվել խախուտ թմբկահարվածը) Վասակը չի «շտկել», չի միջամտել, չի ընդդիմախոսել։ Թող պատմեն՝ ինչպես հիշում են, ինչպես տեսնում են, ինչպես զգում են։

Գուցե վստահ է եղել, որ Վանոն այնքան վառ անհատականություն է, որ ինչ էլ ասեն, հասարակությունը կարող է առաջնայինը զատել երկրորդականից, ճիշտը՝ ստից, գեղեցիկը՝ տգեղից։

Եթե՝ այո, ուրեմն Վասակը հասել է իր նպատակին։ Լույսն ու լուսավորը շատ է այս գրքում, անկեղծությունը գերակշռող է, «ժամանակավրեպ» հույզն ընկալելի է։ Նույնիսկ Վանոյի մտերիմները այս գրքում նոր շերտեր կհայտնաբերեն իրենց «իմացած» Վանոյի անցած ճանապարհին հետեւելով՝ Վասակի գծած ոտնահետքերով։   

Կարճ ասեմ՝ ինձ հիացրել է Վասակ Դարբինյանը՝ ե՛ւ իր շիտակությամբ, ե՛ւ կատարած ահռելի գործով, ե՛ւ Վանոյի բացակա ներկայության հանդեպ իր կարոտով։ Վանոյի վերադարձի հավատով։

Կարդացեք «Վանոյի հետ եւ առանց Վանոյի» գիրքը։