10.04.2019 16:42

2006. Օսկանյանը «սաստում է» ԼՂՀ նախագահին՝ բանակցությունների երկկողմ ֆորմատը քննադատելու համար

2006. Օսկանյանը «սաստում է» ԼՂՀ նախագահին՝ բանակցությունների երկկողմ ֆորմատը քննադատելու համար

ԼՂ հիմնախնդրի հարցում նորից ակտիվացել է բանակցություններում ԼՂ մասնակցության հարցը: 1998-ից հետո, առաջին անգամ այդ հարցը բարձրացնում է Հայաստանի իշխանությունը: Ու թեեւ 1998-ից հետո իշխանության եկած ուժերի ներկայացուցիչները հայտարարում էին, թե իրենք միշտ էլ այդ հարցը բարձրաձայնել են, եւ որ Լեռնային Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ, իրականում բոլորին էլ հայտնի է, որ մինչեւ 2018-ի հեղափոխությունը այդ հարցը բարձրաձայնվել է, մեղմ ասած, խիստ լղոզված եւ ձեւական, եւ ապա՝ լիովին այլ կոնտեքստում՝ Լեռնային Ղարաբաղը բանակցություններին պետք է մասնակցի ոչ թե սկզբունքների համաձայնեցման փուլում, այլ դրանց համաձայնեցումից հետո, այսինքն՝ առանց ձայնի իրավունքի:  

Այնինչ, հիշեցնենք, մինչեւ 1998 թվականը ներառյալ (երբ բանակցային երեք կողմերին ներկայացվեց «Ընդհանուր պետության» տարբերակը) Լեռնային Ղարաբաղին՝ որպես բանակցությունների լիիրավ կողմ, ներկայացվում էին կարգավորման սկզբունքների շուրջ փաստաթղթերը՝ «այո» կամ «ոչ» ասելու իրավունքով: Այսինքն, եթե ԼՂՀ իշխանությունները «ոչ» էին ասում ներկայացվող կարգավորման սկզբունքների շուրջ փաստաթղթին, այն այլեւս չէր քննարկվում:

Բանը հասել էր նրան, որ բանակցությունների միայն վերջնական փուլում Լեռնային Ղարաբաղի միանալու մասին բացահայտ հայտարարում էին արդեն միջնորդները:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Բեռնար Ֆասյեն Երեւանում հայտարարում էր. (2008)

«ԵԱՀԿ ՄԽ-ն միշտ ամբողջական տեղեկատվություն է տրամադրում բանակցային գործընթացի մասին Լեռնային Ղարաբաղի ղեկավարությանը: Լեռնային Ղարաբաղը բանակցային գործընթաց վերադարձնելու անհրաժեշտություն չկա: 1998 թվականին, երբ Հայաստանի նախագահ դարձավ Ռոբերտ Քոչարյանը, մենք ճիշտ համարեցինք, որ հենց Հայաստանը պետք է ներկայացնի Լեռնային Ղարաբաղին բանակցություններին: Այսօր ձեւաչափի փոփոխությունը աննպատակահարմար է, եւ դա ԵԱՀԿ ՄԽ գործը չէ: Անգամ եթե փոփոխվի ձեւաչափը, ապա բավական շատ ժամանակ կպահանջի»:

ՄԽ ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը հայտարարում էր. (2009)

«Ղարաբաղը պետք է դառնա ԼՂ խնդրի կարգավորման շուրջ ընթացող բանակցությունների մասնակից: Նման մասնակցություն պետք է լինի, և մենք ակնկալում ենք, որ կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության գալու պարագայում դրանց հիման վրա կսկսվի համաձայնագրի տեքստի մշակումը, Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները կմասնակցեն այդ գործընթացին այն ձևաչափով, որի շուրջ կողմերը համաձայնության կգան: Մանավանդ, որ ապագա համաձայնագրի կետերի կեսը նրանց կյանքին է վերաբերելու»:

Ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզյան հայտարարում էր. (2009)

«Ինչ-որ փուլում Ղարաբաղը կդառնա բանակցային կողմ, բայց թե որ փուլում, ես չեմ կարող ասել: Ստեփանակերտը այժմ էլ կատարում է իր դերը, մենք միշտ լսում ենք ԼՂՀ բնակիչների եւ ներկայացուցիչների կարծիքը: Բայց ԼՂՀ-ի պաշտոնական ներկայությունը  կախված է կողմերի ցանկությունից: Այդպես եղել է նախկինում . ԼՂՀ-ն բանակցային կողմ էր, բայց Հայաստանը որոշում կայացրեց, եւ հանեց գործընթացից ԼՂՀ-ի ներկայացուցչին: Իսկ հիմա, եթե լինի նոր որոշում, դա պետք է համաձայնեցվի կողմերի հետ' եւ Բաքվի, եւ Երեւանի: Սպասում ենք դրան»:

Իսկ ինչո՞ւ էին միջնորդները այդպիսի պնդումներ անում: Որովհետեւ իրականում այդպիսին էր նաեւ Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը:

2006՝ Ղուկասյան-Օսկանյան «փոխհրաձգություն»

2006 թվականին՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Մադրիդյան սկզբունքների համաձայնեցումից մեկ տարի առաջ, բանակցություններում ԼՂ իշխանությունների մասնակցության հարցը նորից ակտիվ քննարկման առարկա էր դարձել: Քննարկման առիթն էր դարձել էր ԼՂՀ այն ժամանակվա նախագահ Արկադի Ղուկասյանի հայտարարությունը:

Մասնավորապես, 2006 թվականի փետրվարին Մոսկվա կատարած այցի ժամանակ Ղուկասյանը հարցազրույց է տալիս «Ազատություն» ռադիոկայանին, որի ընթացքում բարձրաձայնում է բանակցություններին ԼՂ մասնակցության հարցը:

«Քանի դեռ Հայաստանը խոսում է Ադրբեջանի հետ առանց Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանը չի համաձայնի բանակցել Ղարաբաղի հետ: Բնական է, որ Ադրբեջանը շահագրգռված է բանակցել միայն Հայաստանի հետ, որովհետեւ լավ քարոզչական էֆեկտ ունեն այդ ֆորմատից՝ փորձելով ապացուցել, որ Հայաստանը ագրեսոր է, գրավել է Ադրբեջանի տարածքները: Ես մի բանաձեւ ունեմ. երբ Ադրբեջանը խոսում է միայն Հայաստանի հետ՝ զբաղվում է պրոպագանդայով: Իսկ երբ սկսի խոսել Լեռնային Ղարաբաղի հետ, ինձ համար ազդանշան կլինի, որ Ադրբեջանը փորձում է հարցը կարգավորել», -ասում է Ղուկասյանը:

Ղուկասյանի այս հայտարարությանը շտապում է արձագանքել ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը՝ հայտարելով, թե մամուլը ճիշտ չի ներկայացնում Ղուկասյանի մոտեցումները:

«Մենք ամբողջությամբ ծանոթ ենք ԼՂՀ նախագահ պարոն Ղուկասյանի ասածներին եւ կարծում ենք, որ հայկական մամուլի խորագրերն այնքան էլ ճիշտ չեն մատուցում նրա ասածների էությունը, ինչ վերաբերում է բանակցություններից Հայաստանի դուրս գալու հրամայականին:

Կար ժամանակ, երբ Հայաստանի դիրքորոշումը հետեւյալն էր. Հայաստանի համար ընդունելի կլիներ այն, ինչ կպայմավորվեին Լեռնային Ղարաբաղը եւ Ադրբեջանը: Սակայն այդ օրերին մենք ստանում էինք այնպիսի առաջարկներ, որոնք բացարձակապես անընդունելի էին հայկական կողմի համար: Ակնհայտ է նաեւ, որ այլ պետություններ այլ կերպ են մոտենում ճանաչված պետությանը, քան չճանաչվածին:

Այն օրվանից, երբ Հայաստանն առավել ակտիվ է ներգրավված բանակցություններում, սեղանի վրա հայտնվում են այնպիսի առաջարկներ, որոնց սկզբունքները կարելի է քննարկել:

Համենայն դեպս, ընդհանուր պայմանավորվածություն կա համանախագահների հետ, եւ դա նույնիսկ Ադրբեջանն է ընդունում, սկզբունքների ճշտումից հետո Լեռնային Ղարաբաղը որպես կողմ իր մասնակցությունն է ունենալու համաձայնության մանրամասների շուրջ ընթանալիք քննարկումներին»,- պաշտոնական պարզաբանման մեջ հայտարարում է Օսկանյանը:

Բնական է, որ այսօր, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նորից խոսում է բանակցային իրական՝ եռակողմ ֆորմատին վերադառնալու անհրաժեշտության մասին, դրան փորձում են որոշակի առումով ընդդիմանալ նաեւ միջնորդները՝ պնդելով մինչեւ վերջինիս իշխանության գալը եղած բանակցային պայմանավորվածությունները իրագործելու անհրաժեշտությունը: Եւ միջնորդների այս մոտեցումն էլ բնական է: 20 տարի նրանք ունեցել են Հայաստանի իշխանությունների համաձայնությունն առ այն, որ Լեռնային Ղարաբաղը բանակցություններին պետք է միանա սկզբունքները համաձայնեցնելուց հետո միայն, այսինքն՝ չունենալով որեւէ փաստաթուղթ «տապալելու» իրավունք: Բնական է նաեւ, որ այս հարցում Փաշինյանին հեշտ ճանապարհ չի սպասվում՝ նա պետք է օգտագործի իր ամբողջ ներքին լեգիտիմությունն ու հեղինակությունը՝ դիվանագիտական ճանապարհով միջնորդ երկրների հետ առանձին աշխատանք տանելու համար՝ բանակցային ֆորմատը նորից ամբողջացնելու ուղղությամբ:

Բնական չէ միայն այն, երբ այս հարցում մատթափտվողական տոնով դեռ խոսում են նախկին իշխանությունների ներկայացուցիչները՝ հայտարարելով, թե Փաշինյանը փոշիացնում է իրենցից ժառանգություն ստացած բանակցային ֆանտաստիկ իրավիճակը: Մոռանալով, որ ամենամեծ ցանկության դեպքում անգամ հնարավոր չէ փոշիացնել այն, ինչ իրենք արդեն իսկ փոշիացրել էին 1998-ից հետո՝ բանակցությունները վերածելով Հայաստան-Ադրբեջան երկկողմ քննարկումների ֆորմատի:

Քրիստինե Խանումյան