03.04.2019 18:05

Փաշինյան-Ալիեւ. Արդյունքներ եւ ակնկալիքներ

Փաշինյան-Ալիեւ. Արդյունքներ եւ ակնկալիքներ

Մարտի 29-ին Վիեննայում կայացած Փաշինյան-Ալիեւ հանդիպումը տարատեսակ գնահատականների արժանացավ: Եւ բնականաբար, այդ հարցում առավել ակտիվ էին նախկին իշխանություններն ու նրանց սատարող վերլուծաբանները:

Եւ հիմնական «քննադատությունն» այն մասին էր, թե հանդիպումն ու դրանից հետո տարածված համանախագահների հայտարարությունն ապացուցում են, որ Փաշինյանին չի հաջողվել բարձրացնել Լեռնային Ղարաբաղը բանակցություններին վերադարձնելու հարցը. Աշոտյանն, օրինակ՝ բառացի հայտարարում էր, թե «չկա որեւէ արձանագրում Արցախը բանակցային կողմ դարձնելու Նիկոլ Փաշինյանի խոստման մասին»:

Քննադատում էին նաեւ, թե չի եղել նաեւ հակամարտության կարգավորման 3 սկզբունքների եւ 6 տարրերի պարզաբանման անհրաժեշտության մասին Ստեփանակերտում Փաշինյանի հնչեցրած խոստում։ Այլ՝ ավելի պարզունակ արձագանքներ եւս հնչեցին:

Հիշեցնենք, որ Փաշինյան-Ալիեւ հանդիպումից առաջ համանախագահները հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ, որից հետո Ստեփանակերտում տեղի էր ունեցել Հայաստանի եւ Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ, որի ընթացքում էլ Փաշինյանը հանդես էր եկել ելույթով եւ ներկայացրել, թե ինչ ուղերձով է մեկնելու Ալիեւի հետ հանդիպմանը:

Համանախագահները, հիշեցնենք, իրենց հայտարարության մեջ ըստ էության կոչ էին արել կողմերին՝ ապահովել բանակցությունների նախահեղափոխական ֆորմատի շարունակականությունը, եւ ներկայացրել էին այդ նախահեղափոխական ֆորմատի ու բանակցությունների էությունը. այն է՝ «արդար ու տևական կարգավորումը պետք է հիմնված լինի Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքների վրա (այսպես կոչված՝ 3 սկզբունքները -iLur.am), մասնավորապես կապված ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և հավասար իրավունքների ու ժողովուրդների ինքնորոշման վրա: Նաև պետք է ներառի հավելյալ տարրեր, (այսպես կոչված՝ 6 տարրերը - iLur.am) ինչպես 2009-2012 թվականներին առաջարկել են համանախագահող երկրների նախագահները (նորացված Մադրիդյան կամ այսպես կոչված՝ Կազանյան փաստաթուղթ - iLur.am), այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության ներքո, միջանկյալ կարգավիճակ Լեռնային Ղարաբաղի համար, որը անվտանգության և ինքնակառավարման երաշխիքներ կտրամադրի, Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող միջանցք, Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի ապագա հստակեցում իրավականորեն պարտադիր կամքի արտահայտման միջոցով, բոլոր ներքին տեղահանված անձանց ու փախստականների՝ բնակության նախկին վայրեր վերադառնալու իրավունք, ինչպես նաև միջազգային անվտանգության երաշխիքներ, որը կներառի նաև խաղաղապահ գործողություն

Ասել, թե փոխզիջումային տարբերակով հակամարտությունը կարգավորելու սկզբունքը նոր է, նշանակում է՝ ոչինչ չիմանալ կամ չհասկանալ բանակցային գործընթացից: Ռազմական գործողությունների դադարից հետո տեղի ունեցած բանակցային ողջ գործընթացի ընթացքում սեղանին եղած փաստաթղթերը բոլոր ղեկավարները քննարկել են այդ համատեքստում՝ այս կամ այն տարբերությամբ: Բացառություն է եղել թերեւս 1998-ի, այսպես կոչված՝ «Ընդհանուր Պետության» տարբերակը, երբ փաստացի լայն ինքնավարության դիմաց այն ժամանակ բանակցող հայկական երկու կողմերը (Հայաստան՝ Ռոբերտ Քոչարյան, Լեռնային Ղարաբաղ՝ Արկադի Ղուկասյան) համաձայնել էին ամբողջական տարածքային զիջման՝ անվտանգության գոտի + նախկին ԼՂԻՄ-ի ամբողջ տարածքը:

Ի դեպ, այս տարբերակի մասին դեռեւս 2000 թվականին «Առավոտ» թերթին տված հարցազրույցում Ղուկասյանը հայտարարել էր. «Մենք քննարկում էինք ընդհանուր պետության գաղափարը եւ, իմ կարծիքով, դա ամենաօպտիմալ տարբերակն է։ Չնայած, բնական է՝ ընդհանուր պետությունը մեզ համար ընդունելի է որպես բանակցությունների հիմք, այլ ոչ թե որպես վերջնական լուծում»։ 

Խնդիրն այն է, սակայն, որ չնայած բանակցային ամբողջ գործընթացի փոխզիջումային էությանը, կողմերը փաստաթղթերը մեկնաբանել են ըստ իրենց հայեցողության եւ քաղաքական նպատակահարմարության: Եւ հատկապես Ադրբեջանի քաղաքական հավակնություններն ու հռետորաբանությունը էլ ավելի կոշտացավ այն բանից հետո, երբ Լեռնային Ղարաբաղը փաստացի դուրս մնաց բանակցային գործընթացից: (Հիշեցնենք, որ 1998 թվականի «Ընդհանուր Պետություն» տարբերակից հետո, Լեռնային Ղարաբաղին պաշտոնապես՝ համաձայնության կամ մերժման իրավունքով, գրավոր որեւէ փաստաթուղթ չի ներկայացվել):

Մինչեւ հայաստանյան հեղափոխությունը բանակցային սեղանին եղած վերջին փաստաթուղթը (որը հիշատակում էին համանախագահները) որպես բանակցությունների հիմք ընդունվեց 2007 թվականին՝ Ռոբերտ Քոչարյանի եւ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի կողմից, եւ ապա փոխանցվեց Հայաստանում իշխանությունը ստանձնած Սերժ Սարգսյանին, որն էլ խոստացավ եւ ապահովեց բանակցությունների շարունակականությունը նշյալ սկզբունքների շուրջ՝ որոշակի դետալային փոփոխություններով: Բայց ամբողջ հարցն այն է, որ նույն փաստաթուղթը Հայաստանն ու Ադրբեջանը մեկնաբանում էին տարբեր կերպ, ոչ՝ Հելսինկյան եզրափակիչ ակտի երեք սկզբունքների համադրությամբ: Ադրբեջանը սա մեկնաբանում էր տարածքային ամբողջականության սկզբունքի գերակայությամբ, Հայաստանն էլ՝ ի հեճուկս վարվող բանակցությունների, հերքում էր, որ այդ փաստաթղթի շուրջ բանակցում են տարածքներ՝ կարգավիճակի դիմաց սկզբունքով: Ավելին, հայաստանյան իշխանությունները չէին խոստովանում նաեւ, որ՝

ա. կարգավիճակի հարցն ապագայում՝ անհայտ ժամանակում կայանալիք հանրաքվեով որոշելու մասին կետին համաձայնություն տալով, փաստացի համաձայնել են չեղարկել ԼՂՀ անկախության մասին առաջին հանրաքվեի արդյունքները,

բ. կարգավիճակի հարցի քննարկումը ինչպես մինչեւ 98-ը, այնպես էլ՝ դրանից հետո, ենթադրել է 1991 թվականի ԼՂՀ անկախության մասին հանրաքվեով արձանագրված ԼՂՀ պետական սահմանների շրջանակում, այն է՝ բացառապես նախկին ԼՂԻՄ-ն ընդգրկող տարածքներում (իսկ 97-ի փուլային տարբերակից հետո՝ արդեն առանց Շահումյանի շրջանի),

գ. ՉԻ ԵՂԵԼ որեւէ բանակցային փաստաթուղթ, որն ամրագրեր նախկին ԼՂԻՄ-ի տարածքն ու հարակից 7 շրջանները՝ ԼՂՀ միացյալ սահմաններով անկախացում կամ միացում Հայաստանին,

դ. հարակից 7 շրջանների վերադարձը (այս կամ այն համամասնությամբ, կամ ժամկետներում) ՄԻՇՏ եղել է բանակցությունների առարկա:

Հիմա վերադառնանք ԱԽ-ների ստեփանակերտյան համատեղ նիստին: Այստեղ Փաշինյանը մի շարք հայտարարություններ արեց, մասնավորապես, բացի ամենաարձանագրված հայտարարությունից, այն է՝ Լեռնային Ղարաբաղն ամրագրված է որպես բանակցային կողմ, եւ հետեւաբար՝ խեղված ձեւաչափը պիտի վերականգնվի, նաեւ խոսեց կարգավորման սկզբունքների եւ տարրերի հստակեցման մասին: Փաշինյանն, իհարկե, շեշտեց, որ խոսքը մեկնաբանության մասին է, եւ որ միջնորդները՝ կողմերի հակադիր մեկնաբանություններից խուսափելու համար, պետք է հստակեցնեն դրանց էությունը:

«Հաջորդ կարևորագույն հարցը, որին անհրաժեշտ է պատասխանել, հետևյալն է՝ իսկ Հայաստանի կառավարությունն ընդունո՞ւմ է արդյոք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջ քաշվող 3 սկզբունքները և 6 տարրերը՝ որպես բանակցային գործընթացի հիմք: Սա իսկապես կարևորագույն հարց է, բայց այս հարցին ի պատասխան մենք կարիք ունենք կարևոր պարզաբանումների: Իսկ ի՞նչ կարող են նշանակել այդ սկզբունքները գործնականում, և ո՞ւմն է դրանք մեկնաբանելու իրավունքը: Սա կարևոր է, որովհետև այնպես, ինչպես այդ սկզբունքները մեկնաբանում է Ադրբեջանը, մեզ համար անընդունելի է: Մենք, իհարկե, կարող ենք հանդես գալ այդ սկզբունքների սեփական մեկնաբանությամբ, բայց դա անիմաստ է, որովհետև մեր նպատակը ոչ թե լեզվակռիվն է, այլ արդյունավետ բանակցային գործընթացը: Եվ հետևաբար, բանակցային գործընթացի հիմք պետք է դառնան տարընթերցումների տեղիք չտվող արձանագրումները: Բայց համանախագահների կողմից առաջարկված սկզբունքները, տարրերը, ինչպես արդեն նշեցի, վերջին 10 տարիներին ամենատարբեր և ամենատարածական մեկնաբանությունների տեղիք են տվել, և հետևաբար՝ առաջիկա բանակցային գործընթացի կարևորագույն նպատակը պետք է լինի այսպես ասած հիմնական հասկացությունների՝ 3 սկզբունքների և 6 տարրերի պարզաբանումը, և մենք պատրաստ ենք նաև այսպիսի խոսակցության»:

Իրականում, սակայն, ըստ իս, Փաշինյանի այս հայտարարությունն ավելի խորքային էր եւ հեռահար նպատակ ուներ՝ թե՛ ներքաղաքական, թե՛ արտաքին քաղաքական, քան պարզապես հստակեցումն ու դրա արձանագրումը:

Արտաքին քաղաքականության առումով այդ հայտարարության նպատակը քիչ թե շատ պարզ է՝ զրկել Ադրբեջանի նախագահին ռազմական եւ ամբողջատիրական հռետորաբանություն բանեցնելու հնարավորությունից եւ ստիպել բաց խոսել: Ներքաղաքական առումով Փաշինյանի նպատակն ակնհայտ էր. վերսկսել 1998-ից հետո ԼՂ հիմնախնդրի կարգավորման շուրջ դադարած բաց խոսակցությունները, վերջ տալ տեղեկատվական այն կեղծիքին, երբ իշխանությունները մի բան էին բանակցում, այլ բան՝ ներկայացնում, վերջ տալ այդ կեղծիքը ներքաղաքական նպատակներով շահարկելու հնարավորություններին, երբ ոմանք այդ կեղծիքն ու բաց խոսելու տաբուն օգտագործելով՝ ոմանց հռչակում էին «հող տվողներ», ոմանց էլ՝ «հող պահողներ»: Վերջին հանգամանքն իրապես պետք է որ կարեւոր լինի Փաշինյանի համար, որովհետեւ նախկին իշխանությունները հեղափոխության հենց առաջին իսկ օրվանից այս կեղծիքի մեխանիզմը փորձել եւ փորձում են կիրառել իր դեմ:

Կարելի է ասել, որ Փաշինյանը փորձում է թափանցիկության դաշտ բերել քննարկումները, ինչին ականատես եղանք նաեւ իր վերջին մամլո ասուլիսի ժամանակ, որպեսզի ի վերջո բոլորը հրապարակավ ու բաց խոսեն՝ դուրս գալով կեղծ պաթոսի շրջապտույտից, եւ փաստացի զրկվեն մանիպուլյացիաների հնարավորությունից:

Հանդիպումը

Փաստացի առաջին պաշտոնական հանդիպումը կայացավ մարտի 29-ին: Հանդիպումից հետո հայտարարությամբ հանդես եկան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ նշելով. «Հանդիպումը կայացել է դրական ու կառուցողական մթնոլորտում, որը հնարավորություն է տվել երկու երկրների առաջնորդներին հստակեցնել իրենց դիրքորոշումները: Կողմերը փոխանակել են բանակցությունների ընթացքի վերաբերյալ մի շարք առանցքային գաղափարներ: Երկու երկրների ղեկավարները ընդգծել են այնպիսի իրավիճակի ստեղծման անհրաժեշտությունը, որը կնպաստի խաղաղության հաստատմանը և բանակցային գործընթացում հստակ և շոշափելի քայլերի իրականացմանը: Հղում անելով Դուշանբեում իրենց խոսակցությանը` երկու առաջնորդները կրկին վերահաստատել են շփման գծում կրակի դադարեցման անհրաժեշտությունը և ուղղակի շփման մեխանիզմի կատարելագործումը»:

Համանախագահները, իրենց առաքելությանը հավատարիմ, հայտարարության մեջ ընդգրկել են միայն, այսպես ասած, դրական միտումները, այսինքն՝ այն, ինչի շուրջ կողմերը եկել են համաձայնության, կամ՝ հնարավոր է եղել մոտեցնել տեսակետները: Ինչի շուրջ չեն եկել համաձայնության, ընդունված պրակտիկայի համաձայն, հայտարարության մեջ բնականաբար չի նշվել:

Միամտություն կլիներ ակնկալել, թե համանախագահները պիտի գրեին, օրինակ՝ Փաշինյանն առաջարկեց բանակցություններում նորից ընդգրկել ԼՂՀ իշխանություններին, իսկ Ալիեւը ասաց՝ ոչ: Այ, երբ կամ եթե այդ հարցում համաձայնություն լինի (կողմերի եւ միջնորդների), այդ ժամանակ հաղորդագրության մեջ կկարդանք նաեւ այդ տողը: Այնպես որ, հասկանալի չէ հատկապես նախկին իշխանությունների քննադատություններն այն առումով, որ իրենք ավելի քան 20 տարի տեղյակ լինելով բանակցային գործընթացի նրբություններին, այսօր պարզ շահարկումներով են զբաղված:

Հանդիպումից հետո

Հանդիպումից հետո լռությունն առաջինը՝ հաջորդ օրը, խախտեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որը ռուսական ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում պատմեց Վիեննայի հանդիպման մասին:

«Բանակցային գործընթացը պետք է ուղեկցվի մարդասիրական ակցիաներով: Կարևոր է այն, որ բանակցությունների ձևաչափն անփոփոխ է մնում, բանակցությունները Հայաստանի ու Ադրբեջանի միջև են, ինչպես երկար տարիներ եղել են: Բանակցային գործընթացին նոր խթան է հաղորդվել, մենք շատ դրական ենք գնահատել ԵԱՀԿ Մինսկի խմբի մարտի 9-ի հայտարարությունը, որում նշված է, որ բանակցային ձևաչափի փոփոխությունը կարող է տեղի ունենալ միայն երկու կողմերի համաձայնությամբ»,- ասել է Ալիևը՝ հավելելով, որ Բաքուն համաձայնություն չի տվել դրան:

Մեկ օր անց Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով մանրամասներ ներկայացրեց Վիեննայի հանդիպումից եւ փաստացի արձագանքելով Ալիեւին՝ շեշտեց, թե կարեւոր է, որ «հանդիպումից հետո կողմերը իրենց մեկնաբանություններում հնարավորինս այն տրամաբանությամբ առաջնորդվեն, որ ոչ թե դիմացի կողմին ինչ-որ ձեւով վատ վիճակի մեջ դնեն, այլ հարյուր տոկոսով հավատարիմ մնան ճշմարտությանը եւ բանակցային տրամաբանության ոգուն»:

«Մեզ համար չափազանց կարեւոր է լինել մաքսիմալ կոռեկտ, մաքսիմալ բանակցային տրամաբանության շրջանակներում մնալ: Եվ, ըստ էության, նաեւ սա է պատճառը, որ հանդիպմանը հաջորդում են համատեղ հայտարարություններ՝ տվյալ դեպքում ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ երկու երկրների արտաքին գործերի նախարարների համատեղ հայտարարությունը, որն, ընդհանուր առմամբ, ընդգծում է խոսակցության տրամաբանությունը, այն՝ ինչ կողմերը կարողացել են համաձայնեցնել որպես տեքստ»,- մանրամասնեց Փաշինյանը:

Նույն օրը Փաշինյանը հեռախոսազրույց է ունենում ՌԴ նախագահ Պուտինի հետ, որտեղ կողմերը խոսում են Վիեննայի հանդիպման արդյունքների մասին:  

Մեկ օր անց Ադրբեջանի նախագահ Ալիեւը հայտարարում է. «Հայաստանի նոր իշխանությունները փորձել են փոխել բանակցությունների ֆորմատը: Սակայն, Ադրբեջանի միանշանակ դիրքորոշումը կանխել է այն»: Ապա Ալիեւը հայտարարում է, թե ԼՂ հակամարտությունը կոնֆլիկտ է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, որ Հայաստանը օկուպացրել է ադրբեջանական տարածքները, եւ որ հենց դրա համար էլ բանակցությունները պետք է ընթանան Հայաստան-Ադրբեջան ֆորմատով: Ալիեւը նշում է նաեւ, որ վերջին հանդիպումը կարեւոր էր նաեւ նրանով, որ հերթական անգամ հաստատեց գործող ֆորմատը: Եւ հավելում է. «Հայաստանի հետ պատերազմը դեռ չի ավարտվել, ավարտված է միայն դրա առաջին փուլը: Մենք ապրում ենք պատերազմի պայմաններում»։

Նույն օրը Ալիեւը հեռախոսազրույց է ունենում ՌԴ նախագահ Պուտինի հետ, ՌԴ նախագահի հետ «կիսվում» Վիեննայի հանդիպման վերաբերյալ իր գնահատականներով, Պուտինն էլ կարեւորում է Բաքվի եւ Երեւանի միջեւ բանակցությունների ակտիվացումն ու պատրաստակամություն հայտնում հետագայում եւս ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում աջակցել ԼՂ հիմնախնդրի կարգավորման ուղիների որոնմանը:

Այսպիսով կարող ենք արձանագրել.

1. Վիեննայում Փաշինյանը բարձրացրել է բանակցություններում ԼՂՀ իշխանությունների մասնակցության հարցը:

2. Ադրբեջանը, բնականաբար, ինչպես նախկինում, հայտարարել է, որ դեմ է դրան: Բայց դա չի նշանակում, թե ամեն ինչ ավարտվել է: Դա նշանակում է՝ ամեն ինչ դեռ նոր է սկսում: Սա սկիզբն է:

3. Չնայած շփման գոտում պահպանվող համեմատաբար անդորրին, Ադրբեջանի նախագահը մի կողմից հայտարարում է, որ հանդիպումն ընկալել է որպես երկկողմ ֆորմատի շարունակականության ապացույց, մյուս կողմից, սակայն, սպառնում է նոր պատերազմով: Եթե Ադրբեջանի մեկնաբանությունները՝ թե՛ բովանդակության, թե՛ ֆորմատի առումով ճիշտ են, ապա Ադրբեջանը պատերազմի գնալու կամ պատերազմով սպառնալու խնդիր չպիտի ունենա: Հետեւաբար, պատերազմի սպառնալիքները պարզ շանտաժ են. ա՝ ուղղված  ՀՀ իշխանություններին՝ պատերազմի սպառնալիքից խուսափելու համար հրաժարվել խեղված ֆորմատն ամբողջացնելու մտադրություններից եւ քայլերից, բ՝ միջազգային հանրությանը՝ հրաժարվել այդ հարցում Հայաստանին աջակցելուց:

4. ՌԴ ԱԳՆ-ն մի քանի անգամ հայտարարել է, որ ֆորմատը պետք է որոշեն կողմերը: Բոլորը, սակայն, հասկանում են, որ կա բանակցությունների հրապարակային եւ ոչ հրապարակային մաս, եւ որ ֆորմատը կարող է վերականգնվել ոչ այնքան, կամ եթե կուզեք՝ ոչ Ադրբեջանի ցանկությամբ (եթե այդպես լիներ, Լեռնային Ղարաբաղը չէր էլ ճանաչվի որպես բանակցությունների կողմ), այլ դիվանագիտական ջանքերով եւ միջազգային հանրության ու առաջին հերթին՝ միջնորդների հետ դիվանագիտական աշխատանքի շնորհիվ: Ադրբեջանը կարող է անգամ ուղիղ բանակցությունների ժամանակ Ղարաբաղի իշխանությունների ներկայությունը չընդունել եւ չմասնակցել ուղիղ բանակցություններին: Բայց ամբողջ մեխը, հատկապես սկզբնական փուլում եւ գործնական առումով ոչ թե ուղիղ բանակցություններն են, այլ նախեւառաջ միջնորդների կողմից կարգավորման փաստաթղթերը ԼՂՀ իշխանություններին ներկայացնելը՝ վերջիններիս «այո» եւ «ոչ» ասելու իրավունք վերապահելով: Այնպես, ինչպես որ դա եղել է մինչեւ «Ընդհանուր Պետության» տարբերակի քննարկումը ներառյալ: Այդ տարբերակը ներկայացնելու պահին էլ ուղիղ բանակցություններ չէին ընթանում, սակայն, ԼՂՀ իշխանություններին՝ որպես կողմ, ներկայացվել է փաստաթուղթ, եւ ԼՂՀ իշխանությունները ներկայացրել են իրենց կարծիքը:

Այսինքն, ԼՂ մասնակցության հարցը ոչ թե կամ ոչ այնքան Ադրբեջանին, որքան միջնորդներին, այսպես ասած, «համոզելու» հետեւանք պետք է լինի: Հայաստանի իշխանություններն այսօր հենց այդ ուղղությամբ պիտի ջանքեր գործադրեն՝ լեգիտիմության, վարկանիշի եւ ճկուն  դիվանագիտության արդյունքում համոզել միջնորդներին այդ հարցում գալ ներքին՝ լռելյայն համաձայնության, ինչի արդյունքում հաջորդիվ քայլերն արդեն տեխնիկայի հարց կլինեն: Դա շատ լավ հասկանում է նաեւ Ադրբեջանի իշխանությունը, եւ պատահական չէ, որ հայաստանյան վերջին համապետական ընտրություններից հետո Իլհամ Ալիեւն իր երկրի քաղաքացիների հետ շփումներում իմիջային փոփոխությունների է դիմել:

Սրան զուգահեռ, Փաշինյանը պետք է շարունակի բաց խոսելու քաղաքականությունը, որպեսզի, ի վերջո կարգավորման վերաբերյալ պատկերացումների հանրային կոնսենսուս ձեւավորվի՝ առանց կեղծ պաթոսի, առանց մանիպուլյատիվ շահարկումների:

Քրիստինե Խանումյան