10.04.2019 11:00

ԿԱՀ նախագահը խուսափել է պատասխանել Պրիգոժինի մասին հարցին

ԿԱՀ նախագահը խուսափել է պատասխանել Պրիգոժինի մասին հարցին

Կենտրոնաֆրիկյան Հանրապետության նախագահ Ֆոստեն-Արկանժ Տուադերան խուսափել է պատասխանել իր երկրում ռուսաստանցի գործարար Եվգենի Պրիգոժինի ակտիվության մասին հարցին:

Պետերբուրգցի ձեռներեցը, որին մամուլում անվանում են «Պուտինի խոհարար» և կապում «Վագների մասնավոր ռազմական ընկերության» հետ, BBC-ի տվյալներով՝ լայն հետաքրքրություններ ունի ԿԱՀ-ում:

Տուադերան Վաշինգտոն է ժամանել  ամերիկյան ներդրումներ ստանալու հույսով: Երեքշաբթի նա հանդես է եկել Վաշինգտոնի խաղաղության ինստիտուտում, ապա կարճատև շփում է ունեցել լրագրողների հետ: BBC-ի հարցին՝ հանրապետությունում Պրիգոժինի ազդեցիկության մասին, և թե բացի ալմաստի, ոսկու արդյունահանումից ու նաև փայտամշակման համալիրից՝ է՛լ որ ոլորտներում են գործում Պրիգոժինի կառույցները, Տուադերան պատասխանել է, թե «տնտեսության այդ բոլոր սեկտորներն ազատականացված են» և բաց են արտասահմանցիների համար՝ «ամերիկացի լինեն, թե ֆրանսիացի, չինացի կամ ռուս, կարևորը՝ որ նրանց գործունեությունը համապատասխանի սահմանադրությանը»: Պրիգոժինի շահերի մասին հարցը նախագահն անտեսել է և ոչ մի անգամ նրա անունը չի տվել:

Հունվարին BBC-ն մանրամասն գրել է «Պուտինի խոհարարի» գործունեության մասին ԿԱՀ-ում: ԶԼՄ-ների տավյալներով՝ Պրիգոժինի կողմից ֆինանսավորվող Վագների մասնավոր ռազմական ընկերության մարտիկները ԿԱՀ-ում ուսուցանում են ժանդարմներին և տեղի զինված ուժերի զինվորներին:

«Նրանք այնտեղ ռազմականացված խումբ ունեն՝ Վագների խումբը, որն զբաղվում է ոչ միայն տեղի զինվորականների ուսուցմամբ, այլև ազդեցություն ունի կառավարության ամենաբարձր մակարդակներում, ներառյալ նախագահը»,- Ներկայացուցիչների պալատում լսումների ժամանակ հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի աֆրիկյան հրամանատարության ղեկավար Թոմաս Վալդհաուզերը:

Փոխանցում է BBC-ն: