09.04.2019 12:13

Թբիլիսիի «արյունոտ կիրակիից» անցել է 30 տարի

Թբիլիսիի «արյունոտ կիրակիից» անցել է 30 տարի

1989 թ. ապրիլի 9-ը ժամանակակից Վրաստանի պատմության ամենաողբերգական օրերից մեկն է: Երեսուն տարի առաջ զորքերը Թբիլիսիի կենտրոնում ցրեցին խաղաղ հակախորհրդային ցույցը:

Անժամկետ բողոքի ցույցերն սկսվել էին Վրացական ԽՍՀ-ից դուրս գալու վերաբերյալ Աբխազիայում հնչող պահանջների կապակցությամբ: Բայց շուտով ցուցարարները Թբիլիսիում սկսել էին Վրաստանի անկախության կոչեր հնչեցնել:

Ցույցը ցրելու գործողությունն սկսվել էր ապրիլի 9-ի առավոտյան ժամը չորսին մոտ: Գործի էին դրվել մահակներ, սակրավորների բահիկներ և թունավոր նյութեր:

Արդյունքում՝ զոհվել էր 20 մարդ, նրանցից երեքը՝ անչափահաս, և մեծ մասը՝ կանայք: Եվս մի զոհ՝ 25-ամյա Գիա Կարսելաձեն, սպանվել էր պարետային ժամ հայտարարելուց հետո: Երկու հարյուրի չափ մարդ հոսպիտալացվել էր հենց ցույցը ցրելուց հետո առաջին ժամերին, հազարավոր մարդիկ բուժհիմնարկներ էին դիմել հաջորդ օրերին:

 Վրաստանում այդ օրն անվանել են «արյունոտ կիրակի»:

Քաղաքում պարետային ժամ հայտարարվեց, սակայն խորհրդային բանակի զինվորների բռնություններն ընդամենը ավելի համախմբեցին Վրաստանի անկախության և ինքնիշխանության կողմնակիցներին:

Թբիլիսիի ողբերգական իրադարձություններից ուղիղ երկու տարի անց՝ 1991 թ. ապրիլի 9-ին, ընդունվեց երկրի անկախության վերականգնման ակտը: Այդ ամսաթիվը դարձավ զոհերի հիշատակի և ազգի միասնության օրը:

Փոխանցում է BBC-ն: