09.04.2019 14:01

Լիզա Ճաղարյան. Կիսահղի լինելն անհնար բան է, պարոնայք եւ տիկնայք իմքայլականներ

Լիզա Ճաղարյան. Կիսահղի լինելն անհնար բան է, պարոնայք եւ տիկնայք իմքայլականներ

Եվ այսպես, երեկ ողջ Հայաստանը Ազգային ժողովի մատույցներում տեսավ եւ լսեց ոմն տերղազարի, որը պահանջում էր աշխարհիկ Հայաստանը դարձնել կրոնական Հայաստան, իսկ դրանից հետո, ասում են, այս նույն պարոնը մանկապիղծ Սերոբ Տեր-Պողոսյանի մերձավորներից մեկի՝ Քոչարյան Ռոբերտի 5-րդ ալիքով պառավ ջադուի նման անեծքներ է շաղ տվել հայու «ավանդական» ընտանիքները քանդողների ուղղությամբ։

Կրոնական Հայաստանում ապրելու «երանելի» ապագայի արբեցուցիչ թեւերին բազմած Հայաստանի հասարակությունը դեռ ուշքի չէր եկել երջանկությունից, մեկ էլ ասպարեզ ելավ նախկին կարկառուն ՀՀԿ-ական, իր անթիվ հանցագործություններով հայոց պատմության էջերը հարստացրած, հետագայում ԲՀԿ-ական «վերաօծված» եւ այդ նույն ԲՀԿ-ի «օրհնությամբ» Ազգային ժողով խցկված ոչ անհայտ Վարդան Ղուկասյանն ու հայտարարեց, որ պետք է հրապարակում վառել սեռական փոքրամասնությանը։

Այսչափ կլկտիանայի՞ն այս արարածները, եթե այդ նույն Ազգային ժողովի իշխող խմբակցությունը քամու բերանն ընկած տերեւի պես չտարուբերվեր, եւ եթե թունդ «եվրոպամետ» մարուքյանականները մկան ծակին տասը թուման չտային ու այս անգամ ոչ միայն իրենց գերզգայուն քթիկները, նաեւ բերանիկներն ու ականջիկները պինդ չփակեին։

Բայց, անկեղծ ասած, «լուսավորչականներն» ինձ ամենաքիչն են հետաքրքրում, որովհետեւ ես սրանց չեմ ընտրել, Հայաստանի ճնշող մեծամասնությունը նույնպես սրանց չի ընտրել։

Ինչու՞ էին արդարանում իշխող խմբակցության պատգամավորները, ինչու՞ էին փորձում իրենց վերագրվող «հանցանքի» բեռը դնել ԲՀԿ-ական հանձնաժողովի նախագահի ուսին։ Ովքե՞ր էին տրանսգենդեր Լիլիթի ելույթը ծափահարողները։ Ինչու՞ այդ ծափ զարկողներից գեթ մեկը քաջություն չունեցավ բարձրաձայնելու, որ հենց ինքն էր ծափահարողը եւ որ ծափահարել է ահա ա՛յս եւ ա՛յս պատճառներով։ Վախեցավ, որ գյումրեցի Վարդանիկը իրեն է՞լ կվառի հրապարակում։

Եթե շարունակեք վախենալ, զարմանալի չի լինի, որ մի օր իրո՛ք վառի։ Զարմանալի չի լինի նաեւ, որ ինձ քաջածանոթ եւ մինչեւ ԲՀԿ-ի փառապանծ դրոշի ներքո իր պայծառ ներկան ու ապագան կերտելը՝ ժամանակին չափազանց առաջադեմ, այժմ «նամուսի մեռած»՝ մարդու իրավունքների հանձնաժողովի ձե՛ր իսկ ընտրած նախագահն էլ խարույկը թեժացնի՝ փայտերը տենդագին շուռումուռ տալով, որովհետեւ, ինչպես Գագիկ Ծառուկյանն ասաց՝ եթե ուրիշ կերպ պահի իրեն, ԲՀԿ-ին հրաժեշտ կտա։

Երբ այդ նրբանրբին ու ըստ իս՝ ամենակարեւոր հանձնաժողովի նախագահ էիք ընտրում ԲՀԿ-ի ներկայացուցչին, չէի՞ք հիշում, թե ինչ «արժեքների» կրող է այդ ներկայացուցչի դավանած կուսակցությունը։ Եթե չէիք հիշում, գեթ մեկ պահ նայեիք Ղուկասյան Վարդանի (եւ ոչ միայն) դեմքին, ու անմիջապես ձեր հիշողությունը կվերականգնվեր։

Եվ եթե շարունակեք ձեզ հաշիվ չտալ, որ ձեր իսկ ցուցակով Ազգային ժողով են սպրդել նաեւ օրենսդիրի մակարդակից յոթ սարուձոր հեռու, լյումպենի ձայնափող դարձած ոտանավորչիներ, որոնք լիկբեզի խիստ կարիք են զգում, վաղն էլ հենց սրա՛նք միանալու են տերղազարներին ու Վարդանիկի գլխավորությամբ՝ փրփուրը բերանները, գրադարաններ են ներխուժելու, մի մեծ կույտ են դարձնելու այն մեծ գրողների գրքերը, որոնց անձնական կյանքը նույնպես սրանց «նամուսով» դնչերին հարիր չեն, ու բենզինը լցնելու են՝ վառեն, խարույկի կողքն էլ «զիլինա, զիլինա, հո՛պ զիլինա, զիլինա» են խաղալու։

Մեր հասարակությունը հանրապետականների վարչակարգի բարոյազուրկ ու հանցագործ տարիներին իր գիտակցական մակարդակով առնվազն հիսուն տարով (քիչ եմ ասում) ետ է շպրտվել, եւ բան չի փոխվի Հայաստանի հեղձուցիչ մթնոլորտում, քանի դեռ հեղափոխության ճանապարհով իշխանության հասածներն այս պետականակործան խնդիրը չեն համարում առաջնայիններից ամենաառաջնայինը, հրատապներից ամենահրատապը։

Հնարավոր չէ տնտեսական հեղափոխություն անել, եթե տնտեսության գրեթե բոլոր խոշոր օղակների «աղբյուրի գլխին» վիշապի պես նստած են բառիս բուն իմաստով ստրկատերերը, որոնք իշխանության՝ օրենքի պահպանման ցանկացած փորձի դեմ թափահարում են իրենց տնօրինության ներքո աշխատողներին գործազուրկ դարձնելու սպառնալիք-էժանագին շանտաժը։

Հնարավոր չէ մշակութային հեղափոխություն անել, եթե ոչ միայն մշակութային գործիչ կոչվածների միջավայրում, նաեւ խորհրդարանում հավաքված պատգամավորների զգալի հատվածի «մշակութային» մակարդակը նույնքան ողբալի է, որքան՝ Արմենչիկի երկրպագուներինը։

Հնարավոր չէ Հայաստանի հոգեւոր մթնոլորտը մաքրել աղտեղություններից, եթե իմքայլականները ե՛ւ նալին են խփում, ե՛ւ մեխին։

Հնարավոր չէ երկրում իրական հեղափոխություն անել, եթե իշխող կուսակցության ձգտումը բոլորին դուր գալն է։

Այդպես չի լինում։

Լեւոն Տեր-Պետրոսյանից ավելի լավ հնարավոր չի ասել. «Ով խառնվում է քաղաքականությանը, պետք է պատրաստ լինի ե՛ւ օրհնանք, ե՛ւ անեծք լսելու»։

Իմքայլականների հեղհեղուկությունը հուշում է, որ հեղափոխությամբ իշխանության հասածներից շատերն էժանագին բաժակաճառերի սիրահարներ են։

Ցավում եմ։