12.04.2019 12:29

«1+1» հեռուստատեսությունը դատի է տալիս Պոռոշենկոյին

«1+1» հեռուստատեսությունը դատի է տալիս Պոռոշենկոյին

Ուկրաինական «1+1» հեռուստատեսության ղեկավարությունը մտադիր է դատի տալ Պյոտր Պոռոշենկոյին՝ հեռարձակողի հասցեին նրա հնչեցրած մեղադրանքերի, ինչպես նաև այն լեզվակռվի համար, որ նա սարքել էր նախագահական ընտրությունների երկրորդ փուլում իր մրցակից Վլադիմիր Զելենսկու հետ՝ տաղավարում հայտնվելով առանց հրավերի: Այդ մասին այսօր տեղեկացրել է 1+1 Media խմբի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Տկաչենկոն:

Վերջինիս պատմելով՝ հինգշաբթի երեկոյան հեռուստատեսությունում «Իշխանության իրավունք» ծրագրի նախապատրաստման սովորական աշխատանքներն էին ընթանում, որտեղ պիտի ելույթ ունենային փորձագետներ, բայց ո՛չ նախագահի պաշտոնի թեկնածուներ:

«Եվ հանկարծ, առանց ազդանշանների ու թիկնապահների, Դովժենկոյի անվան ստուդիայի բակ է մտնում նախագահն ինքը, ընդ որում՝ հայտնի չէ, թե նա ինչ կարգավիճակով է այդտեղ եկել՝ թեկնածուի՞, թե՞ նախագահի: Եվ ասում է. «Եկել եմ դեբատների»,- պատմել է Տկաչենկոն:- Նրան ներս են թողնում: Բա ինչ անեին, նախագահի կարգավիճակը ոչ ոք չի վերացրել»:

 Ընդ որում, գլխավոր տնօրենի կարծիքով՝ Պոռոշենկոն հաստատ գիտեր, որ նրա մրցակիցն այդ պահին Ֆրանսիայում է, որտեղ նախատեսված էր նրա հանդիպումը նախագահ Էմանյուել Մակրոնի հետ: «Եվ այդ պահին Փարիզից զանգահարում է Վլադիմիր Զելենսկին, ու ամեն ինչ տեղն է ընկնում»:

Քաղաքական մրցակիցների խոսակցությունը տեղի է ունենում բարձր տոներով, հաղորդավարը ստիպված միջամտում է նրանց լեզվակռվին, որը վերաբերում էր դեբատների անցկացման ամսաթվին: Բացի այդ, Զելենսկին Պոռոշենկոյին հրապարակավ հայտարարում է, թե օդանավակայանի ճանապարհին նկատել է, որ իրեն ինչ-որ ավտոմեքենաներ են հետևում:

«Հեռուստաալիքը Պյոտր Պոռոշենկոյի հարցով կդիմի դատարան՝ հեռուստաալիքի հասցեին նրա մեղադրանքերի համար, այն դեպքում, երբ ինքը խայտառակ ձևով ներխուժել էր մասնավոր ընկերության եթեր՝ օգտվելով պետության ղեկավարի իր ստատուսից»,- հայտարարել է Տկաչենկոն:

«Սպասեք երկուշաբթիին: Այդ թվում նաև «1+1»-ի հասցեին նախկինում հնչած մեղադրանքների համար: Մի երկրում, որն իրենից թոթոփում է ձեր ստերը, դա արդեն հնարավոր է: Արդեն ետհաշվարկ է ընթանում՝ մնացել է ընդամենը 9 օր»,- հայտարարել է Տկաչենկոն:

Փոխանցում է tass.ru-ն: