08.04.2019 12:01

Մհեր Արշակյան. Մեր «ատոմային ռումբի» տեսլականը

Մհեր Արշակյան. Մեր «ատոմային ռումբի» տեսլականը

Ինչպե՞ս խաղաղություն պարտադրել Ադրբեջանին: Որքան էլ անհավանական կամ անհասկանալի թվա, ուժեղ է միայն ցինիկ խաղաղությունը: Դա այն խաղաղությունն է, որը պատերազմին նայում է վերեւից: Ունե՞նք մենք այսօր այդպիսի խաղաղության պոտենցիալ: Ըստ իս՝ դեռ ոչ: Սակայն դրա սաղմերը կան:

Դիցուք, պաշտոնյաների զավակների՝ առաջին գծում ծառայելը այդպիսի խաղաղության սաղմերից է: Ինքնավստահ խաղաղությունը հագեցած է վարակիչ խուճապով: Այսինքն, դա մի խուճապ է, որն արտածվում է խաղաղությունից, մինչդեռ իր մեջ այդ խուճապը չկա: Մենք Ադրբեջանին խաղաղություն կարող ենք պարտադրել նույնիսկ պատերազմը որպես հնարավոր սպառնալիք չդիտարկելով: Որովհետեւ այսպես թե այնպես զինվում ենք, այսպես թե այնպես՝ բանակը կա, եւ այդ բանակը դեռ ունի ատամներ: Ուղղակի պարտադրվող խաղաղությունը պետք է դառնա առօրյայի գործ: Այդ խաղաղության քարոզչությունը, սակայն, չպետք է մտնի բանակ: Այսինքն, դա կարող է լինել մի խաղաղություն, որն ապրվում է, ոչ թե քարոզվում:

Թող Ադրբեջանը խոսի պատերազմից, եւ թող այդ պատերազմի հեռանկարը վախեցնի հենց իրենց: Մենք խաղաղություն պարտադրելիս ոչ մի ձեռագիր չենք փոխում, պարզապես քաղաքացին, ծնողը եւ զինվորը պետք է մոռանան, որ իրենց թիկունքում իրենց վիրավորող կամ արժանապատվությունը սադրող ինչ-որ բան է կատարվում: Խաղաղությունն ինքնին ռեսուրս է, որը կուտակում ես, պարտադրել այդ խաղաղությունը մոտավորապես նշանակում է արտահանել այն: Ուրեմն, պետք է ապրել մի կյանքով, որը կարող է լինել օրինակ:

Այսպես թե այնպես՝ շարքային ադրբեջանցին այսօր հաստատ հիացած է նոր Հայաստանով: Նա գիտի, որ նոր հայաստանցին խաղաղության խթան ունի հանձին այն ամենի, ինչ տեղի է ունենում այս երկրում, ո՞րն է ադրբեջանցու պատերազմելու խթանը: Հողե՞րը: Դա ադրբեջանցու խթանը չէ, դա իշխանության խթանն է, որն իր ժողովրդին առաջարկելու այլ բան չունի: Մենք այդ առումով ավելի բազմաբովանդակ ենք, մենք անելիք ունենք խաղաղությունը պարտադրվում է այն հողից, որտեղ կեղծիք չկա, կամ էդ կեղծիքը մաքրվում է: Ո՞վ կարող է հասկանալ այդպիսի երկրի պատերազմելու կամ նախահարձակ լինելու մղումը: Փաստ է, որ այդպիսի երկիրը ստեղծում է արժեքներ, որոնք պաշտպանելու կարիք ունի: Բայց ինքը արդեն իսկ այդ արժեքներին հաղորդում է մի դիմադրողականություն, որը խաղաղությունից է վերցնում:

Պետք է ողջունել ոչ թե խաղաղությունն ինքնին, այլ պարտադրվող խաղաղությունը: Թող նրանք սպառնան պատերազմով, եւ թող քո պատերազմը լինի պարտադրվող խաղաղությունը: Տեսնելու է, չէ՞, ադրբեջանցին, որ Հայաստանը եւ Արցախը արժեք ունեն պաշտպանելու, տեսնելու է, չէ՞, որ էդ արժեքները աչք են ծակում մի անհոգությամբ, որն իրենք չունեն: Այդպիսի անհոգությունը նույնիսկ քարոզչություն չի ուզում, տուն առ տուն մտնել չի ուզում, այդպիսի անհոգությունն ուզում է խիստ անհատական ազնվություն: Եթե գեթ մեկ հոգի այս երկրում իրեն անարգված կամ խաբված զգա, պետությունը չի կարողանա խաղաղություն պարտադրել:

Այդ խաղաղության մասնիկ է նույնիսկ Ռոբերտ Քոչարյանը, որը վերջապես կիմանա, թե ինչու է նստած: Չէ՞ որ ինքը պատերազմը կամ ստատուս քվոն էր դարձնում դրոշ իշխանություն պահելու համար: Իսկ հիմա նա կտեսնի, թե ինչ արժեք է խաղաղությունը, այն հարմարավետ կդարձնի անգամ բանտը: Պարտադրվող խաղաղությունը մեր «ատոմային ռումբի» տեսլականն է հայ-ադրբեջանական բանակցություններում: