Էրդողանի կուսակցությունը կբողոքարկի ընտրությունների արդյունքները

Տեղական ինքնակառավարման ընտրությունները Թուրքիայում խարխլել են իշխող Արդարության և զարգացման կուսակցության և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դիրքերը:
Թեպետ, ընդհանուր առմամբ, Էրդողանի կուսակցությունը, Ազգայնական շարժում կուսակցության հետ դաշինքով, առաջատարի դիրքերում է, սակայն երկրի խոշոր քաղաքները, այդ թվում՝ Անկարան և Ստամբուլը, անցել են ընդդիմության վերահսկողության տակ:
Ստամբուլում քաղաքապետի ընտրություններում, Բարձրագույն ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն, մի քանի հազար ձայնի առավելությամբ հաղթել է ընդդիմադիր Ժողովրդական հանրապետական կուսակցության կողմից առաջադրված թեկնածուն՝ Էքրեմ Իմամօղլուն: Նույն կուսակցության մեկ այլ թեկնածու՝ Մանսուր Յավաշը, ընտրվել է Թուրքիայի մայրաքաղաքի քաղաքապետի պաշտոնում:
Դիտորդները նշում են, որ Էրդողանի կուսակցության վարկանիշը խոշոր քաղաքներում նվազել է տնտեսական խնդիրների պատճառով:
Արդարության և զարգացման կուսակցության ներկայացուցիչները հայտարարել են Անկարայում և Ստամբուլում ձայների հաշվարկի ժամանակ թույլ տրված խախտումների մասին և մտադիր են բողոքարկել արդյունքները: Իսկ առայժմ փորձագետները խոսում են իշխող կուսակցության մեջ հնարավոր վերադասավորումների և Էրդողանի մերձավոր շրջապատում փոփոխությունների մասին:
Փոխանցում է euronews-ը: