03.04.2019 16:32

Սուտն ու խեղաթյուրումը՝ մերօրյա «քաղաքագետների» գործիք

Սուտն ու խեղաթյուրումը՝ մերօրյա «քաղաքագետների» գործիք

Իրեն քաղաքագետ համարող Երվանդ Բոզոյանը Վիեննայում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքների վերաբերյալ վերլուծություն է հրապարակել, որը, մեծ հաշվով, նաև անդրադարձ է ղարաբաղյան հակամարտության պատմությանը և նրա շրջադարձային պահերին։

Մի կողմ թողնելով Վիեննայի հանդիպումն ու այնտեղ արձանագրված արդյունքները (դրանց ներկայացումը և հիմնավորումը իշխանության պատասխանատվությունն է), ուշադրության են արժանի «քաղաքագետի» մի շարք փաստական խեղաթյուրումներ ու բանականության «գոհարի» դափնի կրելու արժանի պնդումներ։

Բոզոյանը գրում է. «Թեև Փաշինյանը հայ հանրության առջև ներկայացնում է, թե նպատակ ունի հասնելու այն խնդրի լուծմանը, որ Ադրբեջանի հետ հիմնական բանակցող կողմը լինի Ղարաբաղը, ինքն իր թեզին չի հավատում, քանզի Ադրբեջանը ղարաբաղցիների հետ երբևիցե մեկ սեղանի շուրջ չի բանակցել: Եվ այն թեզը, թե, իբր, ինչոր փուլում դա հենց այդպես է եղել, մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը: Իսկ ճշմարտությունն այն է, որ 1994-ին Բուդապեշտում Ղարաբաղն իրոք ընդունվել է որպես հակամարտող կողմ, սակայն Բաքուն Ստեփանակերտի հետ երբևիցե մեկ սեղանի շուրջ չի բանակցել»։

Ռոբերտ Քոչարյանն ու իր տարբեր ներկայացուցիչներ բազմիցս փորձել են այս հարցի աղավաղման միջոցով քողարկել նույն Քոչարյանի իրագործած և Հայաստանի ու Արցախի ազգային շահերին լրջագույն վնաս հասցրած այս քայլը, դիմելով պարզ մանիպուլյացիայի, այն է՝ շփոթել հակամարտության կողմ և բանակցություններին մասնակից հասկացությունները։ Լեռնային Ղարաբաղը 1994 թ. Բուդապեշտում ճանաչվել է հակամարտության լիիրավ կողմ, ինչը նշանակում էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի մշակած կարգավորման առաջարկները ներկայացվելու էին բոլոր երեք հակամարտող կողմերին՝ Հայաստանին, Լեռնային Ղարաբաղին և Ադրբեջանին (երեքն էլ օժտված էին վետոյի իրավունքով)։ Մինչև 1998 թ. նոյեմբեր ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացրած կարգավորման պաշտոնական առաջարկներն ուղարկվել են հակամարտության 3 կողմերի՝ Հայաստանին, Լեռնային Ղարաբաղին, Ադրբեջանին։ Այդ չորս տարիների ընթացքում Մինսկի խումբը ներկայացրել է կարգավորման երեք առաջարկ՝ երկուսը Տեր-Պետրոսյանի և մեկը՝ Ռոբերտ Քոչարյանի օրոք։ Համապատասխանաբար՝ Փաթեթային (1997 թ., որը Ղարաբաղը մերժել է), Փուլային (1997թ., Ղարաբաղը կրկին մերժել է) և Ընդհանուր պետության (1998 թ., որը Ղարաբաղն ընդունել է)։ Դրանից հետո Ռոբերտ Քոչարյանի թեթև ձեռքով ու համաձայնությամբ Ղարաբաղը դուրս է նետվել կարգավորման ձևաչափից և կարգավորման բոլոր հետագա առաջարկները (Մադրիդյան, Կազանյան, Լավրովյան) ներկայացվել են հակամարտության երկու կողմերին՝ Հայաստանին և Ադրբեջանին։ Այս երկու երկրներին է ներկայացվել նաև Քիվեսթյան առաջարկը, որը, սակայն, ոչ թե Մինսկի խմբի համանախագահների, այլ զուտ ԱՄՆ-ի նախաձեռնությունն էր։

Քոչարյանամերձ շրջանակները շարունակ այս փաստը գլխիվայր շուռ տալու և իրար հակասող փորձեր են անում, նշելով թե՝ ա) Ղարաբաղն ու Ադրբեջանը երբեք նույն սեղանի շուրջ չեն նստել, բ) նստել են մինչև 1997 թ.։ Բայց հիմնական կեղծիքը հենց այն է, որ խնդիրը բանակցության ձևաչափը չէ, այլ ԼՂՀ-ի՝ հակամարտության կարգավորման լիիրավ և հավասար կողմ եղած լինելու հանգամանքը, որից Ղարաբաղը զրկվել է Ռոբերտ Քոչարյանի որոշմամբ։ Դրա մասին ժամանակին հրապարակվել են բազմաթիվ փաստեր, մասնավորապես համանախագահների կողմից (Ֆասյե, Կազիմիրով), իսկ ընդամենը երեկ նույն բանը պնդել է նաև Քոչարյանի մեծ բարեկամ Զատուլինը)։ Որպես փաստի արձանագրում նշենք, որ այսօրվա իշխանությունները՝ Փաշինյանի գլխավորությամբ, խնդիր են դրել վերականգնել կարգավորման 1994-1998 թվականների ձևաչափը։

Չհասկանալով (կամ ձևացնելով, թե չի հասկանում) այս պարզ իրողությունը, «քաղաքագետ» Բոզոյանը միանում է, սեփական պատասխանատվությունը կոծկելու շահից դրդված, ղարաբաղյան պատմությունը կեղծող Ռոբերտ Քոչարյանին ու նրա մերձավորներին։

Բոզոյանը շարունակում է. «Մինչև Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների ուղիղ հանդիպումներն սկսելը՝ 1996-ի դեկտեմբերին, մենք ստացանք «Լիսաբոն», և ֆորմալ տեսանկյունից Ղարաբաղը բանակցային գործընթացի լիիրավ անդամ էր համարվում»։

Ինչ վերաբերում է 1996 թ. Լիսաբոնում ԵԱՀԿ գագաթնաժողովին, որին Բոզոյանը նույնպես անդրադառնում է՝ ի ցույց դնելով իր ողջ անտեղյակությունը, նշենք միայն հետևյալը. Լևոն Տեր-Պետրոսյանը և հայկական դիվանագիտությունը քաջություն ունեցան դեմ գնալու միջազգային հանրությանը և վետո դրեցին ԵԱՀԿ ամփոփիչ փաստաթղթում Ղարաբաղի կարգավիճակը կանխորոշող բանաձևի վրա։

Այսպիսով, արձանագրենք. 1994 թ. Բուդապեշտում Լևոն Տեր-Պետրոսյանը ստացել է Ղարաբաղի՝ հակամարտության լիիրավ կողմի կարգավիճակի ճանաչումը, 1996 թ. Լիսաբոնում վետո է դրել Ադրբեջանի կազմում  Ղարաբաղի կարգավիճակի կանխորոշմանը վերաբերող բանաձևի վրա։ Իսկ դրան հակառակ՝ 1999 թ. Ստամբուլում Ռոբերտ Քոչարյանն իր ստորագրությամբ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

Անհնար է շրջանցել Բոզոյանի մեկ այլ աղաղակող խեղաթյուրում։ Նա գրում է՝ իբր 1997 թ.-ին հանրությանը ներկայացվել է, թե «պետք է համակերպվել, որ Ղարաբաղը մնա Ադրբեջանի կազմում»:

Որպես ցիտատ բերված այս մտքի հեղինակին, ըստ ամենայնի, ճանաչում է միայն Երվանդ Բոզոյանը, որովհետև Հայաստանում որևէ գործիչ նման հրապարակային հայտարարություն չի արել։ Բոզոյանը պարտավոր է լուսավորել հայ հասարակությանը և բացահայտել այս ցիտատի հեղինակին։ Իսկ եթե նման գործիչ չկա, ուրեմն՝ Երվանդ Բոզոյանն իր երևակայության «թևերը թափահարելով» հնարում է մի բան ու սկսում պայքարել դրա դեմ։ Իսկ այս երևույթը բացատրել ու վերլուծել մենք չենք կարող։ Դա ունակ են անել միայն ա՛յլ ոլորտի մասնագետները։

iLur.am