10.04.2019 12:29

ՄԻԵԴ. Նավալնու տնային կալանքը քաղաքական դրդապատճառներ է ունեցել

ՄԻԵԴ. Նավալնու տնային կալանքը քաղաքական դրդապատճառներ է ունեցել

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ստրասբուրգում բավարարել է քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնու բողոքը «Իվ Ռոշեի» գործով իրեն տնային կալանքի ենթարկելու վերաբերյալ:

ՄԻԵԴ-ի կարծիքով՝ ազատության սահմանափակումը խախտել է քաղաքական գործչի իրավունքները և քաղաքական դրդապատճառներ է ունեցել:

Ստրասբուրգի դատարանը որոշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը պետք է Նավալնուն վճարի 20 հազար եվրո՝ որպես փոխհատուցում բարոյական վնասի դիմաց: Դատարանի կարծիքով՝ Նավալնու կալանավորումը օրինական նպատակներ չի հետապնդել, այլ հարկավոր է եղել միայն ընդդիմադիր գործչին մեկուսացնելու համար: ՄԻԵԴ-ը որոշել է, որ հայցվորի ազատության իրավունքի սահմանափակումը «քաղաքական բազմակարծությունը ճնշելու» նպատակ է հետապնդել:

Նավալնին 10 ամիս տնային կալանքի տակ է եղել 2014 թ. «Իվ Ռոշեի» գործով հետաքննության և դատավարության  ժամանակ: Բացի նրանից՝ դատում էին նաև նրա եղբորը՝ Օլեգին, որը դատապարտվեց 3,5 տարի իրական ազատազրկման, իսկ Ալեքսեյ Նավալնին պայմանական ժամկետ ստացավ:

Փոխանցում է BBC-ն: