11.04.2019 12:00

Արսեն Գրիգորյան. Հեղափոխության ավելորդ բառերը

Արսեն Գրիգորյան. Հեղափոխության ավելորդ բառերը

«Հեղափոխության սլաքները բոլոր հեռուստաընկերություններ չեն հասել»: Այս տողի հեղինակը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր է: Նա դժգոհել է, որ որոշ հաղորդավարներ ծաղրում են բանախոսին:

Համաձայն լինենք նրա հետ, թե ոչ, բայց ծաղրելը իշխանական պատգամավորի համար այլ բան է, լրագրողի համար՝ այլ: Լրագրողը կարող է հարցնել, թե հեղափոխությունը տեղի ունեցավ, որովհետեւ Հայաստանին չէին վստահում ու ներդրումներ չէին անում, իսկ հիմա ներդրումների աճ չկա, արդյո՞ք հեղափոխությունը գրավիչ չէ: Ընկերներ, հեղափոխությունը լենինյան «Ապրիլյան թեզիսներ» չէ: Մի շտապեք այն պարտադրել: Հեղափոխության արժեքները իրենց հունը կգտնեն այս մի մատ երկրում: Այս հեղափոխությունը վաղ թե ուշ երկրի ներսում թշնամիներ չի ունենա, եթե հանկարծ այդպիսի հայտարարություններով դուք չորոշեք ուղղակի խցկվել մարդկանց գլուխները:

Մամուլը ինչպիսին էլ լինի, եթե անաչառության խնդիր ունի, չի կարող կանգնել հեղափոխության շարքում, չի կարող հաճելի լինել հեղափոխականների քիմքին: Այլ խնդիր, եթե մամուլն ուզում է լինել արտաքին ուժերի գործիք, այլ խնդիր, եթե նա որպես հեղափոխության այլընտրանք մատնանշում է այնպիսի մի մեռելի, ինչպիսին ՀՀԿ-ն է: Բայց նույնիսկ այդ դեպքում առողջարար չէ, երբ իշխանական պատգամավորը հեռուստաալիքներում փնտրում է հեղափոխության ուրվականը: Չէ՞ որ պատգամավորն այդպիսով անհամեստ է վարվում, նա ուզում է, որ բոլորը դավանեն իր «հմայքը», որը հեղափոխությունն է: Եթե հեղափոխությունը հմայիչ է, ի վերջո բոլորն են գայթակղվելու, չէ՞ որ այդ հմայքը, ի վերջո, ժողովրդական ծնունդ է, այսինքն, յուրաքանչյուրն էլ մի թել է տվել այդ հմայքին: Նրանք, ովքեր դուրս են մնացել այդ հմայքի փայատիրությունից, ի վերջո չեն կարողանալու իրենց «հմայքն» առաջարկել ավելի մրցունակ լինելու համար:

Մի ուղղորդեք մարդկանց «սերը» կամ ճաշակը: Դուք արդեն գրոհում եք մարդկանց ընտրելու իրավունքի վրա: Եթե նրանք ակնհայտ հակահեղափոխականներ են, համենայնդեպս՝ առայժմ սահմանադրական է նրանց հակակրանքը: Հեղափոխությունը նախ ընտրելու իրավունքն է, եթե ինչ-որ մեկն ուզում է դոփել տեղում, ինչպես վարվել է ՀՀԿ-ի օրոք, մի օր տեսնելու է, որ անապատում է եւ ոչ մեկին չի կարող ապավինել ջրին հասնելու համար: Անապատն ամենուր է, որտեղ ինչ-որ մեկի կամքն է, ժամանակին այս պետության մեջ իշխում էր ՀՀԿ-ի կամքը, եւ մենք տեսանք, թե ինչի էր վերածվում Հայաստանը: Ոմանք, այո, ծարավի են այդ անապատին: Բայց դա նրանց ընտրությունն է, նրանք դեռ իներցիայի մեջ են, եւ նրանց հետ՝ մի քանի հազար հոգի:

Նրանք իրենց հեռուստաընկերություններն ունեն, որոնցում քարոզում են իրենց անապատը: Որովհետեւ կենսունակության այլ միջավայրի սովոր չեն: Ես տեսնում եմ, որ նրանք ի վերջո կողմնորոշվելու են դեպի հեղափոխության արժեքները, բայց ես վախենում եմ, երբ հեղափոխության կողմնակիցները խոսում են «հեղափոխության սլաքները» պատվաստելու մասին: Դրանից թավշյա բռնապետության հոտ է գալիս: Ամենակարեւորում նրանք մեծամասնություն չեն՝ դա նոր Հայաստանի թթվածինը վայելած ժողովուրդն է: Իսկ թթվածին տեսած թոքերն այլեւս չեն վազի դեպի սմոգ: Եթե, իհարկե, սմոգը չգա այնտեղից, որտեղից նրանք ամենից քիչ են սպասում: Կարճ ասած՝ հեղափոխությունը դեռեւս չունի այն բառերը, որոնք կբյուրեղացնեն թթվածինն այնպես, որ քոչարյանական հեռուստաընկերությունները ինքնաոչնչացնող անհարմարություններ զգան: Փոխարենը քիչ չեն ավելորդ բառերը: