10.04.2019 15:17

Էրդողան. Ստամբուլի ընտրություններում խախտումների պատճառով դրանք կարող են չեղարկվել

Էրդողան. Ստամբուլի ընտրություններում խախտումների պատճառով դրանք կարող են չեղարկվել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ենթադրել է, որ Ստամբուլի ընտրություններում բացահայտված խախտումների պատճառով քվեարկության արդյունքները կարող են չեղյալ հայտարարվել: Նման հնարավորության մասին Թուրքիայի առաջնորդը հայտնել է Ռուսաստանից վերադառնալու ճանապարհին, որտեղ նա բանակցություններ է անցկացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

«Եթե այնպիսի քաղաքում, ինչպիսին Ստամբուլն է, որտեղ, ըստ էության՝ 11 մլն ընտրող է ապրում, ձայների տարբերությունը կազմում է ընդամենը 30 հազար, իսկ հետո բողոքարկման արդյունքում այդ թիվը կտրուկ ընկնում է մինչև 13 հազար, ապա մենք պետք է շարունակենք պայքարը: Անհրաժեշտ է փարատել բոլոր կասկածները: Այս իրավիճակը կարող է հանգեցնել նույնիսկ ընտրությունների չեղարկման»,- ընդգծել է Էրդողանը:

ԿԸՀ-ն դեռևս քննարկում է Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների արդյունքների բողոքարկումը: Եթե Էրդողանը հայտարարում է քվեարկության ընթացքում բազմաթիվ խախտումների մասին, ապա ընդդիմությունը հայտարարում է, որ նույնիսկ ձայների վերահաշվարկի արդյունքները կլինեն իր թեկնածուի՝ Էքրեմ Իմամօղլուի օգտին: Նախնական ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ նա «Արդարության և զարգացման կուսակցության» կողմից առաջադրված նախկին վարչապետ և խորհրդարանի խոսնակ Բինալի Յիլդիրիմից առաջ է անցել 14 հազար ձայնով:

Փոխանցում է tass.ru-ն: