11.04.2019 11:30

Թրամփը Մյուլլերի հետաքննությունն անվանել է «հեղաշրջման փորձ»

Թրամփը Մյուլլերի հետաքննությունն անվանել է «հեղաշրջման փորձ»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ գլխավոր դատախազին հանձնարարել է պարզել, թե ով և ինչու էր սկսել այն մեղադրանքների հետաքննությունը, թե Ռուսաստանն աջակցել է իր նախընտրական մրցապայքարին:

Թրամփը հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի հետաքննությունն անվանել է «հեղաշրջման փորձ»:

Միևնույն ժամանակ գլխավոր դատախազ Ուիլյամ Բառն ասել է, թե կարծում է, որ ամերիկյան հատուկ ծառայությունները հետևել են Թրամփի նախընտրական շտաբի գործունեությանը, և դեռ պարզ չէ, թե ինչ հիմքով:

Հատուկ ծառայությունների ներկայացուցիչները մինչև հիմա ասում էին, որ հետևել են Ռուսաստանի լրտեսական գործունեությանը, այլ ոչ թե Թրամփի շտաբին:

Ի դեպ, Մյուլլերի հետաքննությունը Ռուսաստանի հետ Թրամփի կամ նրա շրջապատի որևէ գործարքի վերաբերյալ ապացույցներ չգտավ: Սակայն չորեքշաբթի օրը լրագրողների հետ զրույցում Թրամփը հերթական անգամ ասել է, որ Մյուլլերի հետաքննությունն ինքնին անօրինական էր:

«Դա հեղաշրջման փորձ էր: Դա նախագահից ազատվելու փորձ էր: Եվ մենք նրանց հաղթեցինք: Մենք հաղթեցինք»,- ասել է Թրամփը:

Փոխանցում է BBC-ն: