12.04.2019 09:00

Ծանրամարտիկ Հակոբ Մկրտչյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Դավիթ Հովհաննիսյանը՝ բրոնզե մեդալակիր

Ծանրամարտիկ Հակոբ Մկրտչյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Դավիթ Հովհաննիսյանը՝ բրոնզե մեդալակիր

Հակոբ Մկրտչյանը ոսկե մեդալակիր դարձավ Վրաստանի Բաթումի քաղաքում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 89 կգ քաշային կարգում:

2018թ. Եվրոպայի Մ-23 առաջնության ոսկե մեդալակիր, Նանջինգ-2014 պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոն Հակոբ Մկրտչյանը երկամարտում գրանցեց 371 կգ (164+207) արդյունք: Նա Եվրոպայի ռեկորդ սահմանեց երկամարտում: Եվրոպայի առաջնությունում սա Հայաստանի առաջին մեդալն էր երկամարտում:

ՀԱՕԿ-ի կայքից տեղեկանում ենք, որ այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ, Եվրոպայի երիտասարդական չեմպիոն ու փոխչեմպիոն Դավիթ Հովհաննիսյանը երկամարտի 360 կգ (165+195) արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր: Պոկում վարժությունում 22-ամյա Հովհաննիսյանը 165 կգ արդյունքով նվաճեց փոքր բրոնզե մեդալ: Նա հաջող կատարեց բոլոր՝ 6 մոտեցումները:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից Իզաբելլա Յայլյանը (59 կգ) պոկում վարժությունում նվաճել էր փոքր արծաթե մեդալ եւ 5-րդ տեղը գրավել երկամարտում, Արմեն Գրիգորյանը (73 կգ) 9-րդն էր, իսկ Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ)՝ 8-րդը: 2016թ.Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը (81 կգ) չէր կարողացել քաշ գցել եւ զրկվեց մրցմանը մասնակցելու իրավունքից:

Հայաստանի հավաքականի կազմում Բաթումի են մեկնել նաեւ Լիաննա Գյուրջյանը (81 կգ), Տաթեւ Հակոբյանը (87 կգ), Արփինե Դալալյանը (+87 կգ), Արսեն Մարտիրոսյանը եւ Սամվել Գասպարյանը (102 կգ), աշխարհի չեմպիոն, օլիմպիական փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանն ու Ռուբեն Ալեքսանյանը (+109 կգ):