11.04.2019 11:04

Reuters. Սուդանի նախագահ Օմար ալ-Բաշիրը հրաժարական է տվել

Reuters. Սուդանի նախագահ Օմար ալ-Բաշիրը հրաժարական է տվել

Սուդանի նախագահ Օմար ալ-Բաշիրը հրաժարական է տվել, հաղորդել է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր կառավարական աղբյուրներին: Ներկայումս խորհրդակցություններ են անցկացվում՝ անցումային խորհուրդ ձևավորելու վերաբերյալ:

Անցյալ տարվա դեկտեմբերի կեսերից երկրում փոթորկվում էին ժողովրդական բողոքի ցույցեր, որոնք սկզբում տնտեսական բնույթ էին կրում. ցուցարարները իշխանություններին կոչ էին անում իջեցնել հացի և մյուս մթերքների գները:

Աստիճանաբար սկսեցին ի հայտ գալ նաև քաղաքական պահանջներ, որոնք վերաբերում էին արդեն 30 տարի նախագահի պաշտոնն զբաղեցնող Օմար ալ-Բաշիրի գրեթե միանձնյա ռեժիմը փոխելուն: Բողոքի ցույցերի կենտրոնը դարձավ երկրի մայրաքաղաքում պաշտպանության նախարարության շենքերի համալիրը, որը նախագահական նստավայրից քիչ հեռու էր:

Ինչպես հաղորդում են ընդդիմադիրներն ու իրավապաշտպանները, մի քանի ամիսների ընթացքում սպանվել է առնվազն 60 մարդ, հարյուրավորները տուժել են, մի քանի հազար հոգի ձերբակալվել է:

Փոխանցում է euronews-ը: