Հնդկաստանում խորհրդարանական ընտրություններ են

Այսօր մեկնարկում են ժամանակակից պատմության ամենալայնածավալ դեմոկրատական ընտրությունները. Հնդկաստանում նոր խորհրդարան են ընտրում:
Կուսակցությունները պետք է պայքարեն հնդկական խորհրդարանի ստորին պալատի 543 տեղերի համար: Այն կուսակցությունը, որը կստանա 272 կամ ավելի տեղ, կարող է կառավարություն ձևավորել, իսկ նրա առաջնորդը կդառնա երկրի վարչապետը:
Գործող վարչապետ Նարենդրա Մոդին, որը գլխավորում է իշխող «Հնդկական ժողովրդական կուսակցությունը», փորձելու է կրկնել 2014 թ. հաջողությունը: Նախորդ ընտրություններից առաջ Մոդին խոստացել էր Հնդկաստանը դարձնել տնտեսական և ռազմական գերտերություն:
Մոդիի մրցակիցը Ռահուլ Գանդին է՝ Ինդիրա Գանդիի թոռը, նա գլխավորում է ընդդիմադիր «Հնդկական ազգային կոնգրեսը»: Գանդին պարբերաբար Մոդիին մեղադրում է երկրի ժողովրդավարական ինստիտուտները ոչնչացնելու մեջ:
Այս ընտրությունները աշխարհի ամենաթանկ ընտրությունները կլինեն. Հնդկաստանը դրանց վրա ծախսելու է 7 մլրդ դոլար: Դա մեկ ընտրողի հաշվով մոտավորապես 8 դոլար է անում՝ մի երկրում, որտեղ բնակչության գրեթե կեսը, Համաշխարհային բանկի տվյալներով, ապրում է օրական երեք դոլարից պակաս գումարով:
Նախորդ ընտրություններում ձայնի իրավունք ուներ երկրի 830 մլն բնակիչ, այս անգամ՝ գրեթե 900 մլն:
Փոխանցում է BBC-ն: